ad-banner-1

Դեկուն խոստովանեց՝ նոր տրանսֆերները շատ ավելի ռիսկային են

Բարսելոնայում, չնայած բարելավված տրանսֆերային պայմաններին, դժվարին ժամանակներ են եղել։ Դեկուն TNT Sports-ին տված հարցազրույցում խոսել է ակումբին վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորության մասին։

Ի՞նչն է ավելի մեծ աշխատանք պահանջում՝ պայմանագրերի երկարաձգո՞ւմը, թե՞ նոր տրանսֆերները։

«Իրականում դրանք նույնն են։ Կարծում եմ՝ նոր տրանսֆերն ավելի մեծ աշխատանք է պահանջում, որովհետև այն ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն։ Երկարաձգումը նույնպես կարևոր է, քանի որ այն ռազմավարության մաս է, որը դու հասկանում ես։ Սակայն, երբ երկարաձգում ես հարաբերությունները հենց խաղացողի և նրա գործակալների հետ, այդ հարաբերություններն ավելի մտերիմ են դառնում։ Այդպիսով ձևավորվում են ավելի ճկուն հարաբերություններ. երբեմն դա հեշտ չէ, երբեմն մեզ մոտ չի ստացվում, բայց մեծամասամբ մենք հասել ենք հաջողության»։

Այժմ շատ է խոսվում այն մասին, թե արդյոք Բարսելոնան, հաշվի առնելով ֆինանսական արդար խաղի 1/1 կանոնը, կկարողանա՞ հաջորդ մրցաշրջանից սկսած ավելի ակտիվ լինել տրանսֆերային շուկայում։

«Կարծում եմ՝ նախ պետք է տարբերակել երկու տարբեր բաներ։ Մարդիկ հաճախ շփոթում են տնտեսական հարցը և ֆինանսական արդար խաղի կանոնները։ Իրականում, երբ նոր ղեկավարությունը եկավ, գոյություն ունեին մի շարք տնտեսական խնդիրներ՝ հատկապես աշխատավարձերի շատ բարձր ֆոնդը և սերնդափոխության հարցը։ Միևնույն ժամանակ ակումբը բախվեց նոր մարզադաշտ տեղափոխվելու մարտահրավերին, իսկ երբ տեղափոխվում ես նոր մարզադաշտ, եկամուտները նվազում են։

Միաժամանակ քո առջև խնդիր է դրված կրճատել աշխատավարձերը, բայց պայմանագրերը մեկ օրում չեն ավարտվում. պետք է սպասել, բանակցել, լուծումներ փնտրել։ Եվ այս ամենին զուգահեռ՝ թիմի ձևավորումը։ Որովհետև մրցունակ թիմը մարդկանց չի գրավի, եթե չի պայքարում, իսկ մրցունակ թիմի ստեղծումը հույզեր է առաջացնում, և երկրպագուները ցանկանում են ապրել այդ խաղերով։ Կարծում եմ՝ այս ամենը տեղի էր ունենում միաժամանակ։

Այստեղ ճիշտ որոշումների խառնուրդ էր։ Ակումբում կայացվեցին տնտեսական որոշումներ, և դրանք ամենածանր տարիներն էին, քանի որ դու 97 կամ 95 հազար հանդիսական տարողությամբ Կամպ Նոուից տեղափոխվում ես 47 հազարանոց մարզադաշտ, որտեղ հասկանում ես, որ քո երկրպագուների մեծ մասը չի գնա, քանի որ դա ավելի բարդ է, իսկ հասնելն էլ՝ դժվար։ Նշանակում է՝ դու կորցնում ես եկամուտներ, կորցնում ես մի շարք բաներ, և քո առջև թիմ կառուցելու մարտահրավերն է։

Կարծում եմ՝ կատարված ձեռքբերումները, լինի դա Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին, Կունդեն, թե հենց սկզբում՝ Քրիստենսենը, որոշակի կայունություն տվեցին։ Բարսելոնան ապրում էր մի շրջան, երբ կային կա՛մ երեսունից բարձր տարիք ունեցող խաղացողներ, կա՛մ շատ երիտասարդներ՝ քսանից ցածր, այսինքն՝ տարիքային մեծ տարբերություն կար։ Կարծում եմ՝ այս խաղացողները որոշակի հավասարակշռություն տվեցին։

Դրանից հետո իմ պաշտոնի ստանձնումը շատ օգնեց առօրյա կյանքը տեսնելու և հասկանալու համար, թե ինչ է ֆուտբոլը և շուկան։ Ինձ օգնեց այն, որ երկար տարիներ աշխատել եմ այս ոլորտում։ Օգնեց նաև ավելի լավ հասկանալ, թե ինչ ունես տանը։ Դա ամենակարևորն է, քանի որ երբեմն, երբ դու գտնվում ես այնպիսի ակումբում, ինչպիսին Բարսելոնան է, բոլորը խոսում են միայն տրանսֆերների մասին, այնպես չէ՞։

Բայց երբեմն պետք է նայել նրան, ինչ ունենք այստեղ, որովհետև հնարավոր է՝ եթե ես ունեմ խաղացողներ, որոնք արդյունք են տալիս, ինչո՞ւ պետք է դուրս գամ շուկա և ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանագիր կնքեմ։ Դա նաև երկարաժամկետ թիմ չի ստեղծում։ Այնպես որ, կարծում եմ՝ մենք դա արեցինք։ Դա նման էր ներքին ռեսուրսներին նայելուն, դետալներին ավելի շատ ուշադրություն դարձնելուն և խաղացողների աճի իրական ներուժը տեսնելուն։

Ամեն ինչ ընթանում է բնական ճանապարհով։ Պայմանագրերի երկարաձգումները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ակումբը ցանկանում է պարզապես բարձրացնել խաղացողի կարգավիճակը, այլ որովհետև դրանք ռազմավարության մաս են։ Խաղացողները հանդես են գալիս լավ, տալիս են արդյունք, ուստի դու նայում ես տարիքին և տեսնում ես կայունություն առաջիկա տարիների համար։

Կարծում եմ՝ այսօր մեզ հաջողվել է նորից կառուցել մրցունակ թիմ, որը կարող է պայքարել տիտղոսների համար և կարող է երազել՝ ունենալով գլխավոր մրցակից, որը Ռեալ Մադրիդն է։ Երբ խոսում ենք տրանսֆերների մասին, կարծում եմ՝ դրանք կարևոր էին իրենց ժամանակին։ Մեզ ժպտաց հաջողությունը թիմին անհրաժեշտ ճիշտ ընտրություն կատարելու հարցում, լինի դա Դանի Օլմոն, թե Պաու Վիկտորը։ Նաև շուկայում Ժոաու Կանսելուի հնարավորությունը։

Ակումբի վերականգնումն իրականացվել է այն վարկունակությունը ստանալու համար, որն ունենք այսօր։ Վարկունակությունն այն է, երբ դու դուրս ես գալիս շուկա, և խաղացողները ցանկանում են գալ, ցանկանում են լինել Բարսելոնայում։ Կարծում եմ՝ սա կարևոր է»։

Ինչպե՞ս եք գնահատում Բարսելոնայի շանսերը Չեմպիոնների լիգայում։ Հնարավո՞ր է նրանց համարել ֆավորիտներից մեկը։

«Նախ, ինձ թվում է, որ «ֆավորիտ» հասկացությունը շատ հարաբերական է։ Փարիզ Սեն-Ժերմենը անցյալ տարի ֆավորիտ չէր համարվում, բայց նրանք հասան խոր փուլերի։ Մենք տեսանք, թե ինչպես Արսենալը պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին, որը վերջերս էր փոխել մարզչին։ Դա ապացուցում է մակարդակն ու պահանջները, ինչպես նաև հաղթանակների դժվարությունն այս մրցաշարում։

Ես չեմ մտածում՝ ֆավորիտ ենք մենք, թե ոչ, նման կատեգորիաներով։ Կարծում եմ՝ ինչպես երկու տարի առաջ մենք հասանք քառորդ եզրափակիչ, անցյալ տարի՝ կիսաեզրափակիչ, մեզ հաջողվել է պահպանել թիմի նույն հիմքը և, հնարավոր է, նույնիսկ ինչ-որ բան բարելավել որակի առումով։

Կարևոր է այն, թե ինչ վիճակում կմոտենանք վճռորոշ փուլին։ Դեկտեմբերի վերջից մինչ այժմ մենք շատ լավ առաջընթաց ունենք թե՛ արդյունքների, թե՛ խաղի որակի առումով։ Սա թիմի լավագույն պահն է մրցաշրջանում։ Եթե սա շարունակվի մինչև Չեմպիոնների լիգայի վճռորոշ մասը, կարծում եմ՝ մենք կլինենք մրցունակ։ Այս կայունությունն է մեզ պետք, որպեսզի նորից կարողանանք երազել և հաղթել Չեմպիոնների լիգան»։

Երբ Նեյմարը հեռացավ Ալ Հիլալից, նրա մասին շատ էր խոսվում։ Շատ էր խոսվում նաև Բարսելոնայի մասին՝ այս ակումբի հետ ունեցած պատմական կապի պատճառով։ Արդյո՞ք կար նրա վերադարձի իրական հնարավորություն։

«Կարծում եմ՝ ոչ։ Իրականում՝ ոչ, և դա ոչ թե այն պատճառով, որ դա անհնար էր որակական տվյալների կամ ժամկետների տեսանկյունից։ Այո՛, տեխնիկապես դա հնարավոր էր, և ստեղծված իրավիճակում Նեյմարը շատ կօգներ, բայց հարցը բարդ էր նաև ֆինանսական տեսանկյունից՝ հաշվի առնելով ֆինանսական արդար խաղի կանոնները։ Քննարկումը նույնիսկ չհասավ էությանը, որովհետև, կարծում եմ, երբ քննարկում ես մի թեմա, որը կանխավ գիտես, որ չես կարող լուծել, ավելի լավ է երկար չսևեռվել դրա վրա։ Ճշմարտությունն այն է, որ մենք այդպես էլ չհանգեցինք միանշանակ որոշման»։

Liana

Հեղինակ՝ Liana