ad-banner-1

Ժոաու Կանսելուի հարցը ավարտական փուլում է

Պորտուգալացի եզրային պաշտպանի մերձավոր շրջապատից հայտնում են, որ նրա տեղափոխությունը կատալոնական ակումբ գրեթե կայացած փաստ է՝ հաշվի առնելով Բարսելոնայի կողմից ներկայացված առաջին պաշտոնական առաջարկը։

31-ամյա Ժոաու Կանսելուն մեկ երազանք ունի՝ կրկին հանդես գալ Բարսելոնայում, և թվում է, թե նա շատ մոտ է դրան հասնելուն։ Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վերջին ժամերի առաջընթացից հետո Կանսելուն համոզված է իր տեղափոխության հարցում։ Ինչպես հայտնել էր Mundo Deportivo-ն, ակումբում նրան համարում են ամենաիրատեսական տարբերակը, ինչի պատճառով նրա անունն արագորեն հայտնվել է մարզական տնօրեն Դեկուի առաջնահերթությունների ցանկում։

Այս տեղեկությունը հաստատել է նաև լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ ակումբն արդեն ներկայացրել է առաջին առաջարկը։ Պորտուգալացի պաշտպանն արդեն մեկ անգամ հանդես է եկել կապտանռնագույնների կազմում 2023–24 մրցաշրջանում՝ վարձավճարով տեղափոխվելով Մանչեսթեր Սիթիից։ 2024-ի ամռանը Դեկուն փորձեց պահել նրան, սակայն այդ ժամանակ Սիթին այլևս չէր ցանկանում վարձակալության տարբերակներ դիտարկել և ուզում էր վերադարձնել ներդրված գումարը։ Արդյունքում Կանսելուն 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց սաուդյան Ալ-Հիլալ։

Այժմ, չունենալով լավ հարաբերություններ մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ և պայմանագրի ավարտին ունենալով ընդամենը վեց ամիս, Կանսելուն ինքն է իրեն առաջարկել Բարսելոնային։ Նա հստակ հասկացնել է տվել, որ պատրաստ է զգալիորեն նվազեցնել իր աշխատավարձը՝ կրկին Բարսայի մարզաշապիկը կրելու համար։

Չնայած ակումբի համար առաջնահերթությունը կենտրոնական պաշտպանի ձեռքբերումն էր, Կանսելուի տարբերակն այժմ լրջորեն քննարկվում է, և արդեն իսկ արվել է առաջին քայլը։ Քանի որ ֆուտբոլիստի կամքը այս հարցում վճռորոշ է, նա մտովի արդեն Սպոտիֆայ Կամպ Նոուում է։

Կանսելուի հաղթաթղթերից մեկը նրա գործակալն է՝ Ժորժե Մենդեշը, ով սերտ հարաբերություններ ունի նախագահ Լապորտայի և Դեկուի հետ։ Մենդեշն այժմ անում է ամեն ինչ, որպեսզի իր հաճախորդի երազանքը իրականություն դառնա։ Մնում է սպասել և տեսնել, արդյոք ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի։ Ինսայդեր Դի Մարցիոն էլ նշում է, որ Կանսելուի տեղափոխությունը Բարսելոնա գրեթե կայացած է։

Liana

Հեղինակ՝ Liana