Բարսելոնայի աստղը զայրացած է ֆուտբոլային հանրության վրա
Ռաֆինյան (28 տարեկան) դարձել է GQ Hype ամսագրի նոր շապիկի հերոսը։ Բարսելոնայի առանցքային խաղացողը, Mundo Deportivo-ին տվել է հարցազրույց, որտեղ խոստովանում է իր մեծ հիասթափությունը՝ կապված վերջին Ոսկե գնդակը չհաղթելու հետ։
Ռաֆինյան զբաղեցրել էր հինգերորդ տեղը՝ Դեմբելեից, Լամին Յամալից, Վիտինյայից և Սալահից հետո։ Ստորև ներկայացված են բրազիլացու հարցազրույցի լավագույն մեջբերումները։
Իր կարիերայի լավագույն պահն ապրելու մասին
«2024/25 մրցաշրջանը շատ առանձնահատուկ էր՝ հետևողական ելույթներով, կարևոր գոլերով և անհատական ճանաչումներով, իսկ 2025/26 մրցաշրջանը ուժեղ սկսելը ինձ ավելի մեծ վստահություն է տվել։ Այս պահը յուրահատուկ է դարձնում տեխնիկական աճի, կուտակված փորձի և մտավոր հավասարակշռության համադրությունը։ Այսօր զգում եմ, որ կարող եմ ավելի ազատ խաղալ, ավելի լավ կարդալ խաղը և ավելի հասուն կերպով կառավարել ճնշումը»։
«Բրազիլիայի հետ Աշխարհի գավաթը հաղթելը կլինի իմ կարիերայի ամենամեծ երազանքը։ Մանուկ հասակից, Ռեսթինգայի փողոցներում մերկ ոտքերով խաղալիս, ես երազում էի այդ պահի մասին՝ ներկայացնել իմ երկիրը ամենամեծ բեմում և պայքարել գոյություն ունեցող ամենակարևոր տիտղոսի համար։ Դա ամենօրյա մոտիվացիա է»։
«Բրազիլիայի համար խաղալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ ճնշում է ենթադրում։ Բրազիլիայում ֆուտբոլն իսկապես կրոնի պես է, և ակնկալիքները միշտ չափազանց բարձր են»։
Բարսելոնայում հարմարվելու մասին
«Ամենադժվարը ճնշումն ու ակնկալիքներն էին։ Բարսելոնան հսկա է, և այստեղ գալ նշանակում էր, որ պետք է անմիջապես ապացուցեմ իմ արժեքը»։
Ոսկե գնդակի մասին
«Դա անձնական հիասթափություն էր։ Երբ այդքան ես տրվում, ամեն օր աշխատում ես և զգում, որ ունեցել ես անհավանական մրցաշրջան, բնականաբար ակնկալում ես լինել լավագույնների մեջ։ Հինգերորդ տեղում ավարտելը պատիվ էր, իհարկե, բայց իմ ակնկալիքներն ավելի բարձր էին»։
Լամին Յամալի հետ մրցակցության մասին
«Ոչ, այդ մրցակցությունը պարզապես գոյություն չունի… Իրականում մեր միջև գոյություն ունի փոխադարձ ցանկություն՝ առավելագույնս հանդես գալու, մեկմեկու առաջ մղելու և թիմի հաջողությանը նպաստելու։ Մենք մարտահրավեր ենք նետում միմյանց դաշտում, բայց միշտ կառուցողական, երբեք անձնական չէ։ Ֆուտբոլից դուրս մեր հարաբերությունները շատ ամուր են։ Մենք կիսում ենք ուրախություն , փորձ և աջակցում ենք միմյանց մարզադաշտից ներս և դուրս։ Ինձ թվում է, թե Լամինն ընտանիքի անդամ է»։
Հիացմունքի արժանի խաղացող
«Եթե պետք է ընտրեմ մեկին, կասեմ Նեյմար։ Մոտիկից տեսնել, թե ինչպես է նա հասկանում խաղը, նրա ինտելեկտը, պարզությունն ու այն, թե ինչպես է նա ջանք չխնայելով անում այնպիսի բաներ, որոնք անհնար են թվում ուրիշների համար… նա պարզապես այլ մակարդակի վրա է»։
Բարսելոնայում կարիերան ավարտելու ցանկությունը
«Այո՛, ես կցանկանայի դա։ Բարսելոնան ակումբ է, որն ինձ շատ բան է տվել, որն ինձ ընդունեց իմ կարիերայի շատ կարևոր պահին, և որտեղ ինձ տանն եմ զգում։ Եթե հանգամանքները թույլ տան, պատիվ կլինի իմ կարիերայի մնացած մասն անցկացնել այստեղ, տիտղոսներ նվաճել, օգնել ավելի երիտասարդներին և իմ հետքը թողնել ակումբի պատմության մեջ։ Բայց գիտեմ նաև, որ ֆուտբոլն անկանխատեսելի է, ուստի փորձում եմ ապրել ներկայով։ Առայժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է այս մարզաշապիկով ամեն օր իմ առավելագույն մակարդակը ցույց տալու վրա և թույլ տալու, որ ապագան գնա իր հունով»։
Երկրները, որ հետք ենք թողել իր կյանքում
«Իսպանիայում, ես սիրում եմ ապրելակերպը, ուտելիքը և այն, թե ինչպես են մարդիկ գնահատում ընտանիքը և սոցիալական կյանքը։ Ես սիրում եմ նաև այն կիրքը, որն ունեն իսպանացիները ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի նկատմամբ։ Դա մի մշակույթ է, որը շնչում է սպորտով, բայց նաև գիտի վայելել կյանքի պարզ բաները, և դա շատ է համապատասխանում ինձ։
Պորտուգալիան շատ կարևոր էր Եվրոպայում իմ հարմարվելու համար, Ֆրանսիան մշակութային մարտահրավեր էր, Անգլիան ինձ սովորեցրեց ինտենսիվության և կարգապահության մասին, բայց Իսպանիան այն վայրն է, որտեղ ես ինձ ամենահաստատվածն եմ զգում, ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական առումով»։
