ad-banner-1

Տոնի Կրոսը համաձայն չէ Ֆլիկի որոշումների հետ

Հոկտեմբերի 26-ին Սանտյագո Բեռնաբեուում Բարսելոնան 2:1 հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Խաղի ավարտից հետո հիմնական քննարկումը ոչ թե մրցավարական որոշումները կամ գոլային դրվագներն էին, այլ Հանսի Ֆլիկի ընտրած պաշտպանական կազմը։ Շատերի համար անսպասելի էր տեսնել, որ մեկնարկային կազմում հայտնվել է Էրիկ Գարսիան, մինչդեռ Ռոնալդ Արաուխոն մնում էր նստարանին և խաղին միանում միայն 74-րդ րոպեին։

Խաղից հետո Տոնի Կրոսը բաց տեքստով քննադատեց այդ որոշումը։ Գերմանացին նշեց, որ չի հասկացել, թե ինչու Արաուխոն դաշտում չէր հենց սկզբից՝ հաշվի առնելով մրցակցի արագ և ուժային հարձակվողներին։ Նրա կարծիքով, Արաուխոն այն խաղացողն է, ով կարող է ֆիզիկապես մրցել Մբապեի և Վինիսիուսի հետ։

Կրոսի խոսքերով՝ երբ թիմը բաց է խաղում և ազատ տարածքներ է թողնում պաշտպանությունում, կարևոր է ունենալ պաշտպան, որը կարող է հետապնդել արագ հարձակվողներին. «Արաուխոն ունի ֆիզիկական կարողություններ՝ հակառակորդներին հետապնդելու համար։ Նա կլիներ այս ոճի և այս մրցակցի համար կատարյալ խաղացող»։

Կիսապաշտպանը ընդգծեց, որ չի հասկացել Ֆլիկի որոշումը՝ Գարսիային դնել կենտրոնական գծում. «Ես չեմ հասկանում, թե ինչու Էրիկ Գարսիան խաղաց Կլասիկոյում, երբ մրցակցի առաջատարներն էին Մբապեն և Վինիսիուսը»։

Իր խոսքում Կրոսը նաև հիշեցրեց Ինյիգո Մարտինեսին՝ ընդգծելով, որ անցած մրցաշրջանում նա կարևոր դեր ուներ Բարսելոնայի պաշտպանությունում։ Մարտինեսը գուցե ամենաարագ պաշտպանը չէր, սակայն հիանալի էր ճնշումից դուրս գալու, խաղը կազմակերպելու և պաշտպանական կայունություն ապահովելու գործում։ Կրոսի համոզմամբ, նրա բացակայությունը նույնպես զգացվեց։

Բացի անհատական ընտրություններից, Կրոսը շեշտեց, որ Բարսան Կլասիկոյին մոտեցել էր թուլացած կազմով։ Թիմում բացակայում էին մի շարք հիմնական խաղացողներ, իսկ Հանսի Ֆլիկը նույնիսկ իրավունք չուներ գտնվելու պահեստայինների նստարանին։

«Բարսան ժամանեց շատ թուլացած կազմով՝ դարպասապահից մինչև մարզիչ։ Նրանք զրկված էին Ռաֆինյայի, Դանի Օլմոյի և Լևանդովսկու նման կարևոր խաղացողներից։ Դա իսկապես երևում է նման խաղերում»։

Կրոսի եզրակացությունը հստակ էր. Արաուխոյի տեղը պետք է լիներ դաշտում հենց սկզբից, և նրա բացակայությունը, ինչպես նաև Մարտինեսի բացակայությունը, ազդեցին խաղի վերջնական պատկերի վրա։ Բայց գերմանացին ավելացնում է, որ վստահ է՝ Բարսելոնան կվերականգնվի, երբ թիմը համալրվի։

Liana

Հեղինակ՝ Liana