Լապորտան հերթական զգուշացումն է հղել Ռեալ Մադրիդին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մասնակցել է Տեռասայի Penya 1900-ի նոր կայանի բացման արարողությանը, որտեղ նրան ուղեկցել է վնասվածքից ապաքինվող կիսապաշտպան Դանի Օլմոն։
Միջոցառման ընթացքում Լապորտան խոսել է թիմի ներկա վիճակի մասին, ինչպես նաև անդրադարձել Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից ակումբի հասցեին հնչող հերթական մեղադրանքներին՝ կապված Նեգրեյրայի գործի հետ։
Լապորտայի զգուշացումը
Պերեսի վերջին հայտարարություններից հետո Լապորտան կոշտ արձագանք է տվել՝ նշելով, որ Մադրիդում չեն կարողանում հաշտվել Բարսելոնայի վերածնված ուրախության հետ և իրենց խնդիրները քողարկելու համար շարունակ խոսում են կատալոնական ակումբի մասին։
«Ուզում էի ասել, որ մեզ հաջողվել է շրջել իրավիճակը, հաստատությունը ամուր է, և ուրախությունը վերադարձել է Բարսելոնա։ Թվում է՝ ոմանք դա չեն կարողանում հանդուրժել», — ասել է Լապորտան՝ ի պատասխան ստանալով ներկաների մի մասի ծիծաղը։
Այնուհետև ակումբի նախագահը հավելել է. «Ինչո՞ւ եք այդքան սարկաստիկ ծիծաղում։ Ի՞նչ եք հասկացել։ Ու՞մ նկատի ունեի։ Այստեղ՝ Տեռասայում, շատ խորամանկ եք։ Թվում է՝ իրոք չեն կարողանում դա ընդունել»։
Անդրադառնալով իսպանական մայրաքաղաքից եկող վերջին ուղերձներին՝ Լապորտան շարունակել է. «Ուրախությունը վերադարձել է Բարսելոնայի երկրպագուներին, իսկ մյուսները՝ իրենց թերություններից ուշադրությունը շեղելու համար, ստիպված են միայն Բարսելոնայի մասին խոսել։ Այս թեմային դեռ կանդրադառնամ։ Ոչ հիմա, ոչ այստեղ, այլ ավելի հանգիստ պայմաններում, քանի որ կարծում եմ՝ սա արդեն չափից դուրս է գալիս»։
Լապորտան նաև ընդգծել է. «Սիրել Բարսելոնան նշանակում է պաշտպանել ակումբը ամեն ինչից և բոլորից։ Պաշտպանել այն՝ ամենից վեր դասելով։ Դժվարություններ դեռ շատ են լինելու։
Բայց այստեղ պետք է ուժեղ լինել, զգոն լինել և ամենից առաջ պաշտպանել Բարսելոնան՝ գիտակցելով, որ սա անում ենք մեկ բանի համար՝ ուժեղ, կենդանի Բարսելոնայի պահպանման համար։
Ակումբ, հաստատություն՝ ավելի քան 126 տարվա պատմությամբ, նվիրված սպորտին, ժողովրդավարությանը, ազատությանը, Կատալոնիային և ակումբի կատալոնական ինքնությանը»։
Ելույթը եզրափակելով՝ Լապորտան կենտրոնացել է թիմի խաղային ցուցանիշների վրա. «Մեզ մնում է մշտապես մտածել Բարսելոնայի մասին և փորձել պահել այս թափը, քանի որ մենք առաջին տեղում ենք և չորս միավորով առաջ ենք երկրորդ թիմից»։
Վերջում նա գովեստի խոսքեր է ասել նաև Դանի Օլմոյի հասցեին. «Նա յուրահատուկ է։ Շատ լավ խաղացող է, մերն է, հրաշալի մարդ։ Նրանք չէին ուզում, որ մենք նրան գրանցենք, բայց ահա նա այստեղ է։ Հուսով եմ՝ աջ ոտքի իր վարպետությամբ նա կօգնի մեզ հաղթել Չեմպիոնների լիգան»։
Աղբյուր՝ SPORT
