Յամալ. «Առանց նրանց դա անհնար կլիներ»
2024/25 մրցաշրջանը Բարսելոնայի համար կարելի է անվանել գրեթե կատարյալ։ Ակումբը պայքարել է չորս մրցանակների համար և նվաճել դրանցից երեքը՝ Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Միայն Չեմպիոնների լիգայում նրանք մի քայլով զիջեցին՝ կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվելով Ինտերին։ Սակայն մրցաշրջանի արժեքը միայն տիտղոսները չէին. Բարսելոնան կրկին ցուցադրեց այնպիսի խաղ, որն արդեն տարիներ շարունակ չէր երևում։ Թիմը ոչ միայն հաղթում էր, այլ յուրաքանչյուր խաղում տալիս էր իրական ֆուտբոլային շոու՝ երջանկացնելով երկրպագուներին։
Այս խաղային որակի երկու հիմնական հեղինակներն էին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և մրցաշրջանի գլխավոր բացահայտումը՝ Լամին Յամալը։ Ֆլիկը կարողացավ վերափոխել թիմը։ Նախորդ տարի հաջողության չհասած խաղացողներով նա կառուցեց վստահ, կարգապահ, բայց միաժամանակ ստեղծարար թիմ։ Նա նրանց տվեց ինքնավստահություն, կարգապահություն, և ինքն էլ դարձավ իսկական առաջնորդ՝ իր խաղային փիլիսոփայությամբ ու հանգիստ պահվածքով գրավելով թե՛ թիմի ներքին միջավայրը, թե՛ ակումբի շրջապատը։
Իսկ այդ կոլեկտիվ ուժի մեջ միշտ կա մեկը, ով առանձնանում է մյուսներից։ Այդ ֆուտբոլիստը Լամին Յամալն էր՝ մի տաղանդ, որը, ըստ մասնագետների, կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր արտիստը։ Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները և դրանք ապացուցում է ամեն խաղում։
Ակումբի լավագույն մարզիչն ու լավագույն ֆուտբոլիստը բնականաբար պատասխանեցին նաև մրցաշրջանի անհատական գնահատականներին։ MARCA պարբերականը նրանց դարձյալ առանձնացրեց՝ Հանսի Ֆլիկին փոխանցելով Միգել Մունյոսի անվան մրցանակը՝ որպես տարվա լավագույն մարզիչ, իսկ Յամալին՝ Դի Ստեֆանոյի անվան մրցանակը՝ որպես լավագույն ֆուտբոլիստ։ Պարգևները նրանց հանձնեցին Սանտ Հոան Դեսպիի մարզական քաղաքում, որտեղ ֆուտբոլիստը և մարզիչը ժամանել էին միասին՝ ակումբի հաղորդակցության տնօրեն Գաբրիել Մարտինեսի ուղեկցությամբ։
Լամինը, ով շուտով նոր արտաքին ոճով է ներկայանալու՝ մազերի վրա բաց շտրիխներով, բացահայտ ուրախ էր մրցանակի համար։ Նա շնորհակալություն հայտնեց MARCA-ին և իր թիմակիցներին՝ նշելով. «առանց նրանց դա անհնար կլիներ»։ Ֆուտբոլիստը զարմացած էր մրցանակի ծանրությունից, իսկ երբ տեսավ Ֆլիկին փոխանցվելիք մրցանակը, անմիջապես նշեց. «Ես դա ավելի շատ հավանեցի»։ Ֆլիկը, սակայն, իր մրցանակից հրաժարվելու տարբերակ նույնիսկ չէր քննարկում։
Մարզիչն էլ իր խոսքում ընդգծեց, որ սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունք է, բայց նաև այն չպետք է կուրացնի իրենց՝ նոր նպատակների ճանապարհին։
Կարևոր է նույն մակարդակի խաղը կրկնել ոչ թե անձնական հավակնությունների համար, այլ «քանի որ դա կնշանակի, որ Բարսան կրկին նվաճել է կարևոր տիտղոս»։
Ֆլիկի գնահատականը մրցաշրջանին
MARCA-ի հետ զրույցում Հանսի Ֆլիկը խոսեց մրցաշրջանի առանցքային պահերից։ Նա առանձնացրեց Սելտայի դեմ խաղը՝ որպես շրջադարձային պահ. «Երկրորդ մրցափուլի ընթացքում մենք հիանալի թիմ էինք՝ հոյակապ խաղով։ Հնարավոր է՝ այս պահին մենք չունենք այն վստահությունը, որը սովորաբար պետք է ունենանք և որն անհրաժեշտ է։ Բայց հիմա որոշ խաղացողներ վերադարձել են, և դա շատ կօգնի մեզ։
Մենք ֆանտաստիկ թիմ ունենք, և եթե բարձր մակարդակով խաղանք, ինչպես Վիգոյում, ամեն ինչ լավ կլինի։ Միջազգային դադարից հետո մեզ սպասում է ինը խաղ չորս շաբաթում։ Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ այս չորս շաբաթների վրա, որոնց ընթացքում պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում հաղթելու համար»։
Ֆլիկը նաև շնորհակալություն հայտնեց Միգել Մունյոսի անվան մրցանակին արժանանալու համար՝ հավելելով. «Սա մեծ պատիվ է, բայց նաև ցույց է տալիս, որ սա միայն իմը չէ։ Եվ՛ խաղացողները, և՛ մարզչական շտաբը ֆանտաստիկ աշխատանք են արել անցած մրցաշրջանում, և հենց դրա համար ենք մենք ստացել այս մրցանակը»։
Լա Լիգայի մասին Ֆլիկի դիտարկումները
Ֆլիկը, համեմատելով Գերմանիայի և Իսպանիայի առաջնությունները, չցանկացավ հստակ զուգահեռներ անցկացնել, բայց նշեց. «Չեմ ցանկանում համեմատել Լա Լիգան Բունդեսլիգայի հետ, բայց ասելու բան ունեմ այն մասին, ինչ տեսել եմ այստեղ։ Իսպանիայում յուրաքանչյուր թիմ ունի իր ինքնությունը և ցանկանում է խաղալ ֆուտբոլ։ Եվ դա ինձ դուր է գալիս, քանի որ հեշտ չէ պատրաստվել հաջորդ հանդիպմանը, երբ յուրաքանչյուր թիմ ունի իր տարբեր ինքնությունը»։
