Պուբիլը մեկ քայլ էր հեռու Բարսելոնայից
Բարսելոնայի աջ պաշտպանի դիրքում առկա խնդիրները շարունակական բնույթ են կրել վերջին տարիներին։ Անցած մրցաշրջանում Ժյուլ Կունդեի խաղը հույս ներշնչեց երկրպագուներին, և ֆրանսիացին իր կայուն ելույթներով ու վիճակագրությամբ նույնիսկ գնահատվեց որպես աշխարհի լավագույն աջ պաշտպաններից մեկը։
Սակայն ընթացիկ մրցաշրջանում նրա արդյունավետությունը զգալիորեն նվազել է, և նա համարվում է թիմի ամենաթույլ օղակներից մեկը։ Այդ պատճառով էլ ակումբի համար կրկին առաջնահերթություն է դարձել աջ պաշտպանի ձեռքբերումը։
SPORT-ի հաղորդմամբ՝ Ատլետիկո Մադրիդի պաշտպան Մարկ Պուբիլը կարող էր այսօր հանդես գալ Բարսելոնայի կազմում, եթե 2024 թվականի ամռանը բանակցությունները փոքր-ինչ այլ ընթացք ունենային։
Պուբիլը՝ մեկ քայլ հեռու Բարսելոնայից
Աղբյուրի համաձայն՝ 2024-ի ամռանը, երբ Պուբիլը դեռևս հանդես էր գալիս Ալմերիայի կազմում և համարվում էր Իսպանիայի ամենախոստումնալից երիտասարդ պաշտպաններից մեկը, Բարսելոնայի մարզական տնօրեն Դեկուն գրեթե ավարտին էր հասցրել գործարքը։
Նշվում է, որ կողմերի միջև արդեն ձեռք էր բերվել ամբողջական համաձայնություն, և Պուբիլը պետք է միանար Հանսի Ֆլիկի գլխավորած թիմին նրա առաջին մրցաշրջանում։ Նոր գլխավոր մարզիչը պահանջում էր նոր աջ պաշտպանի ձեռքբերում, իսկ ակումբը որոշել էր չերկարաձգել Ժոաու Կանսելուի վարձակալությունը։
Քանի որ Ալմերիան հանդես էր գալիս Երկրորդ դիվիզիոնում, կատալոնական ակումբը ծրագրում էր ֆուտբոլիստին ձեռք բերել 5 միլիոն եվրոյի վճարովի վարձակալությամբ՝ 12 միլիոն եվրոյի գնման պարտադիր իրավունքով։ Սակայն վերջին պահին Ալմերիան մերժեց առաջարկը՝ ակնկալելով ավելի բարձր գումար ստանալ նրա վաճառքից։
Մեկ տարի անց Ատլետիկո Մադրիդը վճարեց 16 միլիոն եվրո և ձեռք բերեց պաշտպանի տրանսֆերը։ Պուբիլը արդեն հասցրել է աչքի ընկնել ռոխիբլանկոսների կազմում՝ հանդես գալով ոչ միայն աջ պաշտպանի, այլև կենտրոնական պաշտպանի դիրքում։
Նա այս շաբաթ կհանդիպի Բարսելոնային Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում, և հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կդրսևորի իրեն այն թիմի դեմ, որի կազմում կարող էր հանդես գալ։
