Ֆլիկը չի ներում՝ հեշտ մրցակիցներ չկա՛ն, հարցրեք Մադրիդին
Հանսի Ֆլիկը հանդես է եկել մամուլի ասուլիսով Ռիադ Էյր Մետրոպոլիտանո մարզադաշտում՝ Ատլետիկո Մադրիդի դեմ Արքայական գավաթի խաղի նախաշեմին։ Ճեպազրույցը` ըստ AS-ի.
Ինչպե՞ս եք մոտենում Ատլետիկոյի դեմ խաղին։
«Մենք որոշակի խնդիրներ ունենք։ Ռեշֆորդը պատրաստ չէ, նա հարված է ստացել։ Սա լավ նորություն չէ, բայց ես հավատում եմ իմ թիմին։ Իրավիճակը հեշտ չէ։ Մենք խաղում ենք ֆանտաստիկ թիմի դեմ։ Ես տեսա Բետիսի դեմ գավաթային խաղը, և այն տպավորիչ էր։ Չոլոն հիանալի աշխատանք է կատարում Ատլետիկոյում։ Ծանր խաղ է լինելու»։
Ի՞նչ է կատարվում Ռաֆինյայի հետ։
«Քայլ առ քայլ։ Մենք պետք է խնայենք նրան։ Նա այնպիսի խաղացող է, ով ամեն ինչ տալիս է դաշտում՝ բարձր ինտենսիվությամբ։ Եթե նա ինչ-որ բան է զգում, պետք է զգույշ լինել։ Ես ուրախ չեմ, որովհետև նրա կարիքն ունենք՝ ինչպես Պեդրիի, Գավիի, Անդրեասի կամ Մարկուսի»։
Արդյո՞ք նա վախենում է նորից վնասվածք ստանալուց։ Սա ավելի շատ հոգեբանական, թե՞ ֆիզիկական խնդիր է։
«Դա զգացողությունների հարց է։ Դու պետք է խնամես քո մարմինը, ինչն էլ նա անում է, իսկ մենք պետք է աջակցենք նրան»։
Մտահոգո՞ւմ է ձեզ Մետրոպոլիտանոյի խոտածածկը։
«Դա լավ չէ, որովհետև մենք պետք է խնամենք խաղադաշտերը։ Իսպանիայում սովորաբար ֆանտաստիկ պայմաններ են լինում։ Հուսով եմ՝ վաղը ամեն ինչ լավ կլինի»։
Պե՞տք է մտածել նաև պատասխան խաղի մասին։
«Այս երկու խաղերը կորոշեն եզրափակիչ հասնողին։ Հիշելով նախորդ մրցաշրջանը՝ դժվար էր․ առաջինը խաղացինք տանը, և դա անհավանական հանդիպում էր։ Սրանք երկու հանդիպումներ են, որտեղ պետք է լավ հանդես գալ․ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 180 րոպե։ Մենք պատրաստ ենք և ուզում ենք հասնել եզրափակիչ»։
Արդյո՞ք Ատլետիկոյի դեմ խաղալն ավելի դժվար է, քան Մադրիդի։
«Ես կենտրոնացած եմ միայն այս խաղի վրա։ Չեմ սիրում խոսել Մադրիդի մասին։ Ձեզ համար դա հետաքրքիր է, բայց ինձ համար՝ միևնույն է։ Ատլետիկոն հարգանքի է արժանի։ Նման մակարդակի մրցակիցների դեմ խաղալը ֆանտաստիկ է»։Ի՞նչ եք ասում նրանց, ովքեր թերագնահատում են ձեր վիճակը Գավաթում՝ մատչելի մրցակիցների դեմ խաղալու պատճառով։«Հարցրեք Մադրիդին»։
Ինչպե՞ս եք տեսնում Ռոնալդ Արաուխոյին։
«Ռոնալդի հետ կապված իրավիճակը մենք գիտենք։ Նա անկեղծացավ, և մենք աջակցեցինք նրան ամեն ինչում։ Այդպես բացվելը նշանակում է, որ դու ուժեղ ես։ Ֆուտբոլում շատ բան կախված է մտածելակերպից։ Կարևոր է հոգ տանել խաղացողների մասին։ Որպես մարզիչ՝ դու պետք է պատասխանատվություն ստանձնես բոլորի համար»։
Արդյո՞ք Կունդեի համար դժվար է հասնել իր առավելագույն մակարդակին։
«Ժյուլը մարտիկ է։ Նա միշտ կենտրոնացած է։ Մենք մարդիկ ենք, և գուցե մի օր լավագույն մարզավիճակում չլինես, բայց նա միշտ պայքարում է։ Նա ունի բարձրակարգ մտածելակերպ։ Վաղը նա դա կապացուցի»։
Ի՞նչն է ձեզ ամենաշատը զարմացնում Լամին Յամալի մեջ։
«Շատ գոհ եմ այն ամենից, ինչ տեսնում եմ նրա խաղում։ Դաշտում նա միշտ ունակ է խաղի ընթացքը փոխել ճիշտ ուղղությամբ։ Նա մեծ խաղացող է և ունի այն ամենը, ինչ մենք սիրում ենք ֆուտբոլում՝ դրիբլինգ, մեկը մեկի դեմ պայքար։ Մարզումների ժամանակ նա միշտ ցանկանում է կատարելագործվել»։
Ձեզ հոգնեցնո՞ւմ են Մադրիդի հետ կապված վեճերը։
«Պետք է հարգել նաև Երկրորդ դիվիզիոնի թիմերին։ Անցյալ տարի մենք խաղացինք Բարբաստրոյի դեմ, հետո՝ Բետիսի և Վալենսիայի։ Այս տարի Ալբասետեի և Սանտանդերի դեմ նույնպես այդպես էր։ Սա Գավաթն է, և նրանք որակ ցույց տվեցին։ Ինձ համար իմաստ չունի Մադրիդի հետ վիճելը․ դա միայն էներգիայի կորուստ է, իսկ ես դա չեմ սիրում»։
