Բարսելոնան կփոխարինի՞ Արաուխոյին
Բարսելոնայի գլխավոր առաջնահերթությունը Ռոնալդ Արաուխոյին (26 տարեկան) շարք վերադարձնելն է։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դադար էր վերցրել հոգեբանական խնդիրների պատճառով։ Նա թիմի ավագներից մեկն է, հանդերձարանի ամենասիրված խաղացողներից, և, բացի այդ, նրա վերադարձը թույլ կտա խուսափել տրանսֆերային շուկայում խոշոր ներդրումներից։ Հատկանշական է, որ դեռ նախորդ տարվա հունվարին կատալոնական ակումբը երկարաձգեց ուրուգվայցու պայմանագիրը մինչև 2031 թվականը՝ դրանով իսկ դրսևորելով մեծ վստահություն նրա նկատմամբ։
Այնուամենայնիվ, քանի որ ստեղծված իրավիճակն առնչվում է Ռոնալդի հոգեկան առողջությանը, ապաքինման վերաբերյալ կանխատեսումներ անելն առավել բարդ է։ Եթե մկանային, կապանների կամ ոսկրային վնասվածքների դեպքում նախադեպերը թույլ են տալիս համեմատաբար հստակ նշել լիարժեք ապաքինման ժամկետները, ապա հոգեբանական խնդիրների պարագայում հնարավոր չէ կանխատեսել ո՛չ վերջնական վերականգնման ժամանակահատվածը, ո՛չ էլ հավանական հետընթացը։
Mundo Deportivo-ի հղմամբ, Բարսելոնայում հստակ գիտակցում են, որ լավագույն տարբերակը Արաուխոյի վերադարձն է։ Այս լավատեսական սցենարի դեպքում ակումբի մտադրությունը կլինի տրանսֆերային շուկայում որոնել երիտասարդ և ոչ թանկարժեք կենտրոնական պաշտպանի, ում հնարավոր կլինի կատարելագործել՝ առանց անմիջապես հիմնական կազմում հանդես գալու ճնշման, ինչը սովորաբար ուղեկցում է Բարսելոնայի պես բարձրակարգ ակումբ տեղափոխվելուն։
Այս համատեքստում կապտանռնագույնները դիտարկում են նաև մի շարք երիտասարդ պաշտպանների, ովքեր ավելի քիչ հայտնի են, քան Գվարդիոլը կամ Բաստոնին, և, հետևաբար, չեն պահանջի աստղաբաշխական ներդրումներ։
