ad-banner-1
Յամալ–Լամին–Բարսա–Բարսելոնա–Ռայո Վալյեկանո

Լամին Յամալը`Մեսսիին գերազանցելու մասին

Բարսելոնայի երիտասարդ հարձակվող Լամին Յամալը միշտ հայտնվում է լարված իրադարձությունների էպիկենտրոնում, սակայն Mundo Deportivo-ին տված վերջին հարցազրույցում մենք տեսնում ենք այլ Յամալ՝ ով փոխվել է և դասեր քաղել։ Հարցազրույցի ընթացքում նա կիսվել է իր նպատակներով և երազանքներով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Աշխարհի առաջնությո՞ւն։

«Ես աշխարհի առաջնություն եմ մեկնում կյանքիս ամենալավ պահին։ Կարծում եմ՝ Իսպանիան վաղուց լուրջ հավակնորդ չի եղել։ Տեսնում եմ, որ երկիրը շատ ոգևորված է, և ես մեծ անհամբերությամբ եմ սպասում մրցաշարին»։

Ձեր սիրելի գո՞լը։

«Ես 3-4 սիրելի գոլ ունեմ՝ իրենց կարևորությամբ, բայց եթե պետք լինի ընտրել մեկը, ապա՝ Ֆրանսիայի դարպասը Եվրոպայի առաջնությունում խփած գոլը։ Այն կարևոր էր և շատ գեղեցիկ»

Ձեզ չեք պահում որպես սովորական 18-ամյա…

«Դժվար է լինել սովորական 18-ամյա։ Նույնիսկ եթե ուզենայի, դա չէր ստացվի։ Սովորական երեխաները դպրոցից տուն են գնում։ Ես գնում եմ մարզումների, որտեղ լուսանկարիչները կանգնած են տան մոտ, իսկ երեխաները փողոցում կրում են իմ մարզաշապիկը։ Կցանկանայի հանգիստ գնալ ռեստորան, ինչպես սովորական մարդ, բայց չեմ կարող, որովհետև ինձ անընդհատ կանգնեցնում են։ Դա նորմալ է. ես հայտնի եմ։ Այդ պատճառով փորձում եմ զբաղվել ավելի պարզ բաներով՝ այցելել մայրիկիս, եղբորս կամ խաղալ վիդեոխաղեր»։

Ձեզ հաճախ փակում են 2 կամ 3 պաշտպանով, դուք հատուկ վտանգ եք յուրաքանչյուր մրցակցի համար…

«Եթե իմ դիմաց երեք պաշտպան եմ տեսնում, պայքարում եմ նրանց դեմ։ Ես մեծ ինքնավստահություն ունեմ, և դա իմ խաղաոճն է։ Թեպետ միշտ չի ստացվում։ Ես այլ խաղացող կլինեի, եթե կանգնեի ամեն անգամ, երբ տեսնեմ իմ դիմաց երկու կամ երեք խաղացող է»։

Երբևէ մտածե՞լ եք խաղալ Մարոկկոյի հավաքականում։

«Այո, բայց ես միշտ երազել եմ խաղալ Եվրոպայի առաջնությունում։ Բացի այդ, ինձ թվում էր, որ Իսպանիայի կազմում աշխարհի առաջնությունում հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունեմ։ Ես միշտ սիրելու եմ Մարոկկոն։ Դա ևս իմ երկիրն է, բայց, ի վերջո, ես մեծացել եմ Իսպանիայում և այն նույնպես համարում եմ իմ երկիրը»։

Դուք շատ ազդեցիկ ֆուտբոլիստ եք…

«Մարդիկ ինձ ասել են, որ իմ շնորհիվ կրկին սկսել են ֆուտբոլ դիտել։ Մայրիկս հիմա բոլոր խաղերս է նայում։ Դպրոցներում մարդիկ դադարել էին ֆուտբոլային մարզաշապիկներ կրել, բայց հիմա այդ սովորությունը վերադարձել է։ Նույնիսկ Բարսելոնա եկած զբոսաշրջիկներն են կրում Բարսելոնայի 10 համարով մարզաշապիկները։ Դա ինձ շատ բան հասկացրեց։

Ֆուտբոլ խաղալը միակ բանն է, որը ստիպում է մոռանալ ամեն ինչ։ Լինում է, որ խնդիր ունեմ, բայց եթե խաղ կա, մտածում եմ միայն դրա մասին։Ես ինձ համարում եմ ուրախ խաղացող։ Կարծում եմ՝ դա ամենահարմար բառն է։ Վերջիվերջո, նպատակը մեկն է՝ մարդիկ պետք է հաճույք ստանան ֆուտբոլից, իսկ մենք պետք է նրանց համար իրական շոու ստեղծենք»։

Լիոնել Մեսսիի հետ մրցակցության մասին

«Կարծում եմ, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, սակայն նա նաև գիտի, որ ես լավ խաղացող եմ։ Եթե երբևէ խաղանք միմյանց դեմ, ապա մեր միջև հաստատ կլինի փոխադարձ հարգանք։ Նա գիտի, որ ես չեմ փորձում լինել իր նման, խաղալ իր նման կամ կրել նրա՝ 10 համարը։ Ես ուզում եմ լինել ես ինքս։

Իմ նպատակը ռեկորդներ գերազանցելն ու միլիոն գոլեր խփելը չէ։ Ես մարզիկ եմ, ով պարզապես ուզում է հաճույք ստանալ խաղից։ Հույս ունեմ՝ երեխաները կուզենան օրինակ վերցնել ինձնից։ Ես ուզում եմ մարդկանց տրամադրությունը փոխել։ Եթե որևէ մեկը տխուր է և նայում է իմ խաղը, ուզում եմ, որ նրա տրամադրությունը բարձրանա։ Որ նա ավելի երջանիկ դառնա, քան մինչ խաղը»։

Ֆուտբոլը ձեզ համար առաջին տեղու՞մ է։

«Ֆուտբոլը ամեն ինչ է ինձ համար։ Դա իմ կյանքի առաջին սերն է։ Սա այն մարզաձևերից է, որտեղ բոլորը հավասար են։ Դուք կարող եք լինել թե՛ հարուստ ընտանիքից, թե՛ աղքատ, բայց այս աշխարհում բոլորը հավասար են։ Իմ ընկերներն ու ընտանիքն էլ են ամբողջությամբ ընկղմված ֆուտբոլի մեջ»։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցաշրջանից։

«Ես որևէ ակնկալիք չունեմ։ Մտածում եմ միայն խաղի մասին, ոչ թե՝ նպատակներ դնելու։ Կարծում եմ՝ ակնկալիքները, ի վերջո, վատ բան են․ երբ դրանք արդարանում են, կարող է թվալ, թե այլևս նպատակներ չկան, իսկ երբ չեն արդարանում, դու հիասթափվում ես»։

Վերջին անգամ ե՞րբ եք վախ զգացել։

«Երբ վերադարձա արձակուրդից և ստիպված էի գնալ մայրիկիս մոտ»։

Liana

Հեղինակ՝ Liana