ad-banner-1

Սա՞ է Բարսելոնայի նոր երազանքի եռյակը

Յուվենսլի Օնստեյնը, Պատրիսիո Պասիֆիկոն և Համզա Աբդելկարիմը կենդանի հետևեցին Բարսելոնա-Կոպենհագեն հանդիպմանը՝ սպասելով իրենց տեղափոխությունների վերջնականացմանը։

Մոտ 45 000 հանդիսական ներկա գտնվեց նոր Կամպ Նոու մարզադաշտում կայացած եվրոպական առաջին խոշոր հաղթանակին։ Առաջին 45 րոպեները, ինչպես Օվիեդոյի դեմ խաղում, աչքի ընկան ավելի շատ անճշտություններով, քան որակյալ ֆուտբոլով։ Սակայն ընդմիջումից հետո Բարսելոնան կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հասնել ջախջախիչ հաղթանակի Կոպենհագենի նկատմամբ։

Տրիբունաներից խաղին հետևում էին երեք ֆուտբոլիստներ, որոնք պատրաստվում են միանալ ակումբին՝ Աբդելկարիմը, Պասիֆիկոնն ու Օնստեյնը։ Վերջին երկուսի տեղափոխություններն արդեն ընթացքի մեջ են, մինչդեռ եգիպտացի հարձակվողի գործարքը դեռևս վերջնականացման փուլում է։

Mundo Deportivo-ն հայտնել էր, որ ուրուգվայցի պաշտպան Պատրիսիո Պասիֆիկոն, ով առավոտյան անցել էր բժշկական հետազոտություն, ներկա կլինի մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը հետևելու համար։ Կենտրոնում և կիսապաշտպանությունում նույնպես խաղալու ունակ եզրային պաշտպանը Բարսելոնա է ժամանել իր գործակալ Գերման Կրասուսկիի և Սպորտինգ ակումբի նախագահ Դիեգո Ֆրանցինիի ուղեկցությամբ։

Պասիֆիկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Բարսա Աթլետիկը։ Մինչ պաշտոնական հայտարարությունը հայտնի է, որ նա վարձակալությամբ կմիանա պահեստային թիմին, իսկ կապտանռնագույնները ամռանը նրան գնելու իրավունք կունենան։

Հանդիպմանը ներկա էր նաև Յուվենսլի Օնստեյնը։ Հոլանդացի կենտրոնական պաշտպանը ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ նա գտնվում է պահեստայինների նստարանի հետևում տեղակայված պատվավոր օթյակներից մեկում։

Աբդելկարիմը առաջիններից էր, ով հայտնվեց ակումբի տեսադաշտում։ Բարսելոնան դեկտեմբերի վերջից փորձում է ավարտին հասցնել նրա տրանսֆերը։ Թեև սպասվում էր, որ գործարքը պաշտոնապես կհաստատվի հունվարի սկզբին՝ նրա 18 տարին լրանալուց հետո։

Այս երեք ֆուտբոլիստները միակը չեն, ովքեր Կամպ Նոուում նորամուտն են նշել որպես հանդիսական։ Նախորդ հանգստյան օրերին Բարսելոնա-Օվիեդո խաղին ներկա էր նաև Խոակին Դելգադոն՝ Բարսա Աթլետիկի վերջին նորեկը։ Նա վարձակալությամբ է տեղափոխվել Օվիեդոյի պահեստային թիմից և արդեն հասցրել է գոլի հեղինակ դառնալ իր դեբյուտային խաղում՝ Անդրատքսի դեմ հանդիպմանը։

Liana

Հեղինակ՝ Liana