ad-banner-1
Ժոան Գարսիա–դարպասապահ

Ժոան Գարսիան և Ժերար Մարտինը ամփոփել են տարվա վերջին հաղթանակը

Ժոան Գարսիան փայլեց Լա Սերամիկա մարզադաշտում և իր դիրքերն ամրապնդեց։ Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, դա բարդ պայքարում ձեռք բերված հաջողություն էր Վիլյառեալի դեմ, որը կարողացավ պաշտպանվել տասը հոգով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

24-ամյա Ժոան Գարսիան Վիլյառեալի դեմ արտագնա խաղում (0-2) ցուցադրեց իր լավագույն ելույթներից մեկը Բարսելոնայի կազմում։ Կատալոնացի դարպասապահը սեյվերի տպավորիչ շարքով անառիկ պահեց սեփական դարպասը և հանդիպման ավարտին շեշտեց 2025 թվականը հաղթանակով և առանց գոլ բաց թողնելու փակելու կարևորությունը՝ հատկապես նման բարդ մրցակցի առջև։

«Մենք գիտեինք, որ տարվա վերջին խաղում երեք միավոր վաստակելը չափազանց կարևոր է։ Մեզ դա հաջողվեց, և մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջատարի դիրքում։ Առջևում դեռ շատ անելիքներ կան, բայց մենք նպատակ ունեինք և հասանք դրան։ Երբ մրցակիցը մնում է տասը հոգով, դա միշտ հեշտացնում է գործը։ Մենք կցանկանայինք ավելի շուտ վճռել հանդիպման ելքը՝ խփելով երկրորդ, ապա երրորդ գոլը, բայց նրանք շատ լավ խաղացին և կարողացան գրագետ պաշտպանվել տասը հոգով։ Էականն այն է, որ վաստակեցինք երեք միավոր և դարպասը պահեցինք անառիկ»,- նշել է Ժոան Գարսիան Բարսելոնայի պաշտոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ դրսևորելով համեստություն իր փայլուն սեյվերի վերաբերյալ հարցին պատասխանելիս։

«Ես պարզապես փորձում եմ հետ մղել դեպի դարպասը թռչող գնդակները։ Լինում են օրեր, երբ դա ստացվում է, և օրեր՝ երբ ոչ։ Այսօր, բարեբախտաբար, գոլ բաց չթողեցինք, և ես շատ երջանիկ եմ»,- եզրափակել է նա։ Դարպասապահը նաև խոստովանել է, որ «կապտանռնագույնների» կազմում անցկացրած առաջին ամիսների հաշվեկշիռը շատ դրական է թե՛ անհատական, թե՛ թիմային մակարդակով։

Նա հավելել է. «Չելսիից կրած պարտությունից հետո մենք զգալիորեն առաջադիմել ենք, հաղթել բոլոր խաղերում, և դա հենց այն ուղին է, որով պետք է շարունակենք»։

Վիլյառեալի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է նաև 23-ամյա Ժերար Մարտինը, ով կրկին հանդես էր գալիս ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա կիսել է թիմակցի տեսակետը՝ նշելով, որ տարին շատ հաջող էր թե՛ անձնական, թե՛ հավաքական առումով։ Պաշտպանն առանձնացրել է թիմի աճը վերջին խաղերում, ինչը հնարավորություն է տալիս կրկին ցուցադրել այն մակարդակը, որը նախկինում հույս էր ներշնչում երկրպագուներին։

«Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մենք մեծ առաջընթաց ենք ապրել։ Բազմաթիվ հարցերում բարելավել ենք մեր խաղը, և դա նկատելի է վերջին հանդիպումներում։ Վիլյառեալը բարդ մրցակից է, իսկ նրանց մարզադաշտը՝ դժվար հաղթահարելի արգելք։ Գիտեինք, որ նրանք դեռ պարտություն չունեին, ուստի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում մնալու համար հաղթանակն անհրաժեշտ էր։ Գուցե դրսից հեշտ թվա, բայց սա իրականում բարդ հանդիպում էր»,- ասել է Ժերար Մարտինը, ով 2026 թվականի համար ցանկություն է հայտնել , որ կարողանան հաղթել Չեմպիոնների լիգան և նվաճել բոլոր գավաթները։

Liana

Հեղինակ՝ Liana