18-ամյա աստղը կմիանա Բարսելոնային
Եգիպտական Ալ Ահլիի 18-ամյա հարձակվող Համզա Աբդելկարիմը վարձավճարով կմիանա ակումբին մինչև մրցաշրջանի ավարտը՝ համալրելով պահեստային թիմի շարքերը։ Պայմանագիրը ներառում է 1,5 միլիոն եվրոյի գնման իրավունք, ինչպես նաև հավելավճարներ։
Համզա Աբդելկարիմը, ով հենց այսօր՝ հունվարի 1-ին, դարձավ 18 տարեկան, կլինի Բարսելոնայի տարվա առաջին ձեռքբերումը։ Եգիպտական լրատվամիջոցների, մասնավորապես՝ Winwinallsports պորտալի տվյալներով, Ալ Ահլիի հարձակվողը վարձավճարով հանդես կգա կապտանռնագույնների երկրորդ թիմում՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կատալոնական ակումբը պահպանում է ֆուտբոլիստի տրանսֆերը 1,5 միլիոն եվրոյով ձեռք բերելու իրավունքը, ինչպես նաև խաղացողի հետագա վաճառքից ստացվող 15 տոկոս մասնաբաժինը։
Երկու ակումբների միջև շաբաթներ տևած բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ այն բանից հետո, երբ Բարսելոնան բարելավեց իր սկզբնական առաջարկը։ Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստը Բարսելոնա կժամանի առաջիկա երկուշաբթի՝ հունվարի 5-ին, թեև Mundo Deportivo-ի աղբյուրները նշում են, որ թռիչքի հստակ օրը դեռևս որոշված չէ, քանի որ կողմերը պետք է վերջնականապես փոխանակեն պայմանագրերը։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև համաձայնությունը լիակատար է։
Համզա Աբդելկարիմը, ով առանցքային դեր է խաղացել բանակցություններում՝ պնդելով, որ իր միակ նպատակակետը Բարսելոնան է, կդառնա պատմության մեջ առաջին եգիպտացի ֆուտբոլիստը, ով կկրի կապտանռնագույն մարզաշապիկը։
Եգիպտոսի Մ-17 հավաքականի խաղացողը թիմին է միանում առաջին թիմում հայտնվելու հեռանկարով, ինչպես դա եղավ անցած ամռանը Ռունի Բարդաղջիի դեպքում։
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Համզան արդեն հասցրել է նորամուտը նշել Ալ Ահլիի հիմնական կազմում՝ մասնակցելով չորս հանդիպման՝ երեքը ազգային առաջնությունում և մեկը՝ ԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։
Բացի շուկայական շահավետ հնարավորությունից, Համզա Աբդելկարիմի տրանսֆերը նաև անհրաժեշտ քայլ է Բարսա Ատլետիկի համար, որը լուրջ կորուստներ ունի հարձակման գծում։ Ռմբարկու Վիկտոր Բարբերայի վնասվածքը (նա շարքից դուրս է մնացել մինչև մարտ), ինչպես նաև Գիստաուի, Ուրենյայի, Իբրահիմ Դիարայի և Սամա Նոմոկոյի բացակայությունները ստիպել են Դեկուի գլխավորած մարզական տնօրինությանը որոնել նոր հարձակվող, որը կլուծի թիմի գոլային խնդիրները։
