ad-banner-1

Անդրես Ինյեստա. «Դա համեմունք է ավելացնում Կլասիկոյին»

Էլ Կլասիկոյին ընդառաջ Լամին Յամալի շուրջ աղմուկը չի հանդարտվում։ Բարսելոնայի երիտասարդ վինգերը վերջերս Ռեալ Մադրիդին մեղադրել էր «խաբեության» մեջ, ինչը դժգոհություն էր առաջացրել ինչպես սերուցքայինների ճամբարում, այնպես էլ որոշ մարդկանց հենց Բարսայի ներսում՝ հայտարարությունը որակելով «անմտություն»։ Ըստ լուրերի՝ Դանի Կարվախալը նախատեսում է հանդիպումից հետո անձամբ խոսել ֆուտբոլիստի հետ։

Սակայն այս իրավիճակում Յամալը ստացել է կարևոր աջակցություն ակումբի լեգենդներից մեկի՝ Անդրես Ինյեստայի կողմից։ Մասնակցելով Առողջապահական հաղորդակցության միջազգային համագումարին՝ Ինյեստան Mundo Deportivo-ի հետ զրույցում նշեց, որ Յամալի խոսքերը պետք է ընկալել որպես փորձ՝ Կլասիկոյին ավելի մեծ հետաքրքրություն հաղորդելու։

«Դա պարզապես մեկնաբանություն է, որը մի փոքր համեմունք է ավելացնում Կլասիկոյին»,– նշել է Ինյեստան։ «Անկախ ասվածից, մեզ սպասվում է տպավորիչ հանդիպում։ Միշտ չափից շատ նշանակություն է տրվում նախախաղային խոսքերին, բայց իրականում կարևորն այն է, ինչ տեղի է ունենում այդ 90 րոպեների ընթացքում»։

Ինյեստան ընդգծել է, որ Էլ Կլասիկոն գերազանցում է ցանկացած հայտարարություն, որը կարող է արվել ֆուտբոլիստի կամ պաշտոնյաների կողմից․ «Ինձ համար Կլասիկոն աշխարհի ամենամեծ խաղն է»։

Բարսելոնայի նախկին կիսապաշտպանը նաև բարձր է գնահատել Պեդրիի խաղը՝ նշելով, որ նա շարունակում է ապացուցել իր առանձնահատկությունը թե՛ ակումբում, թե՛ Իսպանիայի հավաքականում։

«Պեդրին Պեդրի է։ Մեր ժամանակներում էլ միշտ համեմատություններ են եղել։ Բայց նա իր ուղին է կառուցում, իր տաղանդով ու այն մեծ կարևորությամբ, որ արդեն ունի Բարսայում և հավաքականում։ Ինձ համար նա ամենաազդեցիկ խաղացողն է՝ իմ ընկալմամբ՝ այն ինչ պետք է ներկայացնի ֆուտբոլիսը։ Հուսով եմ՝ այս ընթացքը կշարունակվի՝ մեծ օգուտ տալով Բարսային»,– հավելել է Ինյեստան։

Վերջում լեգենդը ևս մեկ անգամ բացահայտել է իր ցանկությունը՝ ապագայում վերադառնալ Բարսելոնա. «Ես երբեք չեմ թաքցրել, որ կուզենայի մի օր վերադառնալ Բարսա»,– ասել է նա՝ նշելով, որ այդ վերադարձի համար դեռ ժամանակ ունի։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։