Բարսելոնայի տատանումները զայրացնում են Կանսելուին
Ժոաու Կանսելուի ապագան այս շաբաթ դարձել է բուռն քննարկումների առարկա․ պորտուգալացի պաշտպանը կանգնած է Ալ-Հիլալից հեռանալու շեմին։
Ինչպես արդեն նշել էինք՝ ֆուտբոլիստի հաջորդ հնարավոր հանգրվանների շարքում շրջանառվում է նաև Բարսելոնայի անունը, քանի որ խաղացողն ինքը մեծ ջանքեր է գործադրում Կատալոնիա վերադառնալու համար։ Այդուհանդերձ, Բարսան դեռևս հստակ որոշում չի կայացրել Կանսելուի հարցում՝ հատկապես հաշվի առնելով ակումբի ներկայիս տնտեսական վիճակը։
Միաժամանակ իրադարձությունների զարգացմանը հետևում է միլանյան Ինտերը, որն արդեն քայլեր է ձեռնարկել և, ըստ լուրերի, պատրաստ է պաշտպանին վերադարձնել Սերիա Ա։
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի վերջին տեղեկությունների համաձայն՝ Կանսելուն առնվազն մեկ-երկու օր արտոնյալ ժամանակ է խնդրել, որպեսզի Բարսելոնան հնարավորություն ունենա վերանայել իր դիրքորոշումը։ Աջ պաշտպանի առաջնահերթությունը Կատալոնիա վերադառնալն է, և թեև Ինտերն արդեն պատրաստ է ձեռք բերել նրան, խաղացողը ցանկանում է սպասել կապտանռնագույնների արձագանքին։
Զեկույցում նշվում է նաև, որ Ինտերն ու Ալ-Հիլալն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ Կանսելուն սաուդյան ակումբի կազմում անցկացրել է 45 պաշտոնական հանդիպում։ Քանի որ Աշխարհի առաջնությունը սարերի հետևում չէ, Կանսելուն ձգտում է վերադառնալ եվրոպական բարձրակարգ ֆուտբոլ՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի հիմնական կազմում իր տեղը ամրապնդելու համար։
Ինչ վերաբերում է Բարսելոնային, ապա Կանսելուի տրանսֆերը դեռևս քիչ հավանական է համարվում։ Ակումբն այս պահին ունի այլ առաջնահերթություններ, իսկ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը կարող է դառնալ լրացուցիչ ֆինանսական բեռ։
Թեև այսօր նախատեսված էր Բարսելոնայի ղեկավարության առանցքային հանդիպումը՝ պորտուգալացի պաշտպանի հարցը քննարկելու նպատակով, ամեն ինչ հուշում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում խաղացողը, ամենայն հավանականությամբ, կմիանա Ինտերին։
