ad-banner-1

Ֆլիկ. «Չեմ ուզում խոսել Լամինի մասին»

Բարսելոնան պատրաստվում է Չեմպիոնների լիգայի հերթական դիմակայությանը՝ այս անգամ հանդիպելով Բելգիայի չեմպիոն Բրյուգեին։ Կապտանռնագույնները պարտավոր են հաղթել՝ դուրս մնալու վտանգը նվազեցնելու համար։ Նախախաղային մամուլի ասուլիսում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և վնասվածքից նոր վերադարձած Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել են լրագրողների հարցերին։

Ֆլիկը՝ Մարկուս Ռեշֆորդի մասին

«Ես դեռ Մանչեսթեր Յունայթեդում տեսել եմ նրա մեծ ներուժը։ Մենք առաջին օրվանից խոսել ենք, և ես հավատում եմ, որ նա խաղացող է, ով կարող է մեզ շատ օգնել։ Նա լավ է խաղում, բայց կարծում եմ՝ մենք կարող ենք խաղալ ավելի լավ։ Երբ ավելի կայուն դառնանք, Մարկուսի հետ կլինենք ավելի ուժեղ»։

Լևանդովսկին՝ արտագնա խաղերի մասին.

«Մեզ համար յուրաքանչյուր միավոր շատ կարևոր է, ինչպես տեսանք անցած մրցաշրջանում, երբ որոշ թիմեր դժվարությամբ կարողացան անցնել հաջորդ փուլ։ Վաղը մեր մտքում միայն հաղթանակն է լինելու։ Բրյուգեի դեմ հեշտ չի լինելու, բայց եթե վերադառնանք երեք միավորով, դա հրաշալի կլինի»։

Ֆլիկը՝ Էրիկ Գարսիայի մասին.

«Այո, անցած մրցաշրջանում պաշտպանության առաջնորդն Ինյիգո Մարտինեսն էր, իսկ հիմա շատ գոհ եմ Էրիկից, Կուբարսիից և Ռոնալդից, որոնք շատ լավ հանդես եկան Էլչեի դեմ։ Նաև հրաշալի տարբերակ է Ժերարդ Մարտինը»։

Ֆլիկը՝ Դե Յոնգի և Կասադոյի մեկ քարտից հեռացման վտանգի մասին.

«Կարծում եմ՝ այո՝ Դե Յոնգը և Կասադոն ռիսկային իրավիճակում են, բայց ով ներկա է, կարող է խաղալ վաղը»։

Լևանդովսկին՝ թիմում ինչ-որ բան պակասելու մասին.

«Ընդհանուր առմամբ, դա այն է, ինչ մարզիչն ասաց՝ մեզ պակասում է կայունությունը, հատկապես վնասվածքներից վերադարձած խաղացողների հետ։ Անցած տարի մեր խաղը իր գագաթնակետին էր, իսկ դա կրկնելը հեշտ չէ։ Մենք նորից սկսում ենք զրոյից, բայց ցանկություն ունենք, ուզում ենք հաղթել։ Ֆուտբոլում երբեմն կարևոր չէ՝ ինչպես ես խաղում, պարզապես պետք է հաղթես։ Վստահ եմ՝ մենք կվերադառնանք մեր լավագույն խաղին և հաղթանակները չքնաղ կլինեն։ Եթե ուժեղ խաղանք, կարող ենք տիտղոսներ նվաճել»։

Ֆլիկը՝ թիմի ընթացիկ ֆիզիկական վիճակի մասին.

«Չենք կարող համեմատել անցած մրցաշրջանի հետ, քանի որ հիմա մի քանի վնասված խաղացողներ ունենք։ Անցած տարի Ռաֆինյան, Լևան և Լամինը հասանելի էին։ Հիմա նրանք վերականգնվում են, պետք է տեսնենք՝ ինչպես կզարգանա»։

Ֆլիկը՝ համոզիչ հաղթանակի անհրաժեշտության մասին.

«Ինչպես արդեն ասել եմ, պետք է հաղթենք երեք միավորով։ Հեշտ խաղեր չկան՝ պետք է լավ տրամադրվածություն ունենանք։ Էլչեի դեմ վերադարձան Ռոբերտը և Օլմոն։ Այսօր հիանալի, բարձր որակի մարզում անցկացրինք՝ դա լավ նշան է, բայց հեշտ չի լինելու»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։