Խառնաշփոթ, աղետ, դաս․ Ֆլիկի կոշտ գնահատականը պարտությունից հետո
Հանսի Ֆլիկը Մետրոպոլիտանո մարզադաշտում Բարսելոնայի կրած ծանր պարտությունից հետո խոսել է թիմի վիճակի և սպասվող խաղի մասին։ Բարսելոնան 4-0 հաշվով պարտություն կրեց, սակայն ամեն ինչ դեռ կարող է փոխվել պատասխան խաղում, որը տեղի կունենա մարտի 3-ին։ Ճեպազրույցը՝ ըստ AS-ի։
Ի՞նչ է պատահել՝ հաշվից զատ։
«Մենք որպես թիմ լավ չխաղացինք։ Իսկ երբ թիմային խաղը չի ստացվում, արդյունքն էլ չի լինում։ Խաղացողների միջև տարածությունը մեծ էր, պրեսինգը՝ թերի։ Երբեմն լավ է նման դաս ստանալ։ Հետագայում մենք ավելի լավ խաղացինք, բայց առջևում դեռ պայքար կա։ Մեզ սպասում են երկու 45-րոպեանոց խաղակեսեր, և յուրաքանչյուրում պետք է երկուական գոլ խփենք»։
Հիասթափվա՞ծ եք խաղացողներից։
«Երբ ասում եմ՝ հիասթափված եմ, գուցե դա ամենաճիշտ բառը չէ։ Ես հպարտ եմ այս մրցաշրջանում խաղացողների ցուցադրած աշխատանքով։ Մենք վնասվածքներ ունեցանք, և դա խաղի մի մասն է։ Երբեմն պարտվում ես։ Այսօրվա պարտությունը ծանր էր, բայց մենք կվերադառնանք։ Պետք է ընդունենք այս դասը։ Առաջին րոպեից լավ չխաղացինք։ Մենք երիտասարդ թիմ ունենք, սակայն դա արդարացում չէ։ Երկրորդ խաղակեսում արդեն ավելի լավ տեսք ունեինք»։
Ի՞նչ կարծիք ունեք չեղարկված գոլի մասին։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Խաղը սկսվեց դեղին քարտերով։ Բալդեի նկատմամբ առաջին խախտումը պետք է դեղին քարտ լիներ, և կարող էր լինել նաև երկրորդը։ Ինձ համար իրավիճակը խառնաշփոթ էր։ Մենք սպասեցինք շուրջ յոթ րոպե։ Չգիտեմ, թե ինչ էին փնտրում»։
Մրցավարությունը
«Ի՞նչ ուզում եք, որ ասեմ։ Բալդեի նկատմամբ առաջին իսկ խախտումը դեղին քարտի արժանի էր, և դա կարող էր փոխել խաղի ընթացքը։ Կարող էր լինել նաև երկրորդ դեղին քարտը»։
Կուբարսիի չեղարկված գոլը
«Որքա՞ն պետք է սպասեինք՝ յոթ րոպե՞ Ինձ համար դա ակնհայտ խաղից դուրս չէր։ Ես այն այլ կերպ եմ տեսնում։ Երբ գոլը չեղարկվեց, մեզ ոչինչ չասացին։ Հաղորդակցություն չկար։ Չեմ հասկանում, թե ինչու էր խաղից դուրս։ Ափսոս է։ Դա աղետ էր»։
Թիմի խաղը
«Առաջին խաղակեսը լավը չէր։ Երկրորդում փորձեցինք բարելավել իրավիճակը, սակայն դիմակայությունը դեռ ավարտված չէ։ Կա պատասխան հանդիպում։ Մենք կպայքարենք մինչև վերջ։ Մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը Կամպ Նոուում»։
Ընդմիջումը
«Ընդմիջմանը խաղացողներին մատնանշեցի այն իրավիճակները, որոնք պետք է շտկեինք։ Առաջին խաղակեսում ես չտեսա այն թիմը, որը ցանկանում եմ տեսնել։ Երկրորդ խաղակեսը նոր պատմություն էր։ Ստեղծեցինք հնարավորություններ»։
Կասադոյի փոխարինումը
«Ես ստիպված էի փոխել Մարկին, քանի որ նա արդեն դեղին քարտ ուներ, և կարմիր քարտ ստանալու վտանգ կար, թեև դաշտի կենտրոնում հաղթում էր բազմաթիվ մենապայքարներում»։
