Տեր Շտեգենի ընտրությունը վճռորոշ կլինի
Ձմեռային տրանսֆերային պատուհանի նախաշեմին Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագայի շուրջ լուրջ զարգացումներ են սկսվել։ Կատալոնական ակումբը պատրաստ է քննարկել դարպասապահի հնարավոր հեռացումը, եթե խաղացողը ցանկանա, և արդեն ստացել է առաջին պաշտոնական առաջարկը։
Թուրքական Բեշիքթաշը առաջարկել է մինչև մրցաշրջանի ավարտը ստանձնել գերմանացի դարպասապահի ամբողջ աշխատավարձը՝ ներառյալ 8 միլիոն եվրոյի չափով ոչ պարտադիր գնման տարբերակը։ Ակումբը Տեր Շտեգենին դիտարկում է որպես գլխավոր մարզական նպատակ՝ հաշվի առնելով Մերթ Գյունոքի անկայուն մարզավիճակը։
Fanatik-ի տեղեկություններով՝ Բեշիքթաշի սպորտային տնօրեն, գերմանացի Էդուարդ Գրաֆը, փորձում է համոզել դարպասապահին, որ Ստամբուլը կլինի լավագույն ընտրությունը՝ որպես հիմնական կազմի խաղացող լինելու և եվրոպական մրցաշարերում խաղաժամանակ ստանալու համար։ Ակումբը մշտական կապի մեջ է Բարսայի և խաղացողի ներկայացուցիչների հետ։
Ըստ SPORT-ի՝ Տեր Շտեգենը դեռևս չի քննարկել իր ապագան։ Նրա առաջնային նպատակը դեկտեմբերի կեսերին լիովին թիմի մարզումներին վերադառնալը և բժշկական թույլտվություն ստանալն է։ Գերմանացին չի պատրաստվում հրաժարվել Բարսայի հետ մինչև 2028 թվականը գործող պայմանագրից, սակայն պատրաստ է դիտարկել վարձակալության տարբերակ՝ խաղաժամանակ ստանալու և Գերմանիայի հավաքականում դիրքերը վերականգնելու համար։
Բլաուգրանան Ժոան Գարսիայի վնասվածքից հետո չի շտապում վերջնական որոշում կայացնել և սպասում է հենց դարպասապահի նախաձեռնությանը։ Մինչ այդ հնարավոր է, որ առաջիկա օրերին Պրեմիեր լիգայի ակումբներն էլ ներկայացնեն առաջարկներ։
