ad-banner-1
Պեդրի–Բարսա

Մի՞թե Պեդրին կրկին կբացակայի

Բարսելոնայի համար այս հինգշաբթի օրվա գլխավոր նորությունը Սիուտատ Էսպորտիվա Ժոան Գամպեր մարզաբազայում Պեդրիի բացակայությունն էր առավոտյան մարզումից։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Թիմի կիսապաշտպանը, որն ունի թեթև մկանային գերհոգնածություն, մարզվում է անհատական ծրագրով՝ նպատակ ունենալով պատրաստ լինել Վիլյառեալի դեմ հանդիպմանը։ Թեև առայժմ տագնապելու լուրջ առիթ չկա, այնուամենայնիվ բժշկական անձնակազմի որոշումն ու խաղացողի ինքնազգացողությունը կհստակեցնեն՝ կկարողանա՞ նա դուրս գալ Լա Սերամիկա մարզադաշտի խոտածածկ՝ դեղին սուզանավի դեմ, թե՞ ոչ։

Սա առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլիստը բաց է թողնում Բարսայի հանդիպումը ընթացիկ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին՝ Սանտյագո Բեռնաբեուում կայացած Ռեալ Մադրիդի դեմ Կլասիկոյից հետո, Պեդրին ստացել էր ձախ ոտքի մկանային պատռվածք։ Ճիշտ մեկ ամիս անց նա ստացավ բժիշկների թույլտվությունը և ժամանակին ընդգրկվեց Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղի հայտացուցակում՝ մասնակցելով վերաբացված Սփոթիֆայ Կամպ Նոուում անցկացված հանդիպման վերջին կես ժամին։

Բայց ինչպե՞ս են դասավորվել Բարսայի գործերը այս մրցաշրջանում՝ առանց Պեդրիի։ Ընթացիկ մրցաշրջանում Հանսի Ֆլիկը հինգ անգամ ստիպված է եղել հանդես գալ առանց 8 համարի՝ երեք հանդիպում Լա Լիգայում և երկու խաղ Չեմպիոնների լիգայում։

SPORT-ի նշմամբ, Իսպանիայի առաջնությունում կապտանռնագույնները իսպանացու բացակայությամբ վաստակել են հնարավոր ինը միավորը՝ տանելով երեք հաղթանակ՝ Էլչեի (3:1), Սելտայի (2:4) և Աթլետիկ Բիլբաոյի (4:0) նկատմամբ։ Սակայն իրավիճակը բոլորովին այլ է եղել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։

Կատալոնական ակումբի այս մրցաշրջանի ամենացավալի ձախողումներից երկուսը գրանցվել են հենց առանց Պեդրիի մասնակցության։ Երկուսն էլ տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայում՝ անսպասելի ոչ-ոքին (3:3) Բելգիայում՝ Բրյուգեի հետ, և ծանր պարտությունը (3:0) Լոնդոնում՝ Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում, Չելսիից։

Եթե թերթենք արխիվները, ապա նախորդ մրցաշրջանում Պեդրին բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում, այն էլ՝ ոչ վնասվածքի պատճառով։ Նա ստամոքսի խնդիրներ ուներ և բացակայում էր Մոնժուիկում Վալենսիայի դեմ խաղից, որն ավարտվեց Բարսայի ջախջախիչ հաղթանակով՝ 7:1 հաշվով։

Այսպիսով, Հանսի Ֆլիկին հաջողվել է գոյատևել առանց Պեդրիի, սակայն ֆուտբոլիստի բացակայությունը խաղադաշտում զգալիորեն ազդել է թիմի խաղաոճի և տրամադրվածության վրա։ Կարևորագույն հանդիպումներում թիմի խաղը տուժել է, իսկ Լա Սերամիկայում կայանալիք մրցավեճը խոստանում է դառնալ առաջնության ամենաբարդ փորձություններից մեկը։

Liana

Հեղինակ՝ Liana