ad-banner-1

Ֆլիկը նախաղային ասուլիսում խոստովանեց՝ հիասթափված է

Ֆլիկը հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով՝ Մարտինես Վալերո մարզադաշտում Էլչեի դեմ կայանալիք խաղի նախաշեմին։ Ճեպազրույցը` ըստ AS-ի.

Ինչպե՞ս եք մոտենում Էլչեի դեմ խաղին։

«Մոտենում են մրցաշրջանի վճռորոշ ու կարևոր պահերը, և յուրաքանչյուր հաջորդ խաղով հանդիպումների թիվը նվազում է։ Մենք պետք է լինենք զգոն և կենտրոնացած։ Խաղալու ենք Էլչեի դեմ. անցյալ տարի մեր հարկի տակ նրանք գնդակին ավելի շատ էին տիրում։ Էդերը ֆանտաստիկ աշխատանք է կատարել։ Նրանք շատ լավ են խաղում և շատ քաջ են։ Գրավիչ ֆուտբոլ ունեն և շատ հնարավորություններ են ստեղծում։ Ես հաճույքով եմ դիտում նրանց խաղը»։

Ինչպե՞ս կգնահատեք Մարկ Բերնալի վիճակը։

«Վստահ եմ, որ նա կլինի ակումբի ապագա առանցքային խաղացողը։ Նա իրեն լավ է դրսևորում, դուք դա տեսաք Կոպենհագենի դեմ խաղում, բայց նա երիտասարդ ֆուտբոլիստ է, ով ծանր վնասվածք էր ստացել։ Պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ. այժմ էական չէ՝ նա կխաղա 30, թե 40 րոպե։ Նա գոհ է իր առաջընթացից, բայց բնական է, որ ուզում է ավելի շատ խաղալ, ինչպես բոլորը, սակայն մենք պետք է զգույշ լինենք»։

Ձեզ անհանգստացնո՞ւմ է այն փաստը, որ պաշտպանական սխալները կարող են վտանգել տիտղոսների նվաճումը, հատկապես Չեմպիոնների լիգայում։

«Ի վերջո, մենք Բարսելոնայում ենք, և բնական է ցանկանալ հաղթել բոլոր տիտղոսները՝ Լա Լիգան, Արքայական գավաթը, Չեմպիոնների լիգան։ Դա հեշտ չէ։ Մենք պետք է տքնաջան աշխատենք և գործենք ավելի լավ, քան նախկինում։ Ինձ համար կարևոր է, որ այժմ յուրաքանչյուր խաղ չափազանց նշանակալի է, քանի որ մրցում ենք յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ։ Սպասելու և տեսնելու հնարավորություն չկա, թե ինչպես կդասավորվի խաղը. մենք պետք է հենց սկզբից ուժեղ լինենք և չսպասենք մինչև հանդիպման վերջնամասը։ Մեր վերաբերմունքն ու մենթալիտետը լավն են, և դա մեր ամենամեծ առավելություններից է։ Թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Լա Լիգայի եզրափակիչ փուլում իրավիճակը վերահսկելը բարդ կլինի և մեզնից մեծ էներգիա կխլի, բայց սա է մեր աշխատանքը, և հենց սա եմ ես տեսել այս թիմում մրցաշրջանի մեկնարկից ի վեր»։

Ձեզ շատ հիասթափեցրե՞ց Դրոյի որոշումը։

«Ես փոխել եմ կարծիքս։ Չեմ ցանկանում որևէ բան ասել այդ թեմայով։ Ես շատ եմ սիրում Դրոյին, բայց ակնհայտ է, որ հիասթափված եմ։ Նա նույնպես դա գիտի, բայց ես նրան շատ եմ հարգում։ Այստեղ նա մեծ ապագա կունենար։ Նա այլ որոշում կայացրեց, որը ես պետք է հարգեմ։ Սա ֆուտբոլ է»։

Ձեր թիմը սովորել է հաշվի մեջ հետ մնալուց հետո բեկել խաղի ընթացքը։

«Մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողնում, հենց դրա պատճառով են լինում այդ հետդարձները։ Մենք ունենք այնպիսի մենթալիտետ, որ միշտ հավատում ենք մեր ուժերին, բայց պետք է գործենք ավելի լավ, հատկապես խաղերի մեկնարկում։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հենց առաջին րոպեից, և դա այն է, ինչ ես ուզում եմ տեսնել թիմից։ Բարսելոնայի խաղերը դիտելը միշտ հետաքրքիր է, բայց մենք մեծ պոտենցիալ ունենք դրա վրա աշխատելու համար, և հենց դա էլ պատրաստվում ենք անել»։

Գո՞հ եք տրանսֆերային շուկայից։

«Իհարկե, ես գոհ եմ կազմից։ Վնասվածք ստացած խաղացողները կվերադառնան։ Պեդրին իր վերականգնման կեսին է, Գավին նույնպես ավելի շատ է մարզվում, քան նախկինում, և կտեսնենք, թե ինչ կլինի։ Նաև Անդրեասը։ Ես ունեմ հիանալի թիմ, բարձր որակ, ինչպես նաև պահեստային թիմի ու Լա Մասիայի խաղացողներ, ովքեր ունեն համապատասխան որակ մեկ, երկու կամ երեք խաղ անցկացնելու համար։ Տոմին հիանալի աշխատանք է կատարում, Ժոֆրեն՝ նույնպես, և ես շատ գոհ եմ Լա Մասիայի ու Բարսա Աթլետիկի որակից»։

Ավելի լավ է խաղալ Ռեալ Մադրիդից շո՞ւտ։

«Միշտ ավելի լավ է, երբ հաղթում ես, բայց մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ ժամանակ կա։ Նրանք բարձր որակ ունեն, ինչպես և մենք, բայց կան նաև Վիլյառեալը կամ Ատլետիկոն։ Սա ֆանտաստիկ մրցակցություն է, և հուսով եմ, որ վերջում մենք կհայտնվենք առաջին հորիզոնականում. դա այն է, ինչ մենք ուզում ենք։ Դա մեր նպատակն է, և ինձ չի հետաքրքրում հաջորդ օրը։ Ես ակնկալում եմ, որ վերջում մենք կլինենք առաջինը»։

Ձեզ անհանգստացնո՞ւմ է Չեմպիոնների լիգայի պաշտպանական վիճակագրությունը։

«Արդեն ասացի, որ պետք է բարելավենք խաղը, աշխատենք տարբեր իրավիճակների վրա, բայց, ի վերջո, մենք առաջին փուլն ավարտեցինք հինգերորդ տեղում։ Եթե հիշեք, թե ինչպես սկսեցինք, ինչը շատ լավ չէր, Չելսիի դեմ խաղից հետո ոչ ոք չէր կարծում, որ մենք կլինենք լավագույն ութնյակում, բայց մենք հինգերորդն ենք։ Հենց դա էլ ասել եմ թիմին՝ որ ես գոհ եմ, բայց մենք պետք է ավելի լավ գործենք»։

Իրական ռիսկ կա՞, որ Ֆլիկը չի շարունակի աշխատանքը, եթե Լապորտան չլինի նախագահ։

«Սա ապագայի հարց է. այս պահին ես այստեղ եմ և երջանիկ եմ աշխատել այս ակումբի համար։ Կտեսնենք։ Ես չեմ կարող այս հարցերին 100 տոկոսով պատասխանել։ Ինչպես նախկինում ասացի, շատ կարևոր է, որ այս ակումբում կայունություն լինի։ Այն ամենը, ինչ կատարվում է թիմի շուրջ, շատ լավ է ընթանում։ Մենք տրանսֆերների վրա ծախսելու շատ գումար չունենք, և այն ամենը, ինչ անում ենք, շատ լավ է։ Մենք զարգացնում ենք Լա Մասիայի խաղացողներին, թիմի մթնոլորտը հիանալի է, երկրպագուները մեզ աջակցում են, և կա մեծ կապ։ Խոսքը կայունության մասին է, և կարծում եմ՝ դա լավագույնն է այս ակումբի ապագայի համար»։

Շնորհակա՞լ եք, որ ունեք Կասադոյի կամ Բերնալի նման խաղացողներ։

«Կասադոն և Բերնալը ֆանտաստիկ պրոֆեսիոնալներ են։ Երբ խաղում ես Բարսելոնայում և երիտասարդ ես, կիրքը կարևոր է, որովհետև դու մրցում ես լավագույնների հետ և խաղում ես աշխարհի լավագույն ակումբում։ Դա ամենակարևորն է։ Նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է դա և զգում է ակումբի գույները։ Սա իրականացած երազանք է նրանց համար։ Չգիտեմ՝ երկու տարի առաջ նրանք կարո՞ղ էին նման բան պատկերացնել։ Նրանք պետք է խաղան բարձրագույն մակարդակով և տան լավագույնն ակումբի համար։ Ես շնորհակալ եմ, որ նրանք թիմում են»։

Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս Բերնալի խաղում։

«Նա լավն է թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, գիտի գտնել լավագույն տարածությունները և կայացնել ճիշտ որոշումներ։ Դուք դա տեսաք Կոպենհագենի դեմ խաղի երկրորդ կեսում՝ որքան է նա բարելավել խաղը պաշտպանությունում։ Ֆիզիկապես նա շատ ավելի լավ է գործում, այժմ այլ մակարդակի վրա է և մեծ պրոֆեսիոնալ է։ Նրա խաղին հետևելը շատ հաճելի է»։

Կա՞ սևեռուն գաղափար՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու վերաբերյալ։

«Բոլորն էլ ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ դա հզոր մրցաշար է։ Նոր ձևաչափով վերջին խաղն անհավանական էր։ Երկրպագուների հույզերը տեսնելը ֆանտաստիկ էր։ Սա է ֆուտբոլը՝ լինել դրա մի մասնիկը, և այն, որ թիմերից մեկը կարող է նվաճել այդ գավաթը, ուղղակի ապշեցուցիչ է։ Մեր պատասխանատվությունն է աշխատել այդ ուղղությամբ, օրեցօր բարելավել խաղը, որպեսզի հասնենք Չեմպիոնների լիգայում հաղթելու երազանքին։ Դա երազանք է ոչ միայն երկրպագուների, այլև մեզ համար, բայց մենք գիտենք, որ դա հեշտ չէ և պետք է աշխատենք դրա համար»։

Liana

Հեղինակ՝ Liana