ad-banner-1
Ֆերմին Լոպես-Բարսա-Բարսելոնա

Ֆերմին Լոպեսը անգլիական գրանդի թիրախում է

Վերջին ժամերին կրկին ակտիվացել են խոսակցությունները Բարսելոնայից սպասվող խոշոր տրանսֆերի մասին։ Ամենայն հավանականությամբ, հիմնական թիրախը կիսապաշտպանության գիծն է։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ակումբը, թեև ակտիվորեն չի փորձում որևէ մեկին վաճառել, սակայն պատրաստակամ է քննարկել գրավիչ առաջարկները, մանավանդ եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա հեռանալ։ Այս համատեքստում առանձնանում են Մարկ Կասադոյի և Ֆերմին Լոպեսի անունները, քանի որ Հանսի Ֆլիկի թիմում նրանց տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ։

Մանչեսթեր Յունայթեդի խոշոր առաջարկը

Ըստ SPORT-ի՝ Մանչեսթեր Յունայթեդն արդեն անցել է գործնական քայլերի և պատրաստվում է Ֆերմինի համար ներկայացնել 70 մլն եվրոն գերազանցող առաջարկ։

Այս մասին տեղյակ են թե՛ Բարսելոնան, թե՛ ֆուտբոլիստի ներկայացուցիչները։ Թեև գործընթացը դեռ սկզբնական փուլում է, տրանսֆերի կայացումն առաջիկա շաբաթներին իրատեսական է դառնում։ Ակումբի ղեկավարության շրջանում շատերն են հակված վաճառքի գաղափարին, եթե առաջարկը լինի բավականաչափ խոշոր։

Իսպանացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն կար դեռ ամռան սկզբից։ Նրա ներկայացուցիչները հաստատել էին մի քանի ակումբների հետ շփումները, սակայն կիսապաշտպանը մշտապես պնդել է, որ ցանկանում է մնալ Բարսելոնայում։

Նախկինում նրա ծառայություններով հետաքրքրվել են նաև Չելսին, Արսենալը և Սաուդյան Արաբիայի մի ակումբ, բայց բանակցությունները լուրջ փուլ չեն մտել։

Մանչեսթեր Յունայթեդի հետաքրքրությունը վերջին օրերին կտրուկ աճել է։ Ֆերմինը համապատասխանում է մարզիչ Ռուբեն Ամորիմի խաղային տեսլականին, և նրա անունը քննարկվել է Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի բանակցությունների ժամանակ։

«Կարմիր սատանաները» պատրաստվում են լուրջ ֆինանսական քայլի՝ Ֆերմինին համոզելու համար՝ առաջարկելով գրեթե կրկնապատկել նրա աշխատավարձը, որպեսզի նա համաձայնի տեղափոխությանը։ Կիսապաշտպանն արդեն մերժել է Պրեմիեր լիգայի մի քանի առաջարկներ և շարունակում է դժկամությամբ վերաբերվել Բարսայից հեռանալու հեռանկարին։

Բարդ որոշում Բարսելոնայի համար

Բարսելոնայի համար 70 մլն եվրոյին մոտ առաջարկը բանակցություններ սկսելու լուրջ հիմք է։ Նման գործարքը կարող է միանգամից լուծել ֆինանսական խնդիրները՝ թույլ տալով գործել 1:1 կանոնով և գրանցել բոլոր նոր պայմանագրերն ու տրանսֆերները։

Ֆերմինը բարձր է գնահատվում Հանսի Ֆլիկի և մարզական տնօրինության կողմից ու համարվում է «Լա Մասիայի» հաջողության վառ օրինակ։ Սակայն փաստ է, որ կիսապաշտպանությունում խաղացողների գերհագեցվածություն կա, և մարզիչը դեմ չի լինի տրանսֆերին, եթե առաջարկն իրոք խոշոր լինի։

Ի վերջո, վերջնական որոշումը կայացնելու են ֆուտբոլիստը և նրա ներկայացուցիչները՝ հաշվի առնելով, որ ակումբը պատրաստ է նրան բաց թողնել։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել