Բարսելոնայի հայտացուցակը Ռեալ Մադրիդի դեմ խաղում
Բարսելոնան հերթական հանդիպումն է անցկացնելու Լա Լիգայի շրջանակներում։
Շաբաթվա սկզբին կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Օլիմպիակոսի նկատմամբ, և թիմում դեռ թարմ է հաղթական ոգին։
Այժմ բլաուգրանաները պատրաստվում են ամենասպասված խաղին․ վաղը՝ 19:15-ին, նրանք կմրցեն Ռեալ Մադրիդի հետ։ Սակայն առաջիկա Էլ Կլասիկոյին թիմը մոտենում է լուրջ կորուստներով։
Այսօր պարզ դարձավ, որ Ռաֆինյան, ում վերադարձը նախատեսված էր հենց այս հանդիպմանը, վնասվածքի ծանրության պատճառով չի կարողանա մասնակցել խաղին։ Բացի նրանից, թիմը զրկված է նաև Գավիի, Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Ժոան Գարսիայի և Դանի Օլմոյի օգնությունից։
Հայտացուցակում տեղ չի գտել նաև Անդրեաս Քրիստենսենը, ով, ի տարբերություն մյուսների, վնասվածք չունի, սակայն մարզչական որոշմամբ դուրս է մնացել կազմից։
Այս բացակայությունների ֆոնին Հանսի Ֆլիկը ստիպված է փոփոխություններ կատարել հարձակման և կիսապաշտպանության գծերում՝ փորձելով պահպանել թիմի մարտավարական հավասարակշռությունը։
𝑺𝑸𝑼𝑨𝑫 𝑳𝑰𝑺𝑻 🚨#ElClásico pic.twitter.com/o9LOCDmBNv
— FC Barcelona (@FCBarcelona) October 25, 2025
Բարդ իրավիճակը խորացնում է նաև այն հանգամանքը, որ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը, ստացած կարմիր քարտի պատճառով, չի կարողանա ղեկավարել թիմը դաշտի եզրից Էլ Կլասիկոյի ընթացքում։ Նրա բացակայության պայմաններում թիմին խաղի ընթացքում ղեկավարելու է երկրորդ մարզիչ Մարկուս Զորգը։
Մարզչի համար հատկապես բարդ է կենտրոնական հարձակվողի ընտրությունը, քանի որ վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի նաև Ռոբերտ Լևանդովսկին։ Բարեբախտաբար, թիմի կազմ է վերադարձել Ֆեռան Տոռեսը, որը միջազգային դադարի ընթացքում անհարմարություն էր զգացել և որոշ ժամանակ բաց էր թողել մարզումները։
Սակայն դեռ պարզ չէ՝ նա կհայտնվի արդյոք մեկնարկային կազմում։ Այս պայմաններում Բարսելոնայի հայտացուցակում ընդգրկվել են մի շարք երիտասարդ խաղացողներ։ Ռունին և Դրոն, որոնք փայլեցին Օլիմպիակոսի դեմ հանդիպման ժամանակ, կրկին հնարավորություն են ստացել ապացուցելու իրենց լավագույն որակները։
