Լևանդովսկին այլևս վստահելի չէ՞
Ռոբերտ Լևանդովսկին բացառիկ ֆուտբոլիստ է և համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը, ումով հիանում են ողջ աշխարհում։
Չնայած տարիքին՝ Բարսելոնայի վետերանը շարունակում է մնալ գերազանց ֆիզիկական վիճակում և Լա Լիգայի ներկայիս չեմպիոնների լավագույն ռմբարկուներից է։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է MARCA-ն, այս մրցաշրջանում, հատկապես վերջին շաբաթների ընթացքում, նա կորցրել է հիմնական կազմի մշտական խաղացողի իր կարգավիճակը։ Նա դեռևս անփոխարինելի է, բայց այլևս «անձեռնմխելի» չէ։
Լևանդովսկին սովոր է մասնակցել յուրաքանչյուր հանդիպման։ Նա անվիճելի առաջատար էր Բավարիայում, ինչը սկիզբ էր առել դեռ Բորուսիա Դորտմունդում ունեցած տարիներից և շարունակվել Բարսելոնայում։
Նրա որակներն ու գոլային հոտառությունը նրան դարձրել էին մեկնարկային կազմի անփոխարինելի կերպար։ Եթե նա պատրաստ էր խաղին, ապա հաստատ դաշտ էր դուրս գալիս։ Սակայն այժմ վետերան գերաստղը ակումբում առաջին անգամ երեք խաղ անընդմեջ մնացել է պահեստայինների նստարանին, ինչն աննախադեպ երևույթ է ֆուտբոլիստի համար։
Բարսելոնայում իր նորամուտի մրցաշրջանում Լևանդովսկին բաց չի թողել Լա Լիգայի ոչ մի հանդիպում, որին հասանելի է եղել՝ հանդես գալով մեկնարկային կազմում բոլոր խաղերում, բացի մեկից։ Այս միտումը շարունակվեց նաև 2023/24 մրցաշրջանում, երբ նա մասնակցեց առաջնության բոլոր 35 հանդիպումներին, որոնց ժամանակ պատրաստ էր խաղալ՝ մեկնարկելով դրանցից 32-ում։
Անցյալ մրցաշրջանում վետերանը երկու խաղում մնաց պահեստայինների նստարանին, որոնցից մեկի պատճառը վնասվածքից նոր ապաքինված լինելն էր։Այս անգամ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Ֆլիկը Լևանդովսկուն թողել է պահեստայինների նստարանին Լա Լիգայի վերջին երեք խաղերում՝ Ռեալ Բետիսի, Օսասունայի և Վիլյառեալի դեմ։ Սա մի սցենար է, որը միանգամայն խորթ է վետերան հարձակվողի համար։
Փաստացի, Լևանդովսկին Բետիսի և Օսասունայի դեմ խաղերում ոչ մի րոպե դաշտում չանցկացրեց, իսկ Վիլյառեալի դեմ խաղում դուրս եկավ փոխարինման ընդամենը 28 րոպեով։ Լևանդովսկու համար ստեղծված այս նոր իրավիճակը պայմանավորված է Ֆլիկի կողմից կիրառվող աշխատանքային ծանրաբեռնվածության կառավարմամբ։
Վետերան հարձակվողը թեթև խնդիրներ է ունեցել ծնկատակի ջլի և գոտկատեղի շրջանում, իսկ մարզիչը չի ցանկանում ռիսկի դիմել։ Բացի այդ, այս նոր իրավիճակը բացատրվում է նաև կազմում այլ խաղացողների առկայությամբ, ովքեր ունակ են փոխարինել նրան։
Ֆեռան Տոռեսը ստանձնել է 9-ը համարի դերը այն խաղերի մեծ մասում, երբ Լևանդովսկին բացակայել է, և հանդես է եկել վստահ ելույթներով։ Չնայած դրան, լեհ հարձակվողը շարունակում է մնալ շատ կարևոր կերպար Ֆլիկի համար։ Հենց այդ պատճառով էլ նրա ուժերը խնայվում են, որպեսզի նա չենթարկվի անհարկի ռիսկի։
Այնուամենայնիվ, այս նոր դերը նաև փաստում է, որ նա այլևս անփոխարինելի չէ և լրացուցիչ անորոշություն է հաղորդում Բարսելոնայում նրա ապագային, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսին։
Դեկուն և Ֆլիկը շատ գոհ են նրա պրոֆեսիոնալիզմից, խաղից և ներդրումից, սակայն նախընտրում են զգուշավորություն ցուցաբերել։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ տեղի կունենա մինչև մրցաշրջանի ավարտը։
