Ֆրենկի դե Յոնգը խոսել է Տեր Շտեգենի մասին
Բարսելոնայի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հանդես է եկել թիմակից Մարկ-Անդրե Տեր Շտեգենին աջակցության խոսքով՝ վերջինիս կապիտանի կարգավիճակի շուրջ ստեղծված անորոշության ֆոնին։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը, որն այս պահին ապաքինվում է մեջքի վնասվածքից, կարող է զրկվել կապիտանի թևկապից։ Ըստ տեղեկությունների՝ Բարսելոնայի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենի վերջին որոշ գործողություններից, ինչը կարող է ազդել նրա առաջնորդական դիրքի վրա։
Սեուլի հետ ընկերական խաղում (7-3) փայլուն հաղթանակից հետո դե Յոնգը անդրադարձավ այս խնդրին՝ հստակ արտահայտելով իր դիրքորոշումը.
«Ինձ համար Մարկը թիմի ավագն է, ինչպես եղել է նախորդ մրցաշրջանում։ Նա համաշխարհային մակարդակի դարպասապահ է, ով միշտ իրեն ամբողջությամբ նվիրել է ակումբին։ Ես լիարժեք աջակցում եմ Մարկին, և որքան գիտեմ, թիմում բոլորը այդպես են մտածում», – նշել է դե Յոնգը։
Խոսելով Էսպանյոլից նոր տեղափոխված դարպասապահ Ժոան Գարսիայի մասին՝ դե Յոնգը նշեց. «Չգիտեմ՝ Մարկն ինչ կարծիք ունի այս տրանսֆերի նկատմամբ, դա պետք է նրան հարցնեք։ Բայց նոր դարպասապահը շատ լավն է»։
Բացի այդ, նիդերլանդցի ֆուտբոլիստը հաստատեց, որ շուտով կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ.
«Սովորական պայմաններում տեղի կունենա պայմանագրի երկարաձգումը։ Ես երջանիկ եմ Բարսելոնայում, և որքան գիտեմ՝ ակումբն էլ է գոհ ինձանից», – եզրափակեց դե Յոնգը։
