Ֆլիկը մեկնաբանել է Կանսելուի տրանսֆերը և կազմի ընտրությունը Սուպերգավաթում
Բարսելոնան վաղը Ջիդդայում կմեկնարկի Իսպանիայի Սուպերգավաթի պաշտպանությունը՝ կիսաեզրափակչում հանդիպելով Բիլբաոյի Աթլետիկին։
Կատալոնական դերբիում Էսպանյոլի նկատմամբ դժվար հաղթանակից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը ձգտում է պահել դրական ընթացքը և դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
Խաղից առաջ գերմանացի մասնագետը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով մի շարք թեմաների, այդ թվում՝ Ժոաու Կանսելուի հնարավոր վերադարձին։
Սուպերգավաթի նշանակության մասին
Ֆլիկը նշել է, որ մրցաշարի ձևաչափը տարբերվում է Գերմանիայից, սակայն ինքը դրական է գնահատում այն. «Կան չորս թիմեր, և անցած տարի մենք շատ լավ հանդես եկանք։ Սուպերգավաթը հաղթելը մեզ ամբողջ մրցաշրջանի համար էներգիա տվեց, և մենք նույնը ցանկանում ենք կրկնել այս տարի»։
Նա հավելել է, որ թիմին ասել է՝ տիտղոսը նվաճելու համար մնացել է երկու խաղ. «Բարսելոնայում պետք է նվաճես տիտղոսներ։ Դա են ցանկանում ակումբն ու երկրպագուները»։
Կանսելուի տրանսֆերի մասին
Ֆլիկը բացատրել է, թե ինչու է ակումբը որոշել կենտրոնական պաշտպանի փոխարեն կենտրոնանալ Կանսելոյի վրա. «Երբ Ռոնալդը վերադառնա, մենք պաշտպանությունում կունենանք լավ տարբերակներ։ Իսկ Ժոաուն կարող է խաղալ երկու եզրերում»։
Նրա խոսքով՝ գործարքը դեռ ավարտված չէ, սակայն ինքը կցանկանար, որ այն կայանա. «Մենք պետք է խելացի գործենք տրանսֆերային շուկայում։ Մեր երիտասարդները զարգանում են, և հիմա հնարավորություն ունենք բերել փորձառու ֆուտբոլիստ»։
Ռոնալդ Արաուխոյի վիճակը
Ֆլիկը հաստատել է, որ Արաուխոն այս պահին չի դիտարկվում կիսաեզրափակչի համար. «Կտեսնենք՝ ինչ վիճակում կլինի մարզման ժամանակ։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է և թիմի ավագներից մեկը։ Հույս ունեմ՝ նա արագ կվերադառնա իր լավագույն մարզավիճակին»։
Աթլետիկի դեմ խաղի սպասելիքները
Ֆլիկը նշել է, որ մրցակիցը շատ վտանգավոր է. «Աթլետիկը ունի արագ ու հարձակողական խաղացողներ։ Եթե կրկնենք դերբիում թույլ տված սխալները, դժվար կլինի։ Պետք է ավելի լավ պաշտպանվենք»։
Սուպերգավաթի ֆավորիտների մասին
«Ռեալը, Ատլետիկոն և Աթլետիկը նույնպես հավատում են իրենց հաղթանակին։ Երկու խաղ է շատ ուժեղ մրցակիցների դեմ»։
Դարպասապահի ընտրությունը
Ֆլիկը հաստատել է, որ մրցաշարում հիմնական դարպասապահը կլինի Ժոան Գարսիան։
Կիսապաշտպանության ու հարձակման մասին
Մարզիչը նշել է Էրիկ Գարսիայի բազմաֆունկցիոնալությունը, ինչպես նաև մրցակցությունը հարձակման գծում. «Ֆեռանը լավ է խաղում և գոլեր է խփում, բայց նույնը անում է նաև Լևանդովսկին։ Բարսելոնայում յուրաքանչյուր դիրքում պետք է լինեն երկու բարձր մակարդակի ֆուտբոլիստներ»։
Նա ընդգծել է, որ ամենակարևորը խաղացողների վերաբերմունքն է թիմի նկատմամբ։
Աղբյուր՝ Mundo Deportivo.
