Բարսայի հարձակվողը մի շարք ակումբների թիրախում է
Վերջերս Ռոբերտ Լևանդովսկիի ապագան մեծ քննարկման տեղիք է տալիս։ Նրա պայմանագիրը 2026-ին լրանում է, իսկ ազատ գործակալ դառնալուն զուգընթաց՝ նրա ծառայություններով հետաքրքրվածների պակաս չկա։ Լևանդովսկիին ցանկանում են տեսնել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ակումբները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Այժմ ի հայտ եկող տարբերակների թվում է ԱՄՆ-ի MLS լիգան, որտեղ Չիկագո Ֆայրը այն թիմերից մեկն է, որը հետաքրքրված է Բարսելոնայի 9 համարով։ Միևնույն ժամանակ, թուրքական Ֆեներբախչեն շարունակում է մեծ ցանկություն հայտնել հարձակվողին իր կազմում տեսնելու համար։ Հարձակվողի ապագայի երրորդ ուղին թերևս ամենաքննարկվողն է՝ տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։
Ֆուտբոլիստի դիրքորոշումը
37-ամյա հարձակվողը պնդել է, որ այս պահին իր ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու հարցում չի շտապում։ «Որոշում կայացնելու համար դեռ ժամանակ կա։ Ես ոչ մի ճնշում չեմ զգում և չգիտեմ, թե որ ուղին ընտրել հենց հիմա», — ասել է նա վերջերս տված հարցազրույցում։ Այսպիսով ֆուտբոլիստի ապագան դեռ անորոշ է, բայց ավելի են մեծանում շանսերը, որ նա այնուամնեայնիվ կլքի Բարսելոնան։
