Մեսսի. Հեռանալիս ինձ շատ տարօրինակ էի զգում
Լիոնել Մեսսին՝ Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը՝ SPORT-ին բացառիկ հարցազրույց է տվել։
Ինչպե՞ս եք զգում այն սերը, որը գալիս է Բարսելոնայից։
«Իրականում ես շատ եմ կարոտում այդ բոլոր պահերը։ Գուցե հիմա ավելի եմ վայելում, քան այն ժամանակ, երբ դրանք տեղի էին ունենում, որովհետև այն ժամանակ խաղից խաղ էի ապրում և չէի հասցնում վայելել այն, ինչ անում էինք։ Այժմ, երբ մի քանի տարի է անցել, հեռվից նայելով, ամեն ինչ ավելի հանգիստ եմ վերապրում»։
Հաճե՞լի է հիշել այդ պահերը։
«Այո, հաճելի է, որովհետև դրանք շատ կարևոր պահեր էին։ Տեսանյութում կային դրվագներ, որոնք հիշեցնում էին նշանակալի իրադարձություններ։ Դրանք շատ լավ հիշողություններ են։ Մարդիկ չեն մոռանում քեզ, դա պարզ է»։
Դուք նշել եք, որ հեռանալը ձեզ տարօրինակ զգացողություն է թողել։
«Այո, հեռանալիս ինձ շատ տարօրինակ էի զգում՝ հատկապես այն բանի պատճառով, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ։ Իմ վերջին տարիները անցան առանց մարդկանց՝ համավարակի պատճառով։ Այդ ամենը մի քիչ անսովոր էր, որովհետև ես միշտ պատկերացրել էի, որ իմ կարիերան ամբողջությամբ անցկացնելու եմ Բարսելոնայում, Եվրոպայում, և հետո՝ գամ այստեղ, ինչպես հիմա եմ։ Բայց հեռանալն այնպիսին չէր, ինչպիսին երազում էի։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մարդկանց սերն ու կապվածությունը միշտ լինելու են, որովհետև մենք շատ բան ենք ապրել միասին։ Ես այնտեղ էի 16 տարի առաջին թիմում և ընդհանուր՝ մոտ 20-21 տարի, սկսած 12-13 տարեկանից։ Դա ամբողջ կյանքն է, և այդ սերը երբեք չի մարի»։
Հաճախ ասում են, որ տարիներ անց նոր խաղացողներ են գալիս, բայց սերը մնում է։ Դուք համաձայն ե՞ք։
«Այո։ Նոր խաղացողներ են գալիս, նոր հույսեր են ծնվում, բայց պատմությունը չի մոռացվում։ Դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ակումբում։ Բոլոր այդ մարդիկ հիշվելու են ջերմությամբ, և դա երբեք չի մարի»։
Ո՞րն էր ձեր ամենաերջանիկ պահը։
«Դժվար է առանձնացնել միայն մեկը։ Բարեբախտաբար շատ երջանիկ պահեր եմ ապրել։ Երբ խոսում ենք երջանկության մասին, սովորաբար հիշում ենք տիտղոսները։ Գվարդիոլայի հետ 1 տարում 6 գավաթը արտասովոր էր, ինչպես նաև վերջին Չեմպիոնների լիգան Լուիս Էնրիկեի հետ։ Շատ բան եմ ապրել, և ամեն ինչ պահում եմ իմ մեջ»։
Իսկ եթե չխոսենք հաղթանակների մասին, ինչի՞ն եք ամենաշատը կապված։
«Այն փաստին, որ ես դարձա այս ակումբի մաս՝ հասնելով այնտեղ երեխա ժամանակ և անցկացնելով իմ ողջ կյանքը Բարսելոնայում։ Ես Աստծուն շնորհակալ եմ, որ ինձ տարավ այնտեղ, որտեղ մեծացա ու կյանքս անցկացրի։ Իմ երեխաներն էլ են ծնվել այդ քաղաքում։ Շատ բաներ կան, որոնք պահում եմ ոչ միայն ակումբից, այլև հենց քաղաքից»։
Շարունակո՞ւմ եք հետևել թիմին։
«Այո, անպայման։ Նույնիսկ հիմա, քանի որ մի քանի նախկին խաղընկերներով միասին ենք, հաճախ ենք քննարկում ակումբի իրավիճակը, խաղերը, արդյունքները»։
Փարիզում երջանի՞կ էիք։
«Փարիզում ինձ այնքան էլ լավ չէի զգում, ոչ թե քաղաքի, այլ ֆուտբոլային առօրյայի պատճառով։ Օրվա ընթացքը, մարզումները, խաղերը՝ ինձ չէին ուրախացնում։ Բայց որպես ընտանիք մենք շատ լավ փորձ ունեցանք։ Քաղաքը հիասքանչ էր, մենք վայելեցինք այն, բայց ես ինձ խաղադաշտում չէի զգում այնպես, ինչպես պետք է։ Այստեղ՝ Մայամիում, այլ է․ կյանքը հանգիստ է, երեխաների դպրոցը մոտ է, ամեն ինչ հարմար է։ Դա հիշեցնում է Կաստելդեֆելսը։ Այստեղ ավելի հանգիստ եմ, առանց ավելորդ ճնշման։ Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ, և դա օգնում է ինձ ավելի հավասարակշռված ապրել»։
Ի՞նչն է ձեզ մղում շարունակել խաղալ նույն եռանդով։
«Դա այն է, ինչ արել եմ ամբողջ կյանքում՝ մանկուց։ Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ և մրցել։ Չեմ սիրում պարտվել ոչ մեկին։ Երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, միշտ խաղում եմ հաղթելու համար։ Դա է ինձ շարժող ուժը։ Կշարունակեմ նույն կերպ որքան, իր ֆիզիկական ուժս ների և որքան հաճույք ստանամ։ Երբ հասկանամ, որ չեմ վայելում խաղը, կավարտեմ։ Բայց հիմա դեռ հաճույքով եմ խաղում»։
Ձեր թիմակիցները՝ Բուսկետսն ու Ալբան, հեռացան։ Ինչպե՞ս արձագանքեցիք։
«Շատ տարօրինակ էր, հատկապես Ժորդիի որոշումը։ Մենք չէինք սպասում։ Նա մի օր հանդերձարանում հայտնեց, որ հրաժարվում է։ Շատ անսպասելի էր։ Բայց, իհարկե, ցավալի է, որովհետև խաղադաշտից դուրս մենք ընկերներ ենք, միասին ենք սկսել այս ճանապարհը»։
Ապագայում սպասվող աշխարհի առաջնությունը ձեզ ոգևորո՞ւմ է։
«Իհարկե, աշխարհի առաջնությունը միշտ հատուկ է։ Բայց ուզում եմ մասնակցել միայն այն դեպքում, երբ ինձ ֆիզիկապես լավ կզգամ և կկարողանամ օգնել թիմին։ Դիտարկում եմ ամեն օր՝ հասկանալու՝ արդյոք պատրաստ եմ այնպես խաղալ, ինչպես կուզեի։ Դա ֆուտբոլի ամենամեծ մրցաշարն է, և, բնականաբար, ոգևորված եմ»։
Վերջում՝ ի՞նչ կասեք Բարսելոնայի երկրպագուներին։
«Ես իսկապես ուզում եմ վերադառնալ այնտեղ։ Մենք շատ ենք կարոտում Բարսելոնան։ Երեխաներս ու կինս անընդհատ խոսում են քաղաքի մասին։ Ունենք մեր տունը, ամեն ինչ։ Ուզում եմ վերադառնալ նաև մարզադաշտ՝ երբ այն պատրաստ լինի։ Քանի որ Փարիզ գնալուց հետո դեռ չեմ եղել Կամպ Նոուում։ Հուզիչ կլինի նոր մարզադաշտը տեսնել և հիշել ամեն ինչ։ Շատ շնորհակալ եմ այն սիրո համար, որը միշտ ստացել եմ։ Շնորհակալություն բոլորին»։
