Օլմոն ՉԼ-ի նախօրեին. «Դեռ շատ բան կա բարելավելու, լավագույնը առջևում է»
Դանի Օլմոն պատասխանել է լրատվամիջոցների հարցերին Կոպենհագենի դեմ խաղի նախօրեին։ Ճեպազրույցը` ըստ AS-ի.
Ի՞նչ զգացողություններ ունեք Կոպենհագենի դեմ խաղից առաջ։ Հետևելո՞ւ եք մյուս հանդիպումների արդյունքներին։
«Մենք պատրաստվել ենք խաղին նույն կերպ, ինչպես միշտ։ Մենք հաճախ ենք հասնում մրցակցի դարպասին և պահեր կունենանք։ Նպատակը հաղթելն է, նախ՝ հաղթել, իսկ հետո խփել հնարավորինս շատ գոլեր։ Մյուս հանդիպումները մեզ չեն հետաքրքրում»։
Գուցե Ձեզ տրվի ավելի հետ քաշված դիրքում խաղալու դեր։ Դա շա՞տ բան է փոխում։
«Դա այլ դեր է։ Մենք ունենք նաև այլ խաղացողներ, ովքեր կարող են խաղալ այդտեղ, ինչպիսիք են Բերնալը, Կասադոն, Էրիկը… Դա մի դիրք է, որտեղ ես արդեն խաղացել եմ և՛ այս մարզչի օրոք, և՛ այլ թիմերում։ Խնդիր չի լինի»։
Ինչպիսի՞ն է Ձեր փոխըմբռնումը Ֆերմինի հետ։
«Շատ ուրախ եմ նրա համար։ Նա անհավանական խաղացող է և հիանալի թիմակից։ Սա լավ նորություն է ակումբի և հանդերձարանի համար։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք խաղադաշտում. հիմա երկուսով միասին խաղալու ավելի շատ հնարավորություններ ունենք և ապացուցել ենք, որ համատեղելի ենք»։
Արդյո՞ք սա Ձեր լավագույն ամիսն էր Բարսելոնայում հայտնվելուց ի վեր։
«Գոհ եմ, բայց դեռ կարող եմ ցուցադրել իմ ավելի լավ տարբերակը։ Ես ավելի շատ խաղաժամանակ եմ ունեցել և ավելի դիպուկ եմ եղել։ Դեռ շատ ասպեկտներում կարող եմ բարելավել խաղս, իսկ մրցաշրջանի լավագույն հատվածը դեռ առջևում է։ Ցանկանում եմ շարունակել հաղթել և ուրախություն պարգևել երկրպագուներին»։
Դրոն հեռացել է ակումբից։ Արդյո՞ք այսօրվա երիտասարդներն ավելի քիչ համբերատար են։
«Յուրաքանչյուրն ունի իր դրդապատճառները։ Ես ունեի իմը, հիմա Դրոն ունի իրենը։ Ցավալի է, որովհետև նա ակումբի համար կարևոր ներդրում էր և արդեն մեզ հետ էր՝ առաջին թիմի դինամիկայում, բայց դա նրա որոշումն է։ Մնում է նրան լավագույնը մաղթել»։
Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև այս մրցաշրջանում։
«Նպատակը նախորդ մրցաշրջանի արդյունքները բարելավելն է։ Հաղթելն է։ Ամբողջ թիմը գիտի դա, և մենք ձգտում ենք դրան։ Յուրաքանչյուր խաղում նոր բաներ են ի հայտ գալիս, բայց «կատարյալ խաղ» խաղալը քեզ աճի տեղ չի թողնում»։
Կցանկանայի՞ք տուգանային հարվածներ իրացնելու հնարավորություն ունենալ։
«Ես այն խաղացողներից եմ, ովքեր հարվածում են տուգանայինները, անկյունայինները։ Խնդիր չունեմ այդ պատասխանատվությունը ստանձնելու հետ, բայց երբեմն նախընտրում ենք մարտավարական խաղարկումներ։ Դեռ գոլ չենք խփել այդպես, բայց կշարունակենք մարզվել։ Դա մեզնից է կախված»։
Ինչպե՞ս եք Ձեզ զգում ֆիզիկապես։
«Ինձ համար պարզ է, որ պետք է շարունակեմ նույն կերպ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Այս կայունությունն ինձ օգնում է շարունակել նույն ոգով։ Ես հետևում եմ այն ամենին, ինչը, իմ կարծիքով, ինձ օգուտ է տալիս»։
Կարելի՞ է համեմատել Լամին Յամալին Մեսսիի հետ։
«Փոխանցման մասին ոչինչ չե՞ք ասում (ծիծաղում է)։ Լամինն ունի իր ուղին, նա դա գիտի։ Նրան Մեսսիի հետ համեմատելը խենթություն է, թեև Լամինը հիասքանչ է, նա մեզ շատ բան է տալիս, բայց ապագայում էլ ավելին կտա։ Մենք այնտեղ ենք նրան օգնելու և ավելի լավը դարձնելու համար։ Եթե նա լավ է խաղում, թիմը հաղթում է. դա հավաքական աշխատանք է»։
Առանց Պեդրիի Դուք ավելի շատ պատասխանատվություն եք ստանձնո՞ւմ։
«Ինձ համար լավագույն դիրքը «տասնյակն» է, որտեղ ես ինձ լավագույնս եմ դրսևորում՝ գծերի միջև, բայց խնդիր չունեմ նաև այլ դեր ստանձնելու հարցում՝ ավելի շատ ազատությամբ։ Այդ դիրքում ես պետք է ավելի շատ վերահսկեմ խաղը և ստիպեմ թիմին խաղալ»։
Ժոան Գարսիան կարո՞ղ է օգնել ձեզ նվաճել Չեմպիոնների լիգան։
«Ժոանը մեծագույն դարպասապահ է։ Նա դա արդեն ապացուցել է այստեղ և ապացուցել էր Էսպանյոլում։ Նա օգնում է մեզ և դեռ կօգնի»։
Ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար Լա Մասիան։
«Այսքան շատ սեփական սաներ ունենալն ավելի մեծ արժեք ունի։ Մեզ համար, ովքեր այսքան երկար ժամանակ են անցկացրել այստեղ, առաջին թիմում այս զինանշանը պաշտպանելը լրացուցիչ մոտիվացիա է։ Դա երևում է ոչ միայն եզրափակիչներում, այլև յուրաքանչյուր խաղում։ Մանկապատանեկան թիմերից գալը մեծ առավելություն է»։
Ի՞նչ է պահանջում Ձեզնից Հանսի Ֆլիկը, որը չեն պահանջել այլ մարզիչներ։
«Նա պահանջում է, որ ես լինեմ ես։ Նա ինձ ճանաչում էր Բունդեսլիգայից և երբ եկա, ասաց, որ հենց դրա համար է ինձ բերել. իմ գիտելիքների, ճնշման տակ գնդակը վերահսկելու և տուգանային հրապարակ հասնելու կարողության համար։ Ինձնից է կախված շարունակել կատարելագործվել»։
