Ֆերմին Լոպեսը երբեմն չի գիտակցում, թե ինչի է հասել Բարսելոնայում
Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը աստիճանաբար դարձել է թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը կիսապաշտպանությունում՝ այդ դիրքը նվաճելով բացառապես իր աշխատանքի և որակների շնորհիվ։
Ամռանը նա մոտ էր ակումբից հեռանալուն․ հետաքրքրություն էր ցուցաբերում Չելսին, սակայն Լոպեսը մնաց Բարսայում, ապացուցեց իր անհրաժեշտությունը և այժմ, ըստ շատերի, Հանսի Ֆլիկի հիմնական ընտրությունն է հարձակողական կիսապաշտպանությունում՝ նույնիսկ Դանի Օլմոյից առաջ։
22-ամյա ֆուտբոլիստը MARCA-ին տված հարցազրույցում խոսել է իր անցած ճանապարհի, հաջողությունների և ներկայիս շրջանի մասին։
Լա Մասիայի տարիները
Ֆերմին Լոպեսը խոստովանել է, որ ապրում է իր մանկության երազանքում. «Ես ապրում եմ երազանքի մեջ։ Սա այն է, ինչի մասին երազել եմ փոքրուց և ինչի համար միշտ աշխատել եմ։ 22 տարեկանում լինել Բարսայում և ազգային հավաքականում՝ իսկական երազանք է»։
Նա պատմել է, որ 13 տարեկանում Բարսելոնա տեղափոխվելը հեշտ չի եղել. «Շատ դժվար էր։ Ես դեռ պատրաստ չէի ընտանիքից ու ընկերներից այդքան հեռու ապրելուն, բայց Լա Մասիայում ինձ շատ լավ էին վերաբերվում, օգնում էին, և դա շատ գեղեցիկ փուլ էր»։
Լինարեսի փուլը
Լոպեսը խոսել է նաև Լինարեսում վարձավճարով անցկացրած շրջանի մասին՝ նշելով, որ սկզբում այն ընկալել է որպես հետքայլ. «Այդ պահին թվում էր, թե Բարսայի դուռը փակվել է իմ առաջ։ Բայց Լինարեսում ես մեծացա՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ»։
Նա ընդգծել է, որ այդ փուլն առանցքային էր իր զարգացման համար. «Եթե չլիներ Լինարեսը, ես չէի հասնի այն ամենին, ինչին այսօր հասել եմ»։
Առաջին թիմը և ձեռքբերումները
Ֆերմինը հիշել է իր դեբյուտը Բարսելոնայի կազմում՝ 2023 թվականին Վիլյառեալի դեմ խաղում. «Անհավանական զգացում էր։ Ես իրականացրի իմ երազանքը։ Թեթև լարված էի, բայց ամեն ինչ լավ անցավ»։
Դեբյուտից ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա նվաճել է Եվրոպայի առաջնությունը, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։
«Երբեմն անգամ չեմ գիտակցում, թե ինչի եմ հասել։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չես հասցնում գնահատել քո դիրքն ու անցած ճանապարհը»։
Չավին և Հանսի Ֆլիկը
Լոպեսը մեծ ջերմությամբ է խոսել Չավի Էռնանդեսի մասին, ով նրան առաջին անգամ վստահեց առաջին թիմում. «Չավին մեծ դեր ունեցավ իմ կայացման մեջ։ Ես շատ բան սովորեցի նրանից»։
Ինչ վերաբերում է Հանսի Ֆլիկին, ապա Ֆերմինը նշել է, որ գերմանացի մասնագետը պահանջկոտ է, բայց նաև մարդկային. «Նա խիստ է, բայց միաժամանակ շատ մոտ է խաղացողներին։ Թիմում մեզ համար ընտանիքի մթնոլորտ է ստեղծել»։
Նպատակները
Ֆուտբոլիստը նշել է, որ թիմի համար բոլոր տիտղոսներն էլ կարևոր են, սակայն Չեմպիոնների լիգան առանձնահատուկ նշանակություն ունի. «Ակումբը երկար ժամանակ չի հաղթել Չեմպիոնների լիգան, և մենք շատ ենք ցանկանում այդ ուրախությունը պարգևել երկրպագուներին»։
Նա նաև խոստովանել է, որ երազում է մասնակցել աշխարհի առաջնությանը։
Վերջում Ֆերմին Լոպեսը բացահայտել է իր հայտնի գոլը տոնելու միջոցի՝ զինվորական ողջույնի պատմությունը՝ նշելով, որ այն ծնվել է ընկերոջ հետ կատակի արդյունքում և հետագայում դարձել իր անձնական նշանը։
