Բարսելոնայի լեգենդի ոգով․ Ֆլիկը բացահայտում է իր նպատակը՝ Կրոյֆի համար
Ընդամենը մի քանի օրից կլրանա Բարսելոնայի լեգենդար խաղացողի և մարզչի՝ Յոհան Կրոյֆի մահվան 10-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որի ընթացքում հանրության համար կբացվեն աննախադեպ արխիվներ՝ լուսանկարներ և ձայնագրություններ, որտեղ նիդերլանդցին, մահվանից քիչ առաջ, խոսում է իր կյանքի պատմության մասին։ Բացի այդ, առաջին անգամ մանրամասն հարցազրույցներ են ներկայացվում ընտանիքի անդամների, ֆուտբոլի լեգենդների և նրա մտերիմների մասնակցությամբ՝ նվիրված հանճարի կյանքին ու ժառանգությանը։
Ֆիլմում «թռչող հոլանդացու» մասին խոսել է նաև Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը, որը, նույնիսկ մի փոքր հուզված, նշել է. «Ի՞նչ կարող եմ ասել։ Ես շատ հպարտ եմ, որ Բարսայի մաս եմ կազմում և անում եմ ամեն ինչ, որպեսզի Յոհանը վերևից հպարտանա մեր արած ամեն ինչով»։
Մյուս կողմից, աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Պեդրին, ևս իր կարծիքն է հայտնել Կրոյֆի մասին. «Նա ժամանակակից ֆուտբոլի գյուտարարն է՝ այն ամենի, ինչ մենք ուզում ենք, որ Բարսան լինի․ խաղի այդ ձևը, խաղադաշտում զվարճանալը… Նա Բարսայի ամենակարևոր անձնավորությունն է՝ թե՛ գաղափարախոսության, թե՛ այն առումով, թե ինչպես է փոխել այս ակումբի ֆուտբոլը»։
Ըստ SPORT պարբերականի՝ Յոհան Կրոյֆը Բարսելոնա է ժամանել 1973 թվականին և ակումբում անցկացրել է հինգ մրցաշրջան։ Այնուհետև՝ 1988 թվականին, նա վերադարձել է Բարսելոնա արդեն մարզչի կարգավիճակով, և այդ պահից սկսվել է կապտանռնագույնների պատմության ամենահաջող շրջափուլերից մեկը։ Կրոյֆի գլխավորությամբ Բարսելոնան չորս անգամ անընդմեջ նվաճել է Լա Լիգայի տիտղոսը, իսկ 1992 թվականին հաղթել է ակումբի պատմության առաջին Չեմպիոնների լիգան։
Նա ակումբից հեռացել է 1996 թվականին, երբ Ջուզեպ Լուիս Նունյեսի ղեկավարության ներքո իր ընդդիմախոսների ճնշման արդյունքում ստիպված է եղել լքել Բարսելոնան։
