Ֆրանսիացի լեգենդը հայտարարել է, որ Բարսելոնան ՉԼ-ում շանսեր չունի
Ֆրանսիայի աշխարհի չեմպիոն Էմանուել Պետին քննադատությամբ է հանդես եկել Բարսելոնայի հասցեին՝ նշելով, որ կատալոնական ակումբը չի կարող պայքարել Չեմպիոնների լիգայի համար։
Նրա կարծիքով՝ թիմի պաշտպանության մակարդակը և համաշխարհային կարգի աստղերի բացակայությունը թույլ չեն տալիս ընտրանին հասնել եվրոպական գագաթին։
55-ամյա Պետին, որը Բարսելոնայում խաղացել է 2000–2001 թթ. մրցաշրջանում, Mundo Deportivo-ի պնդմամբ նշել է, որ կատալոնացիների ներկայիս կառուցվածքը եվրոպական բարձր մակարդակի համար բավարար չէ. «Բարսան կարող է պայքարել Լա Լիգայի համար, բայց ոչ՝ Չեմպիոնների լիգայի։ Արդյո՞ք որևէ մեկը հավատում է, որ հնարավոր է նվաճել այս տիտղոսը այս պաշտպանությամբ։ Անհնար է։ Մենք դա տեսանք Ինտերի դեմ՝ յոթ բաց թողած գոլ կիսաեզրափակչում»։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն պաշտպանությունում չէ, այլ նաև այն, որ թիմը չունի համաշխարհային մակարդակի առաջնորդներ։ Պետին նշել է, որ Բարսելոնան չափազանց մեծ կախվածություն ունի 18-ամյա Լամին Յամալից․ «Բարսելոնան նման է խաղատան․ նրանք ամեն ինչ խաղադրույք են կատարել Լամին Յամալի վրա։ Նա հիանալի տաղանդ է, բայց չի կարող միայնակ հաղթել Չեմպիոնների լիգան»։
Պետին համեմատել է այժմյան իրավիճակը Մեսսիի ցուցադրած տարիների հետ․ «Մեսսին անգամ չէր կարող հաղթել առանց Չավիի, Ինիեստայի, Պույոլի… Իսկ հիմա Բարսան չունի համաշխարհային մակարդակի աստղեր»։
Զրույցի ընթացքում Պետին անդրադարձել է նաև Միկել Արտետայի հնարավոր ապագային՝ նշելով, որ Արսենալի մարզիչը կարող է ինչ-որ պահի գուցե ցակնանա վերադառնալ Իսպանիա. «Նա կարող է գայթակղվել վերադառնալ՝ հատկապես այն ակումբ, որտեղ խաղացել է երիտասարդ տարիներին։ Բայց նրանք պետք է վստահեցնեն նրան, որ պաշտպանությունում լուրջ փոփոխություններ են լինելու»։
Պետին հավելել է, որ Արտետան կարող է մտածել նոր մարտահրավերի մասին, եթե մրցաշրջանը հաջողությամբ ավարտի Արսենալում։
Էմանուել Պետիի հիմնական ուղերձը հստակ է․ Բարսելոնան ունի որակյալ թիմ, բայց Չեմպիոնների լիգայում հաղթելու համար անհրաժեշտ են համաշխարհային մակարդակի աստղեր և շատ ավելի կայուն պաշտպանություն։
