Բարսելոնան գերհսկա գործարք կկատարի
Բարսելոնան բազմամիլիոն եվրոյի համաձայնագիր է ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրողների հետ՝ Դուբայում շքեղ բնակելի համալիրի շրջանակում ակումբի կերպարն ու բրենդը լիցենզավորելու համար։ Այս համաձայնագիրը աննախադեպ է ակումբի պատմության մեջ և Catalunya Radio-ի հաղորդմամբ (հղում անելով Mundo Deportivo-ին)՝ ակումբն արդեն ապահովել է նախնական վճարումը։
Ծրագիրը նախատեսում է Դուբայում բարձրակարգ բնակելի համալիրի կառուցում՝ Բարսելոնայի բրենդի օգտագործմամբ, նմանատիպ այն նախագծին, որն արդեն իրականացրել է Չելսին էմիրությունում։
Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել մի ամբողջ փոքր քաղաք՝ շենքերով, շքեղ բնակարաններով և առանձին տարածքներով, որտեղ Բարսելոնայի զինանշանը կլինի ակնհայտ ու լայնորեն տեսանելի։
Փոխարենը ակումբը կստանա զգալի ֆինանսական եկամուտ։ Վերջին տարիներին ունեցած տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ եկամտի նոր աղբյուրի ավելացումը մեծ խթան կլինի և կարող է Բարսելոնային մոտեցնել 1:1 ֆինանսական արդար խաղի կանոնին։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ համաձայնագիրը դեռ պաշտոնական չէ և պետք է հաստատվի ակումբի անդամների կողմից՝ Գլխավոր ժողովի ընթացքում։ Նույն իրավիճակում են գտնվում նաև այլ ընթացիկ գործարքներ, ինչպիսիք են Spotify-ի հետ հովանավորչական պայմանագրի երկարաձգումը և հուլիսից սկսած մարզաշապիկի մեջքի հատվածում UNICEF-ին փոխարինող նոր հովանավորի հետ համաձայնագիրը։
Ակումբի մտադրությունն էր նախագահական ընտրություններից առաջ հրավիրել արտահերթ ժողով, սակայն անցած հինգշաբթի կայացած վարչության նիստում որոշում է կայացվել այն անորոշ ժամկետով հետաձգելու մասին։
