Ֆլիկի առաջին մեկնաբանությունները` Բարսելոնայի հաղթանակին
Բարսելոնան 2025 թվականն ավարտեց անչափ կարևոր հաղթանակով. Վիլյառեալի դեմ 0-2 հաշվով հաղթանակը հնարավորություն տվեց Հանսի Ֆլիկի թիմին միանձնյա առաջատարի դիրքն ամրապնդել։
«Եվս երեք միավոր»,— հայտարարել է Հանսի Ֆլիկը Լա Սերամիկա մարզադաշտի մամուլի ասուլիսների դահլիճում։ Mundo Deportivo-ի նշմամբ, Բարսելոնան 2025 թվականն ավարտում է առաջատարի դիրքում, և մարզիչը կարևորում է դա. «Մտածելակերպն ու վերաբերմունքը ուղղակի անհավանական են։ Ես շատ հպարտ եմ։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Տարվա հիանալի ավարտ է»,- նշել է Հանսի Ֆլիկը՝ որպես հաջողության գրավական մատնանշելով թիմի ամենօրյա մարզումների բարձր մակարդակը։
Նա մի քանի անգամ ընդգծել է, որ թիմը մրցաշրջանի այս հատվածում էներգիայի պակաս ունի. «Իմ թիմը մի փոքր հոգնած է։ Ի վերջո, պաշտպանական գծում շատ տարբերակներ չունենք, ինչը դժվարացնում է կառավարումը։ Ես գոհ եմ խաղացողներից։ Այժմ հանգստանալու ժամանակն է։ Ամենակարևորը՝ երեք միավորն է։ Ֆուտբոլիստները հոգնած են երևում, ուստի դադարը մեզ օգտակար կլինի»։
Մարզիչն առանձնացրել է Ժոան Գարսիայի ելույթը՝ նշելով. «Նա ֆանտաստիկ խաղաց և իր սեյվերով օգնեց մեզ անառիկ պահել դարպասը. նա կարևոր խաղացող է»։ Ֆլիկի կարծիքով՝ արդյունքների բարելավման բանալին պաշտպանական կայունությունն է. «Մենք շատ լավ գործեցինք։ Աշխատել ենք այդ ուղղությամբ՝ բազմաթիվ տեսանյութեր դիտելով, որպեսզի հասկանանք, ինչը պետք է շտկել։ Բացի այդ, շարք են վերադարձել բարձրակարգ ֆուտբոլիստներ»։
Ռենատո Վեյգայի կոպիտ խաղից հետո հրահրված կարմիր քարտի պատճառով Լամին Յամալը տեղի երկրպագուների կողմից սուլոցների էր արժանանում ամեն անգամ գնդակին դիպչելիս։ Հանսին վստահեցրել է, որ կարմիր քարտը միանշանակ էր. «Լամինը պետք է սովորի կառավարել նման իրավիճակները։ Նա խփեց երկրորդ գոլը, և դա լավագույն պատասխանն է»,— ասել է մարզիչը՝ անդրադառնալով պատանի ֆուտբոլիստի նկատմամբ ճնշմանը։
Ինչ վերաբերում է Կունդեին, ով փոխարինվեց խաղավարտից 10 րոպե առաջ, Ֆլիկը պարզաբանել է, որ դա հավանաբար ընդամենը մկանային ջղաձգում է. «Նա երեք-չորս օր հիվանդ էր և որոշակի խնդիրներ ուներ։ Նա ինձ ասաց, որ կփորձի ներդնել առավելագույնը։ Ջղաձգում զգաց, ուստի Բարսելոնա վերադառնալուն պես կստուգենք նրա վիճակը»։
Անդրեաս Քրիստենսենը չմասնակցեց Վիլյառեալի դեմ խաղին և բաց կթողնի նաև առաջիկա հանդիպումները։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու հնարավորության մասին Ֆլիկն ասել է. «Երկուշաբթի օրը կխոսեմ Դեկուի հետ։ Ամենակարևորն այն է, որ Անդրեասը լավ վիճակում վերադառնա։ Մենք պետք է աջակցենք նրան։ Նա հիանալի մարզավիճակում էր, լավ խաղաց Իսպանիայի գավաթի խաղում և փայլում էր մարզումների ժամանակ։ Ցավալի է։ Միայն կարող եմ ասել, որ նրան լավագույնն եմ մաղթում և սպասում եմ նրա շուտափույթ վերադարձին»,— եզրափակել է մարզիչը։
