Հանսի Ֆլիկ. «Ես խաղացողներին ասացի…»
Բարսելոնան 3-1 հաշվով պարտության մատնեց Էլչեին։ Առաջին խաղակեսում գոլերի հեղինակ դարձան Լամին Յամալը և Ֆեռան Տոռեսը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում հաղթական հաշիվն ապահովեց Մարկուս Ռեշֆորդը։
Ետխաղային մամուլի ասուլիսում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ամփոփել է հանդիպումը։
Հանսի Ֆլիկ․ «Այսօր ես շատ դրական բաներ տեսա։ Մենք հիանալի ենք գործում, բայց նկատեցի, որ որոշ բաներ չենք արել այնպես, ինչպես պետք է, և դրա վրա պետք է աշխատենք։ Ես խաղացողներին ասացի. «Շարունակեք նույն ոգով, բայց մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք և պայքարենք խաղի ընթացքում»։ Այսօր մեր դիմաց թիմ էր, որը սիրում է վերահսկել գնդակը, և նրանց դեմ երբեք հեշտ չի լինում խաղալ։ Սկզբից մենք ուզում էինք նրանց վրա բարձր ճնշում գործադրել, և դա մեզ հաջողվեց՝ արդյունքում խփելով շատ կարևոր գոլեր։ Իհարկե, մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք, բայց չկարողացանք լիարժեք օգտագործել դրանք, և դա ևս մի կողմ է, որ պետք է զարգացնենք։ Ամենակարևորը՝ մենք վաստակեցինք երեք միավոր։
Այս հաղթանակը պետք է մեզ ավելի շատ վստահություն և հավատ տա մեր գործողությունների նկատմամբ, և հենց դա է այն, ինչ հիմա մեզ պետք է»։
Այս խաղում դուք հանդես եկաք առանց Պեդրիի։ Մենք տեսանք, որ Ֆրենկի դե Յոնգը խաղում էր, բայց երբեմն թիմին չէր հերիքում ինքնատիրապետումն ու տեմպի վերահսկումը, և նույնիսկ Էրիկ Գարսիան բղավում էր իր թիմակիցներին՝ հանգստանալու համար։ Կցանկանայի՞ք խաղի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն տեսնել՝ Պեդրիի բացակայության պայմաններում։
«Ոչ, այդ առումով խաղը բարդ չէր, որովհետև մենք ունակ ենք դրան դիմակայելու։ Ես դա հաճախ եմ տեսնում նաև մարզումներին։ Բոլորը գիտեն, որ Պեդրին բացառիկ ֆուտբոլիստ է, և իհարկե մենք կուզենայինք, որ նա մեզ հետ լիներ յուրաքանչյուր խաղում, բայց հիմա դա անհնար է, ուստի պետք է հարմարվենք իրավիճակին այնպես, ինչպես կա։
Էրիկը լավ փոխանցող է, ես նրան ասացի, որ գնդակով ավելի վստահ լինի։ Ռեշֆորդը ավելի շատ գոլեր կարող էր խփել, իսկ Կուբարսին որոշ խնդիրներ ուներ, քանի որ նա չէր մարզվել, սակայն մենք նրան փոխարինողներ ունենք։ Կարծում եմ՝ խաղացողներն այսօր լավ հանդես եկան, սակայն առջևում մեզ շատ աշխատանք է սպասվում, և մենք այն կանենք»։
Խաղի ավարտին տեսանք, որ դուք մարզչական շտաբի հետ խոսում էիք Լամինի մասին։ Ինչպե՞ս կգնահատեք նրա ներկայիս վիճակը։
«Ինչպես գիտեք, նրա վնասվածքը դեռ իրեն զգացնել է տալիս, և պետք է զգույշ վերաբերվի դրան։ Երեկ ասացի, որ նա հիանալի է գործում։ Նա շատ կարգապահ է և լրջորեն է վերաբերվում իր վիճակին։ Բայց պետք է շարունակի սովորել, բուժվել և անել անհրաժեշտ ամեն բան, ինչը նա արդեն անում է։ Դա նրա համար առաջընթաց է, բայց չեմ կարող ասել, որ վնասվածքը լիովին անցել է։ Վիճակը դեռ տատանվում է՝ բարելավման և հետընթացի միջև, ու ինչպես արդեն նշել եմ, նա պետք է զգուշորեն և հետևողականորեն կառավարի իր վիճակը»։
Դուք նշեցիք, որ թիմը դեռ զարգացման տեղ ունի։ Իսկ ի՞նչ կասեք Ֆերմին Լոպեսի մասին։
«Իհարկե, այն, ինչ ասացի թիմի մասին, վերաբերում է նաև նրան։ Կարծում եմ՝ Ֆերմինը, ինչպես մյուս խաղացողները, հրաշալի արդյունքների է հասել, բայց կան բազմաթիվ ասպեկտներ, որոնք նա պետք է բարելավի։ Նա դեռ ամբողջությամբ չի բացահայտել իր ներուժը, բայց առաջիկա տարիներին անպայման զգալիորեն կզարգանա՝ ես լիովին վստահ եմ դրանում։ Նրա դերը մեզ համար շատ կարևոր է, քանի որ նրա խաղը տարբերվում է մեծ դինամիկայով։ Եթե նայեք վերջին խաղերին, կտեսնեք, որ նա մշտապես մասնակցել է վտանգավոր պահերի ստեղծմանը կամ խփել է գոլեր, ինչը ցույց է տալիս նրա աճող նշանակությունը թիմում»։
Խաղից հետո դուք ավելի քան մեկ րոպե զրուցում էիք Էկտոր Ֆորտի հետ։ Կարո՞ղ ենք իմանալ, ինչի մասին էիք խոսում։
Հանսի Ֆլիկ․ «Ոչ։ Ես պարզապես ուզում էի իմանալ, թե ինչպես են Էկտորն ու Ինյակին իրենց զգում Էլչեում և ինչպես են ընթանում նրանց գործերը։ Եթե ցանկանում եք իմանալ, թե կոնկրետ ինչի մասին ենք խոսել, կարող եք նրանցից հարցնել»։
Ժոան Գարսիա՞։ Անցել է մոտ 4–6 շաբաթ նրա վնասվածքից հետո, և կցանկանայի իմանալ, ինչպես է ընթանում վերականգնումը և կա՞ արդյոք հավանականություն, որ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ չորեքշաբթի։
Ֆլիկ․ «Մենք ակնկալում ենք, որ նա թիմին կմիանա միջազգային դադարից հետո առաջին խաղին, բայց չեմ կարծում, որ նա պատրաստ կլինի չորեքշաբթի»։
