ad-banner-1

Բարսելոնան աստղային տրանսֆեր է նախատեսում

Ինչպես արդեն հայտնի է, Բարսելոնան 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթ խնդիր է համարում ձախլիկ կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը։ Թեև վերջին հանդիպումներում Ժերար Մարտինը կարողացել է իրեն դրսևորել որպես հուսալի տարբերակ այդ դիրքում, Հանսի Ֆլիկն ու ակումբի ղեկավարությունը համոզված են, որ թիմին անհրաժեշտ է ավելի փորձառու և բարձրակարգ պաշտպան։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ SPORT-ի, երջին ամիսներին որպես հնարավոր թեկնածուներ քննարկվում էին Նիկո Շլոտերբեքի և Պաու Տոռեսի անունները, սակայն այս շաբաթ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբի հիմնական թիրախը Միլանի Ինտերի և Իտալիայի հավաքականի առաջատար պաշտպան Ալեսանդրո Բաստոնին է։

Իտալացի պաշտպանը արդեն իսկ արձագանքել է իր անվան շուրջ տարածված խոսակցություններին։ Իտալիայի Սուպերգավաթի Ինտեր – Բոլոնիա կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է. «Այս լուրերն ինձ հպարտության զգացում են տալիս։ Ես էլ եմ դրանք կարդում, ինչպես դուք։ Դա նշանակում է, որ ես լավ եմ կատարում իմ աշխատանքը, բայց այս պահին դրանից ավել ոչինչ չկա»։

Միևնույն ժամանակ Բաստոնին ընդգծել է, որ լիովին կենտրոնացած է Ինտերում իր ելույթների վրա և չի մտահոգվում մամուլում շրջանառվող տեղեկություններով. «Ես երջանիկ եմ Ինտերում, այստեղ որևէ խնդիր չունեմ։ Նորություններին առանձնապես չեմ հետևում»։

Ալեսանդրո Բաստոնին համարվում է աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է մոտ 80 միլիոն եվրո։ Նա առանցքային դեր է խաղացել նախորդ մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմի հաջող ելույթներում, որոնք ամրապնդվեցին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելով։ Այդ ճանապարհին ներաձուրիները հաղթել էին Բարսելոնային։

Չնայած կատալոնական ակումբի հետաքրքրվածությանը՝ ներկայիս ֆինանսական պայմաններում Բարսելոնայում գնահատում են, որ նման գործարքն առայժմ դժվար իրագործելի է։ Բացի այդ, Բաստոնիի պայմանագիրը Ինտերի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը միլանյան գրանդին։

Liana

Հեղինակ՝ Liana