ad-banner-1

Մեսսիի դժվարին կյանքը. Թերապիա, հայրիկի կարծիքը և Անտոնելան

Նախորդ հոդվածում մենք խոսեցինք Մեսսիի անձնական կանոնների, երեխաների հետ նրա նմանությունների և Անտոնելայի հետ համատեղ կյանքի մասին։

Այս անգամ լեգենդար ֆուտբոլիստը բացահայտել է իր գաղտնի կողմերը՝ խոսելով հոր կարծիքի կարևորության, հոգեբանական թերապիայի փորձի և Անտոնելայի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Լեոն անկեղծորեն խոստովանել է, թե ինչպես է նա էմոցիաներն ու զգացմունքները ցույց տալիս իր ընտանեկան կյանքում և ֆուտբոլում, ինչն էլ դարձնում է նրան ոչ միայն մեծ մարզիկ, այլև մտահոգ, հոգատար հայր ու ամուսին։

«Ես միշտ ասել եմ, որ իմ ամենախիստ քննադատը ես եմ։ Ես գիտեմ՝ երբ եմ ինչ-որ բան լավ անում, իսկ երբ՝ վատ։ Այնուամենայնիվ, մանկուց ինձ միշտ անհրաժեշտ է եղել հորս կարծիքը, նրա հավանությունը այս կամ այն ձևով։ Խաղից հետո ես հարցնում էի նրան. «Ինչպե՞ս խաղացի»։

Լեո Մեսսին՝ հոգեբանական թերապիայի մասին

«Մի ժամանակ Բարսելոնայում թերապիա էի անցնում, բայց հիմա այլևս ոչ։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր ամեն ինչ պահում են իրենց մեջ։ Խնդիրներս միայնակ եմ լուծում, չեմ ծանրաբեռնում ուրիշներին։

Կենցաղում ես ամենից շատ բացվում եմ Անտոնելայի առաջ, իհարկե։ Իսկ ֆուտբոլում, իմ ամբողջ կարիերայի ընթացքում, այդ առումով կողքիս միշտ հայրս է եղել։

Խաղից հետո ես նամակ էի գրում հորս, կամ միասին դիտում էինք հանդիպումը և քննարկում այն։ Ֆուտբոլի հարցում հորս հետ շատ ավելի շատ ընդհանրություններ ունեմ, կենցաղում՝ Անտոնելայի և երեխաների հետ։

Ես շատ ռոմանտիկ զգացմունքներ ունեմ, բայց դժվարանում եմ դրանք ցույց տալ, արտահայտել։ Ամենից շատ ինձ դուր է գալիս հոգ տանել այն մարդկանց մասին, ում ես իսկապես սիրում եմ, անել այնպես, որ նրանք միշտ լավ լինեն, նվիրել նրանց դրական էմոցիաներ և դա ցույց տալ իմ գործողություններով։

Անտոնելան նույնիսկ ինձանից ավելի ուշադիր ու հոգատար է… Մենք միշտ կատակով ասում ենք, որ նա դադարել է այդքան առատ նվերներ անել, որովհետև ես դարձել եմ ավելի սառն ու պակաս արտահայտիչ։ Նա ասում էր. «Այլևս քեզ ոչինչ չեմ նվիրի»։

Մի պահ ես նրան ասացի. «Մենք արդեն այնպիսին չենք, ինչ նախկինում»։ Եվ դա երկուսիս համար դարձավ մի տեսակ ահազանգ։

Երբ երեխաների հետ տանն եմ լինում, ամեն ինչ չէ, որ ինձ թույլատրված է»,— ժպտալով խոստովանել է լեգենդար ֆուտբոլիստը։

Լիոնել Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն իրենց տանը հստակ կանոններ են սահմանել երեխաների համար։ 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը նվաճելուց հետո Մեսսին ասում է. «Այժմ մեր ընտանիքում խաղաղություն ու հանգստություն է։ Այն գավաթը, որը երկար տարիներ թվում էր անհասանելի, վերջապես իմ ձեռքերում է հայտնվել՝ փակելով կարիերայիս մի ամբողջ գլուխ»։

Նա անկեղծորեն խոսում է նաև անցած ճանապարհի մասին. «Տարիներ շարունակ պայքարել եմ այդ տիտղոսի համար, և այդ ամբողջ ընթացքում Անտոնելան միշտ իմ կողքին է եղել»։

Մինչ նրանց երեք երեխաները մեծանում էին ու կարող էին գիտակցել հոր հաղթանակի իրական նշանակությունը, աշխարհի չեմպիոն դառնալն արդեն փաստ էր։ Այժմ ընտանիքն ապրում է Հարավային Ֆլորիդայում և վայելում Մեսսիի կարիերայի վերջին փուլը։

«Ես դեռ սիրում եմ ֆուտբոլը և շարունակում եմ մրցակցել հենց ընտանիքիս շնորհիվ»,— ընդգծում է Լեոն։

Մեսսիին հաճախ կարելի է տեսնել բակում՝ գնդակը ոտքին, երեխաների հետ խաղալիս։ Սակայն նա պարզաբանում է. «Այն տեսանյութերը, որոնք մարդիկ տեսնում են, բացառություններ են։ Տանը Անտոնելան մի պարզ, բայց խիստ կանոն ունի։ Այդ կանոնը հստակ է. Տան ներսում ֆուտբոլ խաղալ չի թույլատրվում»,— ասում է Մեսսին՝ նկատելով, որ այս հարցում վերջին խոսքը միշտ Անտոնելայինն է։

Բակը, նրա խոսքով, անվտանգ տարածք է, իսկ տան ներսում կանոնները խստիվ պահպանվում են. «Տանը կան թանկարժեք իրեր ու կահույք, և եթե ազատ գնդակով խաղանք, ամեն ինչ կարող է վնասվել»։ Այս հարցում, ինչպես ինքն է խոստովանում, ինչ-որ մեկը պետք է լինի խիստ ու պահանջկոտ, և այդ մարդը Անտոնելան է։

Հենց այդ փոքր, բայց կարևոր կանոններն են, որ Ռոկուցոյին դարձնում են ընտանիքի հավասարակշռության հիմնական պահապանը։ Թեև Մեսսին հեղինակավոր հայր է, նա չի թաքցնում. «Կան սահմաններ, որոնք նա է դնում, և դա լիովին ճիշտ է։ Եթե այդպես չլիներ, մեր երեք տղաները տունը ամբողջությամբ տակնուվրա կանեին»,— հումորով եզրափակել է Լեո Մեսսին։

Liana

Հեղինակ՝ Liana