Մեսսին հավերժ կմնա Կամպ Նոուում
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հինգշաբթի օրը ներկա է եղել սպորտային լրագրող Խաբի Տորեսի «Ես ապրել եմ Լա Մասիայում» գրքի շնորհանդեսին և առիթը օգտագործել է՝ կարևոր հայտարարություն անելու Լիոնել Մեսսիի վերաբերյալ։
Լապորտան հաստատել է, որ ակումբը արդեն աշխատում է Կամպ Նոու մարզադաշտում Մեսսիի արձանի տեղադրման ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ այդ քայլը պետք է համաձայնեցվի ֆուտբոլիստի ընտանիքի հետ։
«Մեսսին միշտ կապվելու է Բարսելոնայի հետ, նա գիտի, որ ակումբի դռները միշտ բաց են իր առաջ։ Մենք նրա նկատմամբ բացարձակ հարգանք ունենք, և նա արժանի է Բարսելոնայից ստանալու ամենամեծ պատիվը», – հայտարարել է Լապորտան։
Նրա խոսքով՝ Մեսսին, ինչպես Յոհան Կրույֆն ու Լասլո Կուբալան, պետք է ունենա իր արձանը «Spotify Camp Nou»-ում, քանի որ նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր անջնջելի հետք են թողել ակումբի պատմության մեջ։
Մեսսին հարցազրույցի ժամանակ sport-ին նշել է.
«Շատ եմ ցանկանում վերադառնալ Բարսելոնա, շատ եմ ուզում նորից լինել մարզադաշտում, երբ այն պատրաստ լինի։ Դա հուզիչ կլինի՝ կրկին տեսնել ու վերապրել այն ամենը, ինչ ապրել եմ այնտեղ»։
Արգենտինացին իր սոցիալական ցանցերում ևս գրառում էր արել, որը մեծ հուզմունք էր առաջացրել կուլեների շրջանում․
«Նախորդ գիշեր վերադարձա այն վայր, որը սրտիս խորքում եմ կարոտում։ Վայր, որտեղ ես անսահման երջանիկ էի, որտեղ դուք ինձ հազար անգամ աշխարհում ամենաերջանիկ մարդն եք դարձրել։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ, և ոչ միայն՝ որպես հրաժեշտ տվող ֆուտբոլիստ…»։
Լապորտան, անդրադառնալով այս ամենին, նշեց, որ Կամպ Նոուն Մեսսիի տունն է․
«Այն, ինչ նա արեց, համարձակ, անկեղծ և բարսելոնական քայլ էր։ Մեր հարաբերությունները հիմա նորմալ են։ Ես նրան հաղորդագրություն չեմ ուղարկել, բայց նա գիտի, որ այստեղ իր տունն է։ Մենք միշտ ասել ենք՝ նա արժանի է աշխարհի ամենագեղեցիկ հարգանքի արարողությանը, և վստահ եմ՝ դա հրաշալի կլինի»։
