ad-banner-1

Ռաֆինյա. «Նրանք մտածում են, թե շատ եմ խոսում»

Բարսելոնան այսօր առաջ անցավ Ռեալ Մադրիդից և բարձրացավ Լա լիգայի առաջին հորիզոնական՝ Ալավեսին Spotify Կամպ Նոուում 3-1 հաշվով հաղթելուց հետո։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Խաղի առաջին իսկ րոպեին գոլ բաց թողնելուց հետո կատալոնացիները ցույց տվեցին կամային ֆուտբոլ․ Լամին Յամալը հավասարեցրեց հաշիվը 8-րդ րոպեին, իսկ Դանի Օլմոն դարձրեց 2-1։ Իսպանացին նաև խփեց երրորդ գոլը՝ հանդիպման վերջնամասում։

Վնասվածքից վերադառնալուց հետո առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնված Ռաֆինյան այս հանդիպման առանցքային դեմքերից մեկը դարձավ։ Նա մեծ դեր ուներ թիմի առաջին երկու գոլերի կառուցման մեջ և կարող էր երկու գոլերում էլ գոլային փոխանցում ունենալ, սակայն Լամինի գոլի դեպքում փոխանցումը չհաշվեցին։

Հանդիպումից հետո տված հարցազրույցում Ռաֆինյան նշեց, որ իր համար կարևոր չէ՝ փոխանցումը կգրանցվի իր անունով, թե ոչ, քանի դեռ Լամինը գոլ է խփում ու թիմին վերադարձնում խաղ․

«Կարևորը այն չէ, թե իմ փոխանցում կհաշվե՞ն, թե ոչ։ Ամենակարևորը այն է, որ Լամինը կարողացավ գոլ խփել և հավասարեցնել խաղը»։

Բրազիլացի հարձակվողը, ով այսօր նաև թիմի ավագն էր, հավելեց․ «Ցանկանում եմ իմ լավագույնը տալ այն րոպեներին, երբ դաշտում եմ։ Մեկնարկային կազմում լինելը ինձ հաճելի է, բայց ամենակարևորը թիմին հնարավորինս շատ օգնելն է։ Դրա համար էլ ուրախ եմ»։

Ֆիզիկական պատրաստվածության մասին, վնասվածքի պատճառով երկու ամիս բաց թողնելուց հետո Ռաֆինյան ասաց․ «Փորձում եմ կրկին հասնել լավագույն ֆիզիկական վիճակին։ Դեռ պատրաստ չեմ 90 րոպե խաղալու, բայց դաշտում գտնվելիս ամեն ինչ եմ տալիս։ Երկրորդ խաղակեսում արդեն հոգնածություն զգացի։ Աշխատում եմ լավագույնս վերականգնվել և հուսով եմ՝ շուտով կարող եմ խաղալ իմ լավագույն ձևով»։

Ռաֆինյայի ներկայությամբ Բարսելոնան շատ ավելի լավ էր պրեսինգում՝ այն, ինչ բացակայում էր նրա վնասվածքի ընթացքում։ Այդ թեմայով նա նշեց․ «Շատ հաճախ ասում եմ, որ լավագույն պաշտպանությունը սկսվում է լավ հարձակումից։ Պետք է օգնենք պաշտպանությանը ճնշմամբ։ Փորձում եմ հեշտացնել մեր պաշտպանների գործը և դժվարացնել հակառակորդի խաղը։

Փորձում եմ ճնշել ու տարածք փակել մրցակցի կենտրոնական պաշտպանների համար, որպեսզի մենք վերահսկենք խաղը։ Լավ է, երբ թիմն էլ է հետևում իմ պրեսինգին։ Շատ հաճախ ես դա անում եմ վազելով՝ առանց մտածելու, պարզապես փորձում եմ հնարավորինս արագ հետ բերել գնդակը»։

Այն մասին, որ երբեմն չափազանց պահանջկոտ է լինում թիմակիցների նկատմամբ, Ռաֆինյան ասաց․ «Շատ անգամ թվում է՝ ճնշում եմ թիմակիցներիս։ Նրանք մտածում են, թե շատ եմ խոսում, շատ բան եմ պահանջում, բայց դա իմ բնույթն է։

Ես ավելի շատ եմ պահանջում այն մարդկանցից, ումից գիտեմ՝ կարող են ավելին տալ։ Ընդունում եմ այդ պատասխանատվությունը, իսկ հետո հանդերձարանում բոլորս գրկում ենք իրար ու նշում հաղթանակը»։

Եզրափակելով՝ Ռաֆինյան համաձայնեց Հանսի Ֆլիկի հետ, որ այս Բարսելոնան կարող է շատ ավելի բարձր մակարդակով խաղալ, և դեռ մեծ տարածք կա զարգանալու համար․ «Մարզիչը զգում էր, որ մենք կարող էինք շատ ավելին անել, և մենք էլ գիտենք՝ կարող ենք ավելի լավ խաղալ։ Նա ճիշտ է՝ թիմը իր լավագույն մարզավիճակում չէ, և ես համաձայն եմ։

Պետք է հոգեբանորեն շատ բաներ շտկենք, բայց ամենակարևորը այսօր հաղթանակն էր։ Ժամանակ ունենք սխալները ուղղելու համար, և վստահ եմ՝ կվերադառնանք մեր լավագույն խաղին։ Կհաղթենք՝ լավ ֆուտբոլ խաղալով, բայց եթե լինեն հանդիպումներ, որտեղ լավ չենք խաղում՝ ոչինչ։ Կարևորը հաղթելն է», — եզրափակեց Ռաֆինյան։

Աղբյուր՝ Marca

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։