ad-banner-1

91 գոլ մրցաշրջանում․ Բարսելոնայի հարձակողական առավելությունը Եվրոպայում

Կոպենհագենի նկատմամբ տարած հաղթանակից հետո Բարսելոնան գրանցեց ոչ ցանկալի ցուցանիշ՝ Չեմպիոնների լիգայում 11 հանդիպում անընդմեջ բաց թողնելով գոլ։ Սակայն պաշտպանությունում առկա խնդիրների կողքին կատալոնական ակումբը այս մրցաշրջանում ակնհայտորեն փայլում է հարձակման գծում՝ դառնալով Եվրոպայի երկրորդ ամենաարդյունավետ թիմը։

Ուժ, որի հետ պետք է հաշվի նստել

Mundo Deportivo-ի հավաքագրած տվյալների համաձայն՝ Բարսելոնան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 91 գոլ՝ զիջելով միայն Բավարիային (106 գոլ)։

Կատալոնացիները զգալիորեն առաջ են անցել իրենց գլխավոր եվրոպական մրցակիցներից՝ շրջանցելով Մանչեսթեր Սիթիին (81), ՊՍԺ-ին (81) և սկզբունքային մրցակից Ռեալ Մադրիդին (78)։

Բարսելոնայի հարձակման ուժի առանձնահատկությունն այն է, որ թիմը կախված չէ մեկ խաղացողից։ Եթե Ռեալ Մադրիդը մեծապես ապավինում է Կիլիան Մբապեին (40 գոլային գործողություն), իսկ Բավարիան՝ Հարի Քեյնին (39), ապա Ֆլիկի թիմում հարձակումը կոլեկտիվ բնույթ է կրում։

Այս մրցաշրջանում Բարսելոնայի ութ տարբեր խաղացողներ գրանցել են ավելի քան 10 գոլային գործողություն։ Համեմատության համար՝ Ռեալ Մադրիդը, Մանչեսթեր Սիթին, Բավարիան և ՊՍԺ-ն ունեն ընդամենը հնգական նման ֆուտբոլիստ։

Հարձակման առաջատարը Լամին Յամալն է՝ 24 գոլային գործողությամբ (12 գոլ, 12 ասիստ)։ Նրան հաջորդում են Ֆերմին Լոպեսը՝ 21, և Մարկուս Ռեշֆորդը, ով տպավորիչ մրցաշրջան է անցկացնում՝ 19 ցուցանիշով (9 գոլ, 10 փոխանցում)։

Ցուցակը շարունակվում է Ռաֆինյայով (18), Ֆեռան Տոռեսով (16), Ռոբերտ Լևանդովսկիով (13), Դանի Օլմոյով (11) և Պեդրիով (10), որոնք նույնպես էական ներդրում են ունեցել թիմի արդյունավետության մեջ։

Այս պատասխանատվության լայն բաշխումը չափազանց կարևոր է եղել Հանսի Ֆլիկի համար, հատկապես հաշվի առնելով, որ հարձակման գծում վնասվածքներից խուսափել են միայն Մարկուս Ռեշֆորդը և Ռունի Բարդաղջին։

Anna

Հեղինակ՝ Anna