Մեսսի. «Ես ինձ օտար էի զգում, ինձ վիրավորում էին»
Նախորդ նյութում մենք ներկայացրել էինք Լեո Մեսսիի ընտանեկան կյանքը, Անտոնելայի հետ հարաբերությունները և երեխաների հետ ֆուտբոլի կանոնները։ Այս անգամ ֆուտբոլի լեգենդը բացահայտել է իր մութ օրերը հավաքականում, անհաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաև խոսել է իր վառ ապագայի ծրագրերի մասին՝ կարիերան ավարտելուց հետո։ Մեսսին անկեղծորեն պատմել է, թե ինչ է զգացել Արգենտինայի հավաքականում և ինչպիսի տեսլական ունի իր սպորտային ապագայի համար։
«Բարսելոնայում ինձ համար ամեն ինչ պարզապես հիանալի էր։ Մենք հաղթում էինք ամեն ինչ, ես հաճույք էի ստանում խաղից, երջանիկ էի։ Դա իմ տեղն էր։ Հետո ես գնացի Արգենտինա, և այնտեղ ամեն ինչ լրիվ հակառակն էր։ Ես ինձ օտար էի զգում, ինձ վիրավորում էին, արդյունքներ չկային։
Մի պահ մտածեցի, որ սա երբեք չի ավարտվելու։ Ես հայտարարեցի, որ այլևս չեմ վերադառնալու հավաքական, և հիմա շատ եմ զղջում այդ որոշման համար։ Ես ասացի. «Ամեն ինչ վերջացած է, իմ կարիերան հավաքականում ավարտված է»։
Ես հաստատ հավատում էի, որ երիտասարդ խաղացողների մի ամբողջ սերունդ հույս էր կապում ինձ հետ, իմ կարիքն ուներ և խնդրում էր, որ չհեռանամ։
Նրանք ինձ ասում էին. «Մի՛ հեռացիր, դու չես կարող հեռանալ։ Եթե հեռանաս, մենք այլևս չենք հասնի հաջորդ եզրափակիչին, չենք վերադառնա այնտեղ»։ Եվ դա մնաց իմ մեջ»։
Կարիերան ավարտելուց հետո ունեցած ծրագրերի մասին
«Ես չեմ պատկերացնում ինձ մարզիչի դերում։ Ինձ ավելի շատ գրավում է մարզական տնօրեն դառնալու գաղափարը, բայց եթե ստիպված լինեի ընտրել երեք տարբերակից, ամենաշատը կցանկանայի դառնալ ակումբի սեփականատեր։ Ես կցանկանայի ստեղծել իմ սեփական ակումբը, զարգացնել արդեն գոյություն ունեցողը, իհարկե սկսելով զրոյից, և երեխաներին ու մարդկանց հնարավորություն տալ աճել, կառուցել կարևոր ակումբ»։
