Որքա՞ն լուրջ է Ժյուլ Կունդեի վնասվածքը
Բարսելոնան դրական նորություններ է ստացել Ժյուլ Կունդեի վերաբերյալ այն բանից հետո, երբ Վիլյառեալի դեմ վերջին խաղում, ինչպես նշել էինք` անհանգստության առիթներ էին առաջացել։ Ըստ AS պարբերականի՝ ակումբի բժշկական անձնակազմը բացառել է որևէ լուրջ վնասվածք՝ փարատելով Հանսի Ֆլիկի ամենավստահելի պաշտպաններից մեկի երկարատև բացակայության վերաբերյալ մտավախությունները։
Մտահոգությունն առաջացել էր երեկ կայացած խաղի ժամանակ, երբ Կունդեն հանկարծակի վայր ընկավ՝ բռնելով աջ ոտքի հետնամասը։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ակնհայտորեն ցավ էր զգում և անմիջապես ազդանշան տվեց պահեստայինների նստարանին, որ չի կարող շարունակել հանդիպումը։ Հաշվի առնելով միջադեպի ընթացքը՝ նախնական տեղեկությունները մատնանշում էին հնարավոր մկանային ձգում, իսկ հանդերձարանում ոմանք նույնիսկ վատթարագույնն էին կանխատեսում։
Սակայն ավելի մանրակրկիտ հետազոտությունը ցույց տվեց, որ լուրջ խնդիր չկա, և ամենայն հավանականությամբ Կունդեն պատրաստ կլինի Սուպերգավաթի հանդիպմանը։
