ad-banner-1

Ո՞վ կղեկավարի ակումբը Ֆլիկի բացակայության դեպքում

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Բարսելոնան պատրաստվում է այն տարբերակին, որ եթե Հանսի Ֆլիկի որակազրկումը հաստատվի, թիմը ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ դիմակայությունում՝ Էլ Կլասիկոյում, կղեկավարի նրա օգնական Մարկուս Զորգը։

Չնայած մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե թիմի նախկին խաղացող Տիագո Ալկանտարան կարող է ժամանակավոր գլխավոր մարզիչի դերում հայտնվել, ակումբի պլաններում նման տարբերակ չկա․ Բարսան նախատեսում է հենց Զորգին վստահել թիմի ղեկը, եթե Ֆլիկը ստիպված լինի դիտել խաղը երկրպագուների շարքերից։

Նման իրավիճակ Զորգն արդեն մեկ անգամ հայտնվել է․ 2024 թվականի վերջում, երբ Ֆլիկը երկու խաղով որակազրկված էր Ռեալ Բետիսի դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով, հենց նա կանգնեց թիմի ղեկին՝ գլխավորելով Լեգանեսի և Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպումները։

Հիշեցնենք, որ Ֆլիկը հեռացվել էր Ժիրոնայի դեմ հանդիպման ընթացքում, ինչի հետևանքով Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան նրան մեկ խաղով որակազրկել է։ Դա նշանակում է, որ գերմանացի մասնագետը չի կարողանա ղեկավարել թիմը առաջիկա կիրակի՝ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում կայանալիք հանդիպման ժամանակ։

Թեև Բարսելոնան բողոքարկել է որոշումը՝ հուսալով, որ Վճռաբեկ հանձնաժողովը կչեղարկի արգելքը, ակումբում մեծ հույսեր չունեն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները չեն կարողացել ներկայացնել բավարար ապացույց, որը կհաստատի, որ Ֆլիկի ծափահարությունը վերաբերում էր իր ֆուտբոլիստներից մեկին, այլ ոչ թե մրցավարական որոշմանը։ Առանց այդ ապացույցի՝ որոշման վերանայման հնարավորությունները նվազում են։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։