ad-banner-1

Գորեցկան պատրաստ է վերամիավորվել Ֆլիկի հետ

Գերմանիայում Լեոն Գորեցկայի անունը սկսել են ակտիվորեն կապել Բարսելոնայի հետ այն բանից հետո, երբ Mundo Deportivo-ն հրապարակեց տեղեկություն խաղացողի հնարավոր ապագայի մասին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Պարբերականը հայտնել էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով կրկին աշխատել Հանսի Ֆլիկի գլխավորությամբ, իսկ այսօր Sky Sport Germany-ն հաստատում է, որ Բարսելոնան նրան ներառել է իր հետաքրքրությունների շրջանակում։

Լեոն Գորեցկայի (29 տարեկան) պայմանագրի ժամկետը Մյունխենի Բավարիայի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Գերմանացի կիսապաշտպանը ներկայումս լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ, ինչի պատճառով արդեն նոր թիմի տարբերակներ է դիտարկում։ Նրա համար առավել ցանկալի ուղղություններից մեկը հենց Բարսելոնան է, քանի որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը Հանսի Ֆլիկն է։

Վերջինիս հետ Գորեցկան ունի գերազանց հարաբերություններ․ նրանք միասին նվաճել են վեց տիտղոս՝ պատմական սեքստետը, իսկ ֆուտբոլիստը այդ թիմում ունեցել է առանցքային դեր։ Գորեցկան արդեն ազդակներ է փոխանցել մարզչի մերձավոր շրջապատին՝ հասկացնելով, որ պայմանագրի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միանալ թիմին։

Այս տեղեկության հրապարակումից մեկ շաբաթ անց Sky Sport Germany-ն գրել է. «Բարսելոնան Գորեցկային դիտարկում է որպես հնարավոր համալրում, եթե նա այս ամառ դառնա ազատ գործակալ»։

Հավելվում է, որ թեև վերջնական որոշում դեռ չկա, Բարսելոնայում ուշադիր հետևում են իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով խաղացողի և Հանսի Ֆլիկի ջերմ հարաբերությունները։ Նշվում է նաև Նապոլիի հետաքրքրության մասին։

Ներկայումս Բարսելոնան ունի կիսապաշտպանների բավական լայն ընտրանի՝ դե Յոնգ, Կասադո, Բերնալ, Պեդրի, Գավի, Օլմո և Ֆերմին, որոնց շարքին վերջին շրջանում միացել է նաև հենակետային դիրքում հանդես եկող Էրիկ Գարսիան։ Բացի այդ, Ֆլիկը վստահություն է ցուցաբերում նաև երիտասարդ Թոմի Մարկեսին։

Այդուհանդերձ, չի բացառվում, որ հաջորդ ամառ որոշ ֆուտբոլիստներ լքեն ակումբը՝ բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով, ինչը կարող է տեղ ազատել նորեկի համար։

Liana

Հեղինակ՝ Liana