ad-banner-1

Հարձակվողի տեղափոխությունը Բարսելոնա հայտնվել է փակուղում

Վերջին օրերին լուրջ լավատեսություն կար, որ Բարսելոնան պաշտոնապես կհաստատի եգիպտացի պատանի հարձակվող Համզա Աբդելկարիմի տեղափոխությունը։ Կողմերը արդեն իսկ հասել էին նախնական համաձայնության, և սպասվում էր, որ ֆուտբոլիստը այս շաբաթվա ընթացքում կհասնի Կատալոնիա՝ գործարքն ավարտելու համար։

Սակայն Եգիպտոսից եկող տեղեկությունները կտրուկ սառել են, և SPORT-ի տեղեկացմամբ՝ գործարքի ճանապարհին նոր խոչընդոտ է առաջացել, որի հետևանքով բանակցությունները ժամանակավորապես կանգ են առել։

Ի՞նչ է տեղի ունեցել

Իսպանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ալ Ահլին համաձայնել էր Աբդելկարիմին Բարսելոնա ուղարկել վեցամսյա վարձակալությամբ՝ գնման տարբերակով, սակայն այդ համաձայնությունը պայմանավորված էր ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգմամբ՝ գործող 2027 թվականից հետո։

Սկզբում Ալ Ահլին պահանջում էր 3 կամ 4 տարվա երկարաձգում, սակայն խաղացողը և նրա հայրը կարողացել էին այդ պահանջը նվազեցնել մինչև մեկ տարի։ Այժմ, սակայն, ֆուտբոլիստի կողմը կտրականապես հրաժարվում է ստորագրել որևէ նոր պայմանագիր և պնդում է, որ վարձակալությունը կայանա գործող պայմանագրի շրջանակում։

Եգիպտական ակումբը մտահոգված է սցենարով, ըստ որի՝ Բարսելոնան ամռանը չի օգտագործի գնման տարբերակը, և Աբդելկարիմը կվերադառնա Ալ Ահլի՝ արդեն աճած շուկայական արժեքով, սակայն պայմանագրում ունենալով ընդամենը մեկ տարի։

Իսպանական աղբյուրը հավելում է, որ բանակցությունները ամբողջությամբ չեն տապալվել, սակայն այս պահին գտնվում են փակուղում։ Ճնշումը հիմնականում խաղացողի և նրա շրջապատի վրա է՝ իրավիճակից ելք գտնելու համար։

Գործարքի ֆինանսական կողմը

Բարսելոնայի տեսանկյունից գործարքը նախատեսում է 5 միլիոն եվրո վճարում, որը պետք է ակտիվացվի այն դեպքում, եթե Աբդելկարիմը Բարսելոնա Բ թիմում անցկացնի հինգ հանդիպում։ Եվս 5 միլիոն եվրո նախատեսված է որպես բոնուսներ՝ կախված նրա խաղային ցուցանիշներից։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։