Բարսելոնան և Ռեալ Մադրիդը կպայքարեն կիսապաշտպանի տրանսֆերի համար
Բարսելոնան չափազանց ակտիվ է գործում ընթացիկ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բլաուգրանան պատրաստվում է պայմանագիր կնքել չորս երիտասարդ խաղացողների հետ: Այդ տրանսֆերներն իրականացվում են՝ աչքի տակ ունենալով ապագայի հեռանկարը: Այդ ֆուտբոլիստներից մեկը Ռասինգ Սանտանդերի երիտասարդ կիսապաշտպան Սերխիո Մարտինեսն է: Ըստ AS պարբերականի՝ Մարտինեսի համար կարող է իսկական տրանսֆերային Կլասիկո սկսվել, քանի որ Ռեալը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։

Թիմերը արդեն իսկ պաշտոնական առաջարկ են ներկայացրել Ռասինգին՝ 18-ամյա կիսապաշտպանի համար: Երկու ակումբների նախնական գաղափարը հետևյալն է. նրանք ցանկանում են ֆուտբոլիստին վարձակալել մինչև հունիսի 30-ը՝ իրենց պահեստային թիմերի համար:
Գործարքը պետք է ներառի նաև գնման իրավունք: Այնուամենայնիվ, ակումբները բաց են նաև Ռասինգի սանին միանգամից հիմնական տրանսֆերով ձեռք բերելու տարբերակի առաջ: Սերխիո Մարտինեսը ստեղծագործ կիսապաշտպան է: Նա կարող է հանդես գալ դաշտի կենտրոնի տարբեր դիրքերում: Նա մեծ տպավորություն է թողել նախամրցաշրջանային փուլում և ներգրավված է եղել առաջին թիմի կազմում:
