Լևանդովսկին խոսել է կարիերայի ավարտի մասին
37-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «High Performance» փոդքաստին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի մասին։ Նա խոստովանել է, որ Բարսելոնա տեղափոխվելիս ակումբն իրենից ակնկալում էր երիտասարդներին կարգապահություն սովորեցնել, սակայն ժամանակի ընթացքում ինքն էլ սկսեց սովորել նրանցից։
Mundo Deportivo-ի հղմամբ, Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ չի վախենում ֆուտբոլային կարիերայի ավարտից և արդեն սկսել է ծրագրել իր կյանքը մեծ սպորտից դուրս։ Թեև նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, հարձակվողը չի բացառում ևս մեկ մրցաշրջանով Բարսելոնայում մնալու հնարավորությունը։
Պատրաստություն նոր փուլին
«Ես չեմ վախենում կարիերաս ավարտելուց, քանի որ արդեն նախապատրաստվում եմ դրան և այն գործերին, որոնցով զբաղվելու եմ ֆուտբոլից հետո»,- նշել է Լևանդովսկին։
Չնայած 37 տարեկան լինելուն՝ նա շարունակում է մտածել ապագայի մասին. կան առաջարկներ թե՛ եվրոպական, թե՛ ավելի էկզոտիկ ուղղություններից։
«Ես գիտակցում էի, որ ֆուտբոլն իմ կյանքի կարևորագույն մասն է, սակայն այն ամբողջ կյանքս չէ, հատկապես հիմա։ Երիտասարդ տարիքում միայն ֆուտբոլի մասին էի մտածում, իսկ այժմ հասկանում եմ, որ մոտ եմ վերջնագծին՝ լինի դա մեկ, երկու կամ չորս տարի հետո։ Ես ճնշում չեմ զգում։ Եթե մի օր մարմինս հուշի, որ ինչ-որ բան փոխվել է, ես պատրաստ կլինեմ հեռանալ»,- նշել է լեհ հարձակվողը։
Գերմանական խստությունից մինչև կատալոնական էմպաթիա
Լևանդովսկին բացահայտել է, որ Բարսելոնան իրեն հրավիրել էր նաև երիտասարդ կազմին սեփական փորձով կարգապահություն հաղորդելու նպատակով։ Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացել է, որ նոր սերնդի հետ շփման այլ մոտեցում է անհրաժեշտ. «Մյունխենի Բավարիայում մտածելակերպն այլ էր. այնտեղ ավելի փորձառու և կոշտ խաղացողներ էին։ Բարսելոնայում տեսա երիտասարդների, ովքեր պետք է սովորեին ավելի պահանջկոտ լինել սեփական անձի հանդեպ։
Երբ տեսա, որ տեղական մշակույթը տարբերվում է գերմանականից, ես ինքս էլ սկսեցի սովորել նրանցից՝ ապրումակցում և այն ամենը, ինչը շրջապատում է ֆուտբոլը։ Դա ինձ շատ օգնեց»։
Սերունդների բախում և փոխըմբռնում
Լևանդովսկին անկեղծացել է նաև սերունդների տարբերության մասին. «Ես ավելի մեծ եմ, քան այսօրվա որոշ խաղացողների հայրերը։ Օրինակ՝ Լամին Յամալի հորից էլ մեծ եմ։ Ինքս ինձ ասացի՝ «Արի՛, դու էլ պետք է սովորես նրանցից»։ Տեսնում եմ, որ նրանք ֆուտբոլը հիանալի են հասկանում։ Տարիներ առաջ, երբ մենք էինք նրանց տարիքին, ֆուտբոլն այնքան խորությամբ չէինք ընկալում, որքան այսօրվա երիտասարդները»։
