Բարսելոնան ստացել է կարևոր լավ նորություն
Carrusel Deportivo-ի եթերում Սանտի Օվալլեի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Բարսելոնայի հարձակվող Ֆեռան Տոռեսը մոտ է վերադարձին և կարող է ընդգրկվել չորեքշաբթի կայանալիք Չեմպիոնների լիգայի վճռորոշ՝ Կոպենհագենի դեմ խաղի հայտացուցակում։
Թեև վերջնական որոշում դեռ չկա, նրա հնարավոր վերադարձը ակումբում զգուշավոր լավատեսություն է առաջացրել։ Ֆեռանը շարքից դուրս էր մնացել այս ամսվա սկզբից՝ Ռեալ Սոսիեդադի դեմ կրած պարտության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։ Այդ ժամանակ բժշկական հետազոտությունները կանխատեսում էին մոտ տասնօրյա վերականգնողական փուլ։
Բարսելոնայի բժշկական անձնակազմը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում․ ծրագրված է, որ Ֆեռանը կմիանա խմբին և կստուգի իր ուժերը ընդհանուր մարզումների ժամանակ։ Եթե նրա ֆիզիկական զգացողությունները դրական լինեն, նա կստանա «կանաչ լույս»՝ խաղին մասնակցելու համար։ Սակայն անգամ չնչին կասկածի դեպքում ակումբը պատրաստ է հետաձգել նրա վերադարձը մինչև շաբաթ օրը կայանալիք Էլչեի դեմ լիգայի հանդիպումը։
Հարկ է նշել, որ այս երկուշաբթի Ֆեռանը դեռ չի մարզվել խաղադաշտում և աշխատել է բացառապես մարզասրահում։ Ուստի ֆուտբոլիստին շուտափույթ վերադարձնելու մտադրություն չկա՝ հաշվի առնելով մրցաշրջանի այս փուլում վնասվածքի կրկնվելու ռիսկը։
Չնայած դրան, ակումբում առկա է չափավոր լավատեսություն Չեմպիոնների լիգայի խաղին նրա մասնակցության վերաբերյալ։ Եթե Ֆեռանն ի վերջո թույլտվություն ստանա, դա կլինի խիստ անվտանգության կանոնների պահպանմամբ, քանի որ Բարսելոնան առաջնահերթությունը տալիս է խաղացողի երկարաժամկետ առողջությանը։
Հանսի Ֆլիկի համար Ֆեռանի վերադարձը ժամանակին արված համալրում կլինի, քանի որ Բարսելոնան Եվրոպայում վճռորոշ գիշեր է անցկացնելու, որտեղ հաղթանակը ոչ միայն անհրաժեշտ է, այլև կարող է բախտորոշ լինել։ Կապտանռնագույնները ձգտում են հայտնվել Չեմպիոնների լիգայի լավագույն ութնյակում՝ 1/8 եզրափակիչի ուղղակի ուղեգիր ապահովելու համար։ Այդ նպատակն ունի լրացուցիչ պահանջ՝ հաղթել հնարավորինս մեծ հաշվով։
Ֆեռանի առկայությունը Բարսելոնային կտա կազմի ռոտացիայի ավելի մեծ հնարավորություն և հարձակման բազմազանություն՝ մի պահի, երբ յուրաքանչյուր գոլ կարող է նշանակություն ունենալ։
