ad-banner-1

Ֆլիկը խոսել է Էրիկ Գարսիայի, Ռեշֆորդի, տեր Շտեգենի և Ռեալ Մադրիդի մասին

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հանդես է եկել նախախաղային ասուլիսով։ Լա Լիգայում Օսասունայի դեմ դիմակայությանն ընդառաջ գերմանացին պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Լա Լիգայում յուրաքանչյուր հանդիպում բարդ է, հատկապես երբ դու քո մակարդակի 100 տոկոսով չես խաղում։ Մենք ցանկանում ենք հանդես գալ մեր առավելագույն մակարդակով։

Մենք լավ ենք պատրաստվում առաջիկա խաղին՝ անկախ նրանից մրցակցում ենք Ատլետիկոյի, Աթլետիկ Բիլբաոյի թե Օսասունայի դեմ։ Կենտրոնացած ենք խաղացողներին պատրաստելու այնպիսի որակով, ինչպիսին պահանջում է հանդիպումը։ Մեր նպատակը երեք միավոր վաստակելն է։

Խաղացողների միջև մրցակցությունը խթանո՞ւմ է թիմին։

Հանսի Ֆլիկ․ «Ինչպե՞ս ասեմ։ Կարծում եմ՝ Բարսայի նման մեծ թիմի համար, որը մասնակցում է բոլոր մրցաշարերին, կարևոր է ունենալ որակյալ և խորը կազմ։

Ես ուրախ եմ, որ յուրաքանչյուր դիրքում ունենք երկու կամ երեք խաղացող։ Դա բարձրացնում է նրանց մակարդակը՝ միմյանց հետ մրցակցելով դիրքերի համար։ Նույնը վերաբերում է Ֆեռանին և Լևանդովսկիին․ դա լավ է, քանի որ նրանք միշտ պետք է հանդես գան ամենաբարձր մակարդակով։

Երբ տեսնում ենք, թե ինչ են նրանք ցուցադրել վերջին շաբաթներին, անկախ նրանից՝ Լևանդովսկին է եղել, թե Ֆեռանը, արդյունքը գերազանց է։ Մանավանդ այն, ինչ տեսնում ենք մարզումներում․ դա շատ դրական ազդակ է։

Ինչպես միշտ ասել եմ, մարզումներում որակը լիովին փոխվել է՝ համեմատած երկու ամիս առաջվա հետ։ Սա Բարսան է, և մենք պետք է մարզվենք բարձր որակով․ այդ դեպքում միշտ կկարողանանք առաջադիմել»։

«Որտե՞ղ է խաղալու Էրիկ Գարսիան։ Ինչպես տեսաք վերջին հանդիպումներում, մենք Էրիկին օգտագործեցինք որպես վեց համար, և նա լավ հանդես եկավ։ Այս պահին ճիշտ է պահել կայունությունը, բայց երբեք չգիտես՝ ինչ կարող է լինել։ Կարևոր է, որ նա լավ վերականգնվի առաջիկա ժամերին, և հետո արդեն վաղը կորոշենք»։

Ֆրենկին ավելի քիչ ժամանակ կստանա՞, եթե Էրիկ Գարսիան հենակետայինի դիրքում հայտնվի։

«Ինչպես արդեն նշել եմ, սա ներկա իրավիճակն է։ Վերջին շրջանում մենք լավ խաղեր ենք անցկացրել՝ Լամին Յամալի, Կուբարսիի, Ժերարի, Բալդեի և Էրիկի հետ։

Ֆրենկին առողջական խնդիր ուներ և բաց թողեց երկու հանդիպում, այդ պատճառով էլ չխաղաց։ Նա դեռ պետք է վերականգնվի։ Նորմալ է, որ բացակայություն ունի տեղի ունեցածից հետո։ Ինձ համար կարևոր է դաշտ դուրս բերել լավագույն 11 խաղացողներին, որպեսզի կարողանանք վաստակել երեք միավորը»։

Խոսո՞ւմ եք Տեր Շտեգենի հետ։

«Իհարկե խոսում եմ խաղացողների հետ․ դա իմ աշխատանքն է։ Բայց դա մեր միջև ներքին հարց է»։

Մարկուս Ռեշֆորդը՞

«Եթե Մարկուս Ռեշֆորդը պահեստայինների շարքում է, դա նշանակում է, որ մենք լավ թիմ ունենք։ Նրա դիրքում ունենք բարձրակարգ խաղացողներ, և հենց դրա պատճառով իրավիճակն այսպիսին է։ Ինչ կարող եմ ասել՝ նա պրոֆեսիոնալ է թե՛ մտածելակերպով, թե՛ պահվածքով։ Սկզբում նա պետք է մի փոքր հարմարվեր, բայց այժմ իր լավագույն մակարդակում է։ Երբ խոսում եմ խաղացողների հետ, միշտ բացատրում եմ, թե ինչու չեն խաղացել։

Երբ փորձեցի Ռեշֆորդին բացատրել, թե ինչու չէր սկսել խաղը, նա ասաց․ «Պետք չէ բացատրել, կարևորն այն է, որ թիմը հաղթի և մենք վերցնենք երեք միավոր։ Մնացածը կարևոր չէ»։ Սա ճիշտ մտածելակերպ է։ Ուրախ եմ, որ նա մեր թիմում է»։

Էրիկ Գարսիան 6 համարի դիրքու՞մ։

«Էրիկ Գարսիան բարձր որակ է ցուցադրել բոլոր այն դիրքերում, որտեղ խաղացել է վերջին ամսվա ընթացքում։ Նրա այդտեղ խաղալը պայմանավորված էր Ֆրենկիի բացակայությամբ։ Այդ պահին որոշեցի նրան օգտագործել վեցի դիրքում, և նա հիանալի հանդես եկավ։

Նրա նման խաղացող ունենալը նշանակում է, որ կարող ես նրան օգտագործել տարբեր դիրքերում, և դա մեծ առավելություն է։ Նա մեզ կայունություն է տալիս թե՛ պաշտպանության, թե՛ խաղի կառուցման փուլում։ Անշուշտ կարող է խաղալ բոլոր դիրքերում և բարձր մակարդակ ապահովել»։

7 միավորով առաջ եք անցել Ռեալ Մադրիդից

«Մենք չենք կենտրոնանում Ռեալ Մադրիդի վրա։ Կենտրոնանում ենք միայն մեր վրա և մեր իրավիճակի։ 100 տոկոսով Բարսելոնա։ Ճանապարհը դեռ երկար է․ մենք դեռ դեկտեմբերում ենք։ Մեզ դեռ շատ հանդիպումներ են սպասվում։ Մեզ համար կարևոր է նայել ինքներս մեզ, որովհետև ունենք յուրաքանչյուր խաղում հաղթելու որակ, և հենց դա է մեր նպատակը։

Կան բաներ, որոնք դեռ պետք է բարելավել, և մենք հենց դրա վրա ենք կենտրոնանում։ Սա կապ չունի մրցաշարային աղյուսակին նայելու և առաջին տեղի համար ուրախանալու հետ։ Պետք է ճիշտ վերաբերմունք ունենանք և չկենտրոնանանք միայն դրա վրա։ Մրցաշրջանի ավարտին, եթե այդ դիրքում ես, ապա վաստակել ես դա, բայց հիմա ճանապարհը դեռ երկար է»։

Դուք նշել եք, որ հիմնական դարպասապահը Ժոան Գարսիան է, բայց ի՞նչ հերթականություն ունեն մյուս երկու դարպասապահները։ 

«Ժոան Գարսիան առաջին դարպասապահն է, և դա է կարևոր։ Ես մտածում եմ այն մասին, թե ով է խաղալու դաշտում, ոչ թե ով է լինելու երկրորդ կամ երրորդ համարում։ Կարևորն այն է, որ ունեմ դարպասապահներ, որոնց վստահում եմ։ Ժոանը վաստակել է առաջին դարպասապահ լինելը և լավ է հանդես գալիս»։

Բալդե՞

«Բալդեն դեռ շատ երիտասարդ է։ Կարող եմ ասել, որ նրան տեսնում եմ լավ մարզավիճակում։ Նա կենտրոնացած է և լուրջ է մարզվում վնասվածքից հետո։

Նա հրաշալի ունակություններ ունի։ Գուցե դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց ես հավատում եմ, որ կարող է խաղալ Իսպանիայի հավաքականում։ Պարզապես պետք է դա ցույց տա յուրաքանչյուր խաղում ու յուրաքանչյուր րոպեին։ Նա արագ է, լավ է պահում գնդակը։ Կարծում եմ՝ կարող է զարգացնել փոխանցումների որակը։ Բայց իր մտածելակերպով և վարքով նա ճիշտ ուղղությամբ է շարժվում։

Չաբի Ալոնսոյին քննադատում են վեց ամիս անց։ Մեդիան անարդա՞ր է մարզիչների հանդեպ։

«Սա մի թեմա է, որի մասին կարելի է երկար խոսել, բայց չեմ ցանկանում։ Ինչպես արդեն ասել եմ, չեմ ուզում խոսել Ռեալ Մադրիդի մասին, այլ միայն Բարսելոնայի։ Դրա համար էլ այստեղ եմ։ Կներեք»։

Աղբյուր՝ AS

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։