Մի՞թե Լամին Յամալը կբացակայի Բիլբաոյի դեմ հանդիպմանը
Չորեքշաբթի օրը Բարսելոնան Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի շրջանակում կմրցի Աթլետիկ Բիլբաոյի հետ։
Սուպերգավաթի գործող չեմպիոն բլաուգրանան ձգտում է պաշտպանել տիտղոսը, սակայն այդ ճանապարհին նախ պետք է հաղթահարի բասկյան ակումբի լուրջ դիմադրությունը։
Ինչպես հայտնում է լրագրող Կառլոս Մոնֆորտը, վաղը Ջիդայում կայանալիք կարևոր հանդիպմանը ընդառաջ Բարսելոնայի առանցքային հարձակվող Լամին Յամալը չի մարզվել ընդհանուր խմբի հետ։ Ըստ հաղորդման՝ պատանի գերաստղը մարզասրահում կատարել է անհատական վարժություններ։ Այդուհանդերձ, ակումբում վստահ են, որ Էռնեստո Վալվերդեի թիմի դեմ սպասվող բարձրակարգ հանդիպմանը նրա մասնակցության հետ կապված լուրջ խնդիրներ չեն լինի։
Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ ևս՝ Էսպանյոլի դեմ դերբիից առաջ, Յամալը թեթև անհանգստության պատճառով մեկ օր բաց էր թողել մարզումը։ Սակայն դա չխանգարեց նրան դուրս գալ մեկնարկային կազմում և վճռորոշ դեր խաղալ RCDE մարզադաշտում կատալոնացիների տարած հաղթանակում։ Այս մրցաշրջանում Լամինը պարբերաբար խնդիրներ է ունեցել պուբալգիայի հետ, սակայն կարողացել է հաղթահարել դրանք և շարունակել իր կարևոր առաքելությունը թիմի կազմում։
Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչու նա չի մարզվել ընդհանուր խմբի հետ։ Հնարավոր է, որ սա պարզապես ծանրաբեռնվածության կարգավորման քայլ է մի խաղացողի համար, ով գրեթե բոլոր հանդիպումներին մասնակցում է մեկնարկային կազմում։ Ամեն դեպքում, Բարսելոնայում ակնկալում են, որ իրենց ծագող աստղը լիովին պատրաստ և հասանելի կլինի կիսաեզրափակչում Աթլետիկի դեմ խաղին։
