«Ես մի քիչ տարօրինակ եմ». Մեսսին խոսում է իր թաքնված կողմի մասին
Բարսելոնայի նախկին, բայց հավերժի ֆուտբոլիստ Լեո Մեսսին երբեք այդքան զգացմունքային չէր եղել։ Արգենտինական LUZU TV-ին տրված հարցազրույցում Լեոն բացահայտել է իրեն տարբեր տեսանկյուններից։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցը։
«Գիտեմ, որ որոշ հարցերում ես մի փոքր ավելի տարօրինակ եմ, քան մարդկանց մեծ մասը… Ինձ շատ է դուր գալիս մենակ մնալը»,-ասել է նա։
«Երբ տանը քաոս է լինում, երեք երեխաները վազվզում են ամեն կողմ, դա ինձ պարզապես ուժասպառ է անում, և ինձ պետք են առանձնանալու պահեր։
Այդ պահերին, երբ մենակ եմ մնում, կարող եմ պարզապես պառկել, դիտել հեռուստացույց կամ ֆուտբոլային հանդիպում: Ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես՝ լռություն։
Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից, բայց նույնիսկ ամենաչնչին բաները, մանրագույն մանրուքները կարող են իսկապես ազդել ինձ վրա… Եթե ինչ-որ մեկը տեղափոխի մի բան այն տեղից, որտեղ ես այն թողել եմ, կամ փոխի օրվա համար ունեցած ծրագրերս, դա արդեն կարող է փչացնել իմ տրամադրությունը։
Ես շատ կազմակերպված մարդ եմ: Եթե իմ օրը որոշակի կերպով է պլանավորված, և դրա ընթացքում ինչ-որ չնախատեսված բան է տեղի ունենում, ես սկսում եմ նյարդայնանալ։
Այդ վիճակում ես փակվում եմ իմ մեջ. դա բառերով չեմ արտահայտում, ամեն ինչ ներսում եմ մշակում։ Անտոնելան միշտ մեղադրում է ինձ անկարգապահ լինելու մեջ, բայց ես միշտ էլ մոլուցք եմ ունեցել կարգ ու կանոնի նկատմամբ։
Սկզբում ես, այսպես ասած, նրան վերադաստիարակեցի… Նա շատ վատ վիճակում էր, իսկ ես՝ շատ-շատ կազմակերպված: Հիմա մոտավորապես նույն մակարդակի վրա ենք։
Ես այն մարդկանցից եմ, ովքեր մարզումից մեկ օր առաջ արդեն դասավորում են հագուստը. ամեն ինչ՝ իր տեղում։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ դիպչում են իմ իրերին: Ես պետք է հստակ իմանամ, թե ինչը որտեղ է… Տիագոն նույնն է, ինչ ես, շատ առումներով՝ նաև Չիրոն»։
Բուժումները բավականին թանկ էին, բայց գումար չկար
«Ես բուժումը սկսել եմ, երբ 11 տարեկան էի: Դա շատ թանկ բուժում էր։ Հայրս աշխատում էր մի ընկերությունում, որը մասամբ ծածկում էր ծախսերը, բայց նույնիսկ դա բավարար չէր, որովհետև բուժումը չափազանց թանկ էր։ Հիշում եմ, թե ինչպես էի գնում հետազոտությունների՝ մի թաղամաս վազում փողոցով, վերադառնում, նորից հետազոտություններ… Եվ հենց այդ պահից էլ սկսվեց բուժումը։
Մայրս ստիպված էր անցնել ամբողջ Ռոսարիոն, որպեսզի ստանար Նյուելսից խոստացված գումարը, բայց հաճախ նրան տալիս էին ընդամենը 5 կամ 10 պեսո, կամ ասում էին. «Այն մարդը, ով պետք է ձեզ գումար տար, հիմա այստեղ չէ»։
Դրա համար էլ մայրս այդքան զայրացած էր Նյուելսում աշխատող որոշ մարդկանց վրա: Ի վերջո, խնդիրը ակումբի մեջ չէր, այլ կոնկրետ այն անձի վրա, ով այդ ժամանակ այնտեղ էր աշխատում։
Այդ ամենի պատճառով ես ստիպված եղա հեռանալ Նյուելսից, տեղափոխվել Բարսելոնա, ընտանիքը բաժանվեց, և կյանքը սկսեց փոխվել։
Ես շատ եմ Տիկտոկ դիտում: Նույնիսկ տեսել եմ իմ մասնակցությամբ՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, որոնցից մեկում ինձ ոստիկանությունն էր ձերբակալում»։
Լեո Մեսսին՝ իր որդի Չիրոյի մասին
«Մենք ամբողջ օրը գնդակով ենք անցկացնում… Չիրոն հաճախ է գալիս ակումբ՝ մարզումների։ Երեք երեխաներիցս նա է ամենաշատը սիրում ամեն ինչ ինքնուրույն անել: Չիրոն անում է թե՛ էֆեկտային շարժումներ, թե՛ տարբեր մանրուքներ։
Իմ երեխաները դպրոցն ավարտում են մոտ 15:00-ին կամ 16:00-ին, մի փոքր սնվում են, ու մենք անմիջապես գնում ենք ակումբ։ Նրանք մարզվում են երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հետո խաղում են: Մնացած ամեն ինչի համար գրեթե ժամանակ չի մնում»։
